Հյուսիսային ծովային ուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսիսային ծովային ուղի , նավարկելի ուղի ԽՍՀՄ հյուսիսում։ Անցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովերով, կապում բնական ռեսուրսներով հարուստ Սիբիրի հյուսիսային և արևելյան մասերը եվրոպական արդյունաբերական շրջանների հետ։ Երկարությունը մոտ կրկնակի կարճ է (14280 կմ) Լենինգրադից Սուեզի ջրանցքով Վլադիվոստոկ տանող ծովային ճանապարհից (23200 կմ)։ Այդ ուղուն բնորոշ են Արկտիկայի խիստ կլիմայական պայմանները։ Նավարկությանը հիմնականում խանգարում է արկտիկական սառույցը (սառցուղու երկարությունը նորերկրյան նեղուցներից մինչև Պրովիդենյա նավահանգիստը՝ 5610 կմ), որն առանձին հատվածներում չի հալվում կարճատև ամռան ընթացքում։ Հյուսիսային ծովային ուղով առաջինը փորձել են նավարկել պոմորները XI—XIII դդ.։ XVI դ. կազակները աստիճանաբար հայտնաբերել և յուրացրել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սիբիրական ափերը։ XVIII դ. կազմակերպվեց Հյուսիսային մեծ արշավախումբը։ 1878—79-ին շվեդ, արշավախումբը (Ն. Նորդենշելդ) «Վեգա» նավով, նավագնացության երկու սեզոնի ընթացքում, առաջին անգամ անցավ ամբողջ հյուսիսային ծովային ուղին։ 1932-ին առաջին անգամ մեկ նավագնացության ընթացքում (65 օրում) հյուսիսային ծովային ուղով անցավ «Սիբիրյակով» սառցահատը (Օ. Շմիդա)։ Նույն թվականին ըստեդծվեց հյուսիսային ծովային ուղու գլխավոր վարչություն։ 1935-ից սկսվեց այդ ուղու կանոնավոր շահագործումը։ Ատոմային հզոր սառցահատների ստեղծումը հնարավորություն տվեց այդ ուղին շահագործել ոչ միայն արկտիկական կարճ ամառվա ընթացքում, այլև ամբողջ տարին: Այդպիսի առաջին նավարկությունը կատարվեց 1977-ի փետրվարի վերջին, «Արկտիկա» ատոմային սառցահատի օգնությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png