Հովհաննես Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ադամյան
Adamian.jpg
Ադամյանը աշխատանքի պահին
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Հովհաննես
Ծնվել է 1879, փետրվարի 5
Ծննդավայր Բաքու
Մահացել է 1932, սեպտեմբերի 12
Վախճանի վայր Լենինգրադ
Ազգություն Հայաստան Հայաստան
Գործունեություն Ճարտարագետ
Գործունեության տարիներ 1900 թ.
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Հովհաննես Ադամյան (1879, փետրվարի 5, Բաքու - 1932, սեպտեմբերի 12, Լենինգրադ), հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող։

Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգի հեղինակ [1]։

Կենսագրություն[խմբագրել]

Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում։ Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։

Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։

Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը)։ 1913 թ. վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Պետրոգրադ (Լենինգրադ) մինչև 1932 թ.։ Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտական փորձերը։ Այս ժամանակահատվածում նա ստացել է 21 արտոնագիր, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում։ 1918 թ. նա ստեղծեց Ռուսաստանում առաջին սարքը, որը ցուցադրում էր սև և սպիտակ պատկերներ (ստատիկ պատկերներ), ինչը մեծ քայլ էր հեռուստատեսության զարգացման բնագավառում [1]։

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։

1945–51 թթ. ԱՄՆԿոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53 թթ. Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։

Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։ Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները։ Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ։ Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է։

Ադամյանի աճյունը 1970 թ. Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից փոխադրվել է Երևանի քաղաքային պանթեոն։ Հովհաննես Ադամյանի անունն է կրել Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը։ [2]

1rightarrow.png  Տես նաև Հեռուստատեսություն 

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Ադամյան Հովհաննես Աբգարի - Սովետական Մեծ Հանրագիտարան
  2. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք I, հատոր 2, Երևան, 2009, էջ 7։

Արտաքին հղումներ[խմբագրել]