Հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովիտ

Հովիտ, ռելիեֆի երկայնաձիգ, բացասական ձև՝ առաջացած հոսող ջրի քայքայիչ գործունեության և երկրակեղևի տեկտոնական խախտումների հետևանքով։ ՀՀ տարածքին բնորոշ են լեռնային գետերի կիրճաձև (Որոտանի, Դեբեդի, Քասաղի), կանիոնաձև (Հրազդանի, Արփայի, Ազատի), V-աձև (Գետիկի ևն) հովիտները։ Առանձնանում են երկայնակի (Փամբակի, Ճորոխի), լայնակի-անտեցեդենտ (Արաքսի հովիտը Մեղրու մոտ) տեկտոնական հովիտները։ Որոշ լեռնային գետեր միջին և ստորին հոսանքներում առաջացնում են հարթավայրային, ողողատային հովիտներ (Արաքսը՝ Արարատյան դաշտում)։ Լեռնային շրջաններին բնորոշ են նաև տաշտակաձև-սառցադաշտային հովիտները (Մանթաշի, Ամբերդի ևն)։

ՀՀ տարածքի լեռնային գետերի հովիտները վերնագավառում հաճախ եզրավորվում են ջրհավաք ձագարներով և սառցադաշտային կրկեսներով։

Հարթավայրային գետերի ողողատները լավագույն խոտհարքներ են, դարավանդներն օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով։ Լեռնային գետերի հովիտներում հիմնադրում են բնակավայրեր։ Հովիտների լանջերը հիմնականում ծածկված են անտառներով։ Հովիտների ձևաբանական վերլուծության միջոցով պարզաբանում են տվյալ վայրի երկրաբանական զարգացման նորագույն պատմությունը, հայտնաբերում ցրոնային հանքավայրեր և համապատասխան եզրակացությունների հանգում հիդրոտեխնիկական կառույցներ նախագծելիս։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png