Հողօգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Land use duisburg.png
Ingiriya Land Use.jpg
Dual land use^^^ Little Rollright - geograph.org.uk - 213198.jpg

Հողօգտագործում, հողի օգտագործումը ավանդույթներով սահմանված կամ օրինական կարգով։ Հողօգտագործման համակարգը, ձևերը և տեսակները կազմավորվում և փոփոխվում են հասարակության տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու հաջորդափոխմանը համընթաց։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման և դրա հետ կապված նստակեցության անցնելու հետևանքով, աստիճանաբար հողը բաժանվեց տոհմերի, ցեղերի, համայնքների, հետագայում նաև ընտանիքների միջև, որի շնորհիվ առաջացան հողօգտածործման կայուն ձևեր։ Հնագույն համայնքներում այն ուներ հանրային ձև, համայնքի անդամների միջև բաշխվում էր միայն համատեղ աշխատանքով ստեղծված արդյունքը։ Ավելի ուշ, չնայած վարելահողը մնում էր գյուղական համայնքի սեփականությունը, սակայն պարբերաբար վերաբաշխվում էր անդամների (ընտանիքների) միջև, և յուրաքանչյուր ընտանիք մշակում էր իր օգտագործմանը տրված հողը (փաստացի հողօգտագործողն էր) ու յուրացնում ստացված արդյունքը։ Հակամարտ դասակարգային բոլոր ֆորմացիաներում հողօգտածործման համակարգերը, դրա հիմնական ձևերն ու տեսակները պայմանավորված էին շահագործող դասակարգերի հողասեփականության իշխող ձևերով։ Ստրկատիրական հասարակարգում այն հիմնված էր ստրուկների, հողի և արտադրության մյուս միջոցների նկատմամբ ստրկատիրոջ մասնավոր սեփականության վրա։ Գոյություն ուներ նաև ազատ գյուղացիների մանր հողօգտածործում, որի հիմքը ևս հողի մասնավոր սեփականությունն էր։ Ֆեոդալիզմի ժամանակ այն հիմնված էր ֆեոդալական սեփականության զանազան հիերարխիկ ձևերի, ճորտային կամ ֆեոդալական կախման մեջ գտնվող գյուղացիների աշխատանքի վրա։ Բաժնետուր հողօգտածործման ժամանակ հողին ամրացված ճորտ գյուղացիները զուրկ էին սեփական հողից և հողօգտածործման համար հարկադրված էին կատարելու աշխատանքային զանազան պարհակներ, տալ հարկեր ու տուրքեր։ Առհավետ ժառանգական հողօգտածործման ժամանակ գյուղացին անձնապես ազատ էր, բայց պարտավոր էր բնեղեն կամ դրամական հարկ վճարել հողատիրոջը։ Ֆեոդալիզմի զարգացման բոլոր էտապներում կային նաև ազատ գյուղացիներ, որոնց հողօգտածործման հիմքը նրանց ազատ հողասեփականությունն էր։ Կապիտալիզմի պայմաններում այդ համակարգը հիմնված է հողի մասնավոր (կապիտալիստական կամ մանր աշխատանքային գյուղացիական) սեփականության իրավունքի կամ հողի վարձակալության պայմանագրի վրա։ ԽՍՀՄ զարգացման տարբեր էտապներում դրա ձևերը փոփոխվել են։ Գյուղատնտեսության կոլեկտիվացման և երկրի ինդուստրացման շնորհիվ վերջնականապես հաստատվեց նրա սոցիալիստական համակարգը, որն ընդգրկում է պետական ձեռնարկությունների, կոլտնտեսային, միջկոլտնտեսային և կոոպերատիվ այլ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների (արհմիութենական, մարզական և այլն) և առանձին քաղաքացիների հողօգտագործում։ Հողամասերի հատկացումը և դրանց չափերը սահմանվում են օրենքով։ Սոցիալիստական մյուս երկրներում հողային հարաբերությունների համար բնորոշ է հողի հանրայնացման և նրա մասնավոր սեփականության պահպանման պայմաններում հանրային հողօգտածործման ընդլայնման միտումը։ ՀԽՍՀ-ում հիմնական հողօգտագործողները պետական և կոլտնտեսային ձեռնարկություններն են։ 1977 թվականին պետական տնտեսությունների հողատարածությունը 1514, 9 հազար հա էր, կոլտնտեսություններինը՝ 749, 0 հազար հա, իսկ բանվոր-ծառայողների անձնական օգտագործմանը հատկացված հողերը՝ 27, 4 հազար հա։ Հողը կազմակերպություններին ու առանձին քաղաքացիներին օգտագործման է տրվում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կամ ժողովրդական դեպուտատների խորհրդի գործադիր կոմիտեների որոշմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png