Հնդկաստանի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի արվեստն փայլուն և ինքնօրինակ սկզբնավորվել է խոր հնադարում։ Դիցաբանությունը, որ լեցուն է չափազանցումներով և անզուսպ երազանքներով, պայմանավորեց նրա բնույթը։ Հնդկաստանի ծաղկող բնությունն իսկ ասես համակված է հին լեգենդների ու ավանդույթների ոգով։ Հողմահարված ժայռերը կուրացուցիչ արևի ճառագայթների տակ պատկերվում են որպես ամրոցներ, որոնք կերտվել են անհիշելի ժամանակներում, ինչ-որ հսկաների կողմից. արևադարձային անտառներ, ուր թաքնվում են բազմաթիվ թունավոր օձեր, վայրի գազաններ և հազվագյուտ թռչուններ, թվում է, լեցուն են գաղտնիքներով։ Ահա այդ բնությունն է հսկա-աստվածների արքայական օձերի, ծառերի, լեռան վրա կամ գետում ապրող բարի և չար ոգիների մասին հնդիկ ժողովրդի հին ավանդազրույցներին հաղորդել առանձնակի վառ ու արտահայտիչ երանգավորում։ Դրանց պատկերներն անմահացել են շնորհիվ այն ժամանակներում անհայտ նկարիչների ու քանդակագործների անսպառ երևակայության, որոնք դրանցում մարմնավորել են բնության գեղեցկության, նրա խորհրդավոր ուժի բանաստեղծական պատկերացումները։ Անխզելիորեն կապված լինելով միմյանց հետ՝ ճարտարապետությունը, քանդակագործությունը և գեղանկարչությունը մինչև ամենաուշ ժամանակների հասցրին երկրային և զգայական, հաճախ զարհուրելի կերպարներով այն ամբողջ առասպելական-դիցաբանական աշխարհազգացությունը, որ կազմում էր հնդիկ ժողովրդի պատկերավոր մտածողության առանձնահատկությունը հեռավոր անցյալում և միջնադարում։

Ապսարա,պարում սելեստիալ, 12-դարում

Հնդկական մշակույթը մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական մշակույթը հնագույներից մեկն է. այն սկզբնավորվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին։ Իր զարգացման ընթացքում նա անցել է մի շարք պատմական փուլեր, շփման մեջ լինելով շումերական և հունական մշակույթների հետ հին ժամանակներում, Միջին Արևելքի մշակույթի հետ, Միջնադարում։ Հսկայական տարածքում բնակվող բազմաթիվ ցեղերի և ազգությունների ստեղծված հնդկական չափազանց առատ ու բազմազան է իր ձևերով, սերտորեն կապված է ժողովրդական արհեստների հետ, ժողովրդական հեքիաթների կերպարների հարստագույն աշխարհի հետ։ Հնդկաստանի պատմական զարգացման ուղիներն ունեցել են իրենց առանձնահատկությունները։ Միջնադարն այստեղ տևեց մինչև 18-րդ դարի կեսերը։ Ինչպես և հեռավորաևելյան պետությունները, Հնդկաստանը ծանոթ չէր այն մշակույթին, որպիսին կար Եվրոպայի երկրներում՝ Վերածնության դարաշրջան։ Սակայն իր ծաղկման ժամանակներում նա ստեղծեց արվեստի շատ գեղեցիկ և ինքնօրինակ կերպարներ, մշակույթի համաշխարհային գանձարանին տալով իրականության՝ գեղարվեստորեն անկրկնելի ըմբռնման ևս մեկ սահման։ Իզուր չէ, որ առ այսօր ևս Հնդկաստանը հրապուրում է ամբողջ աշխարհի նկարիչներին որպես նրա ժողովրդի հանճարի արարած քաղցրաբույր հեքիաթների երկիր։