Հիպնոպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպնոպեդիա (հունարեն՝ ύπνος-քուն և παιζεία-ուսուցում, դաստիարակություն), ուսուցում բնական քնի ժամանակ։ Հիպնոսի կամ արհեստական քնի (էլեկտրաքուն, դեղորայքային քուն) ընթացքում գիտելիքներ ձեռք բերելը հիպնոպեդիան չի համարվում, քանի որ ուսուցման պրոցեսը կրում է հիպնոաիկ ներշնչման բնույթ։ Գիտելիքներ ձեռք բերելու նպատակով քնի (բնական կամ արհեստական) օգտագործումը կիրառվել է դեռևս հին ժամանակներում (բուդդայական լուսավորիչները Չինաստանում, ֆակիրներն ու յոգերը՝ Հնդկաստանում և այլն)։ Նորագույն շրջանում հիպնոպեդիան կիրառելու աոաջին փորձը կատարել է Դ. Ա. Ֆիննեյը (ԱՄՆԽՍՀՄ-ում նման փորձ ձեռնարկել է ա. մ. Սվյադոշչը (1936 թվականին)։ Հիպնոպեդիայի նկատմամբ հետաքրքրությունը և այն տեսականորեն հիմնավորելու ձգտումը վերսկսվել են 20-րդ դարի 50-60-ական թվականների սկզբին։ Արտասահմանյան հիպնոպեդիայի վրա զգալի ազդեցություն ունի իդեալիստական, գլխավորապես, ֆրեյդիստական ըմբռնումը։ Խորհրդային գիտնականները (Լ. Ա. Բլիզնիչենկո, Վ. Պ. Զուխար և ուրիշներ) հիպնոպեդիաի հնարավորությունը բացատրում են քնի ժամանակ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում պահակային կետերի առկայության վերաբերյալ պավլովյան ուսմունքով։ Փորձառական տվյալները վկայում են, որ հիպնոպեդիկ ճանապարհով մատուցված ինֆորմացիայի յուրացումը կախված է հիշողության բնույթից, սովորողի տարիքից, սեանսների քանակից ու ծրագրի ծավալից, խոսքի արտասանական երանգավորման (ինտոնացիոն) բնութագրից։ Հիպնոպեդիայի շատ տեսական և գործնական պրոբլեմներ (աշխատունակություն, հիպնոպեդիայի երկարատև կիրառման հետևանքով առաջացած հոգնածություն, հիպնոպեդիայի սիստեմատիկ օգտագործումից նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի փոփոխություն և այլն) մինչև վերջ պարզ չեն։ Ակներև է, որ հիպնոպեդիան չի կարող փոխարինել մանկավարժական պրոցեսին, այն կարող է օգտակար լինել հիշողության մեջ ամրապնդելու միայն մի քանի տեսակ ինֆորմացիաներ (օտար բառեր, հեռագրային այբուբեն, բանաձևվեր , աղյուսակներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png