Հոլի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլի Էֆեկտ, մագնիսական դաշտում գտնվող հոսանքակիր հաղորդիչում կամ կիսահաղորդիչում լայնական էլեկտրական դաշտի առաջացումը։ Լայնական գալվանամագնիսական երևույթներից․ հայտնաբերել է ամերիկացի ֆիզիկոս Է․ Հոլը 1879 թվականին։ Իզոտրոպ հաղորդչի կամ կիսահաղորդչի համար էլեկտրական դաշտի լարվածությունը՝  E_H = R[H,J] , որտեղ  H -ը մագնիսական դաշտի լարվածությունն է,  J -ն՝ հոսանքի խտությունը, իսկ  R -ը՝ Հոլի հաստատունը։ Հոլի Էֆեկտ-ը պայմանավորված է մագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող Լորենցի ուժով։ Վերջինիս առկայությամբ լիցքերը շեղվում են իրենց շարժման հետագծից։ Հաղորդչի հանդիպակաց կողմնային նիստերի վրա լիցքերի կուտակումը շարունակվում է այնքան, մինչև որ ծագած εΥ լայնական էլեկտրական դաշտը հավասարակշռում է մագնիսական ուժը։  R -ի արժեքը ընդհանուր դեպքում կախված է լիցքակիրների խտությունից, դրանց ցրման մեխանիզմից, իսկ նշանը՝ հաղորդականության տեսակից (օրինակ, կիսահաղորդչի էլեկտրոնային հաղորդականության դեպքում  R <O, իսկ խոռոչային հաղորդականության դեպքում  R >O)։ Հոլի Էֆեկտի փորձնական ուսումնասիրությունը կարևոր տեղեկություններ է տալիս պինդ մարմինների և հատկապես կիսահաղորդիչների պարամետրերի մասին։ Այսպես,  R -ի նշանով որոշվում է լիցքի նշանը, իսկ մեծությամբ՝ լիցքակիրների խտությունը։ Իմանալով հաղորդչի էլեկտրահաղորդականությունը և  R -ը, կարելի է որոշել լիցքակիրների շարժունությունը։  R ջերմաստիճանային կախման փորձնական կորերի իմանալը հնարավորություն է ընձեռում որոշել կիսահաղորդչի արգելված գոտու մեծությունը սեփականհաղորդականության տիրույթում, ինչպես նաե խառնուրդային ատոմների ակտիվացման էներգիան՝ խառնուրդային հաղորդականության տիրույթում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png