Հին Չինաստանի փիլիսոփայական միտքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ (ԿՈՆՖՈՒՑԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՈՍԻԶՄ) Փիլիսոփայական միտքը Հին Չինաստանում սկզբնավորվել է մ.թ.ա. 7-6-րդ դդ. և իր ոսկեդարն է ապրել «պայքարող պետությունների» ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5-3-րդ դդ.): Ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հին Չինաստանում ձևավորվող փիլիսոփայական միտքը անմիջականորեն կապված էր դիցաբանության հետ: Հին չինացիների դիցաբանական պատկերացումներն ամփոփված են «Երգերի գիրք», «Պատմության գիրք», «Լեռների և ծովերի գիրք» և, հատկապես, «Փոփոխությունների գիրք» ժողովածուներում: Չինական դիցաբանության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Երկնքի (Տյանի), որպես կեցության, տիեզերքի, հասարակության և մարդկային կյանքի բարձրագույն ուժի, պաշտամունքը: Հին չինացիների պատկերացմամբ Երկնքի կամքը մի գերագույն ուժ է, որը պայմանավորում է ամեն ինչի գոյությունը, հանդիսանում ամեն մի գոյի կեցության աղբյուրը, ճակատագիրը և նպատակը: Ոչ միայն բնական, այլև սոցիալական կյանքում կատարվող բոլոր փոփոխությունները պայմանավորված են «բարձրագույն կառավարչի»՝ Երկնքի, կամքով և ցանկությամբ: Ճիշտ է, չինական դիցաբանական գրականության մեջ երբեմն ակնարկվում է մարդու ինքնիշխանության և ակտիվության մասին, մինչև իսկ կասկած է հայտնվում Երկնքի ամենազորության վերաբերյալ, սակայն, ընդհանուր առմամբ, Երկնքի պաշտամունքը մնում է չինական դիցաբանության, իսկ ավելի ուշ՝ նաև փիլիսոփայության առանցքային գաղափարներից մեկը: Հին չինացիների դիցաբանական աշխարհայեցողության կենտրոնական գաղափարներից էր նաև նախնիների պաշտամունքը, որը հետագայում նույնպես ժառանգվեց փիլիսոփայության կողմից և դարձավ չինական մտածելակերպի ավանդապահական և պահպանողական սկզբունքի հիմքը: Հին չինացիների կյանքը մի յուրահատուկ հաշվետվություն էր իրենց նախնիների, նրանց կենդանի ոգիների առջև, որոնց համար կատարվում էին բազմապիսի զոհաբերություններ և ծիսակատարություններ: Նրանք համոզված էին, որ իրենց նախնիների ոգիներն են կառավարում և կարգավորում մարդկային կյանքը, մարդկանց փոխհարաբերությունները, ազդում մարդկային գործունեության և վարքագծի վրա: Նախնիների պաշտամունքը ներառում էր անվերապահ հարգանքն ու սերը ծնողների, ավագների և կառավարողների հանդեպ: Հին չինական դիցաբանական գրականության մեջ դիտարկվում են նաև աշխարհգոյացմանը վերաբերող հարցեր: Տիեզերքի առաջացումը ներկայացվում է որպես նախնական քաոսից երկու հակադիր տիեզերական ուժերի՝ յանի (երկնայինի) և ինի (երկրայինի) փոխներգործության արդյունք: Բոլոր իրերի ու երևույթների հիմքում ընկած են հինգ տարրերը՝ ջուրը, հողը, մետաղը, փայտը և կրակը, որոնցից յուրաքանչյուրն օժտված է որոշակի հատկություններով: Այսպես, ջուրը միշտ խոնավ է և հոսում է դեպի ներքև, կրակը վառվում է և բարձրանում դեպի վեր, փայտը ճկվում է և ուղղվում, մետաղը ենթարկվում է արտաքին ազդեցությանը և փոխվում է, հողը ընդունում է սերմեր և տալիս բերք: Չինական դիցաբանության մեջ տարածված էր այն պատկերացումը, որ բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կախված են թագավորների խելքից, վարքագծից և երկրում իշխող կարգերից: Օրինակ, թագավորի հիմարության պատճառով քամիները չեն դադարում, իսկ ծուլության պատճառով՝ լինում են երաշտներ և այլն: Մ.թ.ա. 6-5-րդ դդ. Չինաստանում միաժամանակ գոյություն ունեին ավելի քան հարյուր փիլիսոփայական դպրոցներ, որոնցից առավել տարածվածներից էին կոնֆուցիոսականության, դաոսիզմի, մոիզմի, օրինապաշտների, անունների(իմաստունների) և ինյանների (բնափիլիսոփաների) դպրոցները: Չինական փիլիսոփայությանը և իմաստասիրման եղանակին բնորոշ էին մի շարք յուրահատկություններ: Դրանցից գլխավորն այն է, որ չինական փիլիսոփայությունը սերտորեն կապված էր առօրյա-կենցաղային իմաստության հետ, իսկ երբեմն էլ դուրս չէր գալիս առօրյա մտածողության շրջանակներից: Դա էր պատճառը, որ չինական փիլիսոփայությունը չուներ տեսական-հայեցողական բնույթ, զուրկ էր ռացիոնալիստական մտակառույցներից: Մյուս առանձնահատկությունն այն է, որ չինական փիլիսոփայությունն ուներ ավանդապահական, ընդգծված պահպանողական բնույթ: Պատահական չէ, որ չին փիլիսոփաներն իրենց հայացքները շարադրում էին դասական տեքստերի մեկնաբանությունների ձևով: Չինական մշակույթի և փիլիսոփայության մեջ իրենց խաղացած դերով, տեղով և նշանակությամբ առանձնանում են կոնֆուցիոսականության և դաոսիզմի փիլիսոփայական դպրոցները: Կոնֆուցիոսականության հիմնադիրն է Կուն Ֆու-ցզին (լատ. տառադարձությամբ՝ Կոնֆուցիոս, մ.թ.ա. 551-479), որը միաժամանակ համարվում է չին առաջին փիլիսոփան: Նա ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական և քաղաքական գործունեությամբ: Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, որոնք գրի էին առնում Ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները: Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «Լուն Յու» («Զրույցներ և ասույթներ»): Դրանում ի մի են բերված տիեզերքի, հասարակության, պետության, բարոյականության մասին Կոնֆուցիոսի խորհրդածություններն ու դատողությունները: Կոնֆուցիոսի փիլիսոփայության մեջ տիեզերաբանությունն աննշան տեղ է զբաղեցնում, թեև նա նույնպես ընդունում է այն միտքը, որ ամեն ինչ ստեղծվել է Երկնքի կողմից, և Երկինքն է տիեզերքի բարձրագույն հոգևոր սկիզբը: Չին փիլիսոփան հիմնականում ուշադրություն է դարձնում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, ինչպես նաև հասարակության կառավարմանը վերաբերող հարցերին: Նա տարբերակում է կառավարման երկու ձև՝ կառավարում ըստ վարչական և ըստ բարոյական օրենքների ու ավանդույթների: Առաջինը, ըստ Կոնֆուցիոսի, անընդունելի է, քանի որ վարչական օրենքներով կամ բռնությամբ հնարավոր չէ կարգավորել մարդկային հարաբերությունները, հնարավոր չէ պահպանել բարոյական արժեքները: Ընդհակառակը, եթե մարդիկ կառավարվում են բարոյական օրենքներով ու ավանդույթներով, ապա հասարակության մեջ հաստատվում է խաղաղություն, արդարություն և մարդիկ էլ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը: Մարդու բնությունն ի ծնե բարի է, ուստի նրա բնությանն ավելի հարիր է կառավարման այն ձևը, որը հենվում է բարոյական ավանդույթների և առաքինությունների վրա: Կառավարման այս ձևը պաշտպանելու կապակցությամբ Կոնֆուցիոսն առաջադրում է «անունների ուղղում» տեսությունը, ըստ որի անունները և կոչումները պետք է համապատասխանեն իրականությանը: Դա նշանակում է, որ հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը: Եթե խախտվում է այդ կարգը, ապա պետության մեջ առաջանում է անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները: «Անունների ուղղում» տեսության նպատակը ոչ թե հասարակական կամ պետական կարգերի փոփոխությունն է, այլ բարոյական և սոցիալական ավանդական արժեքների, սովորույթների պահպանումը: Այն հարցին, թե ինչ է կառավարումը, Կոնֆուցիոսը պատասխանել է. «Իշխանը պետք է իշխան լինի, իսկ հպատակը՝ հպատակ: Հայրը՝ հայր, իսկ որդին՝ որդի»: Մարդը պետք է առաջնորդվի Երկնքի կողմից նրան տրված բարոյական հատկություններով ու առաքինություններով, իր վարքը համապատասխանեցնի բարոյական օրենքներին: Բարոյական կատարելագործման նպատակը «կատարյալ մարդու» մակարդակին հասնելն է: Կատարյալ, ազնվազարմ մարդու գլխավոր բարոյական առաքինությունը Կոնֆուցիոսը համարում է մարդասիրությունը(«ժեն»), որը ներառում է մարդկայնության, պարտքի զգացումի, նրբանկատության, հավատարմության, գթասրտության, կարեկցանքի և այլ առաքինություններ: Ազնվազարմ մարդը տարբերվում է փոքրոգի, «չնչին մարդուկներից», որովհետև մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին: «Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ». ասույթը լավագույնս արտահայտում է «ժենի» բովանդակությունը: Եթե մարդն օժտված չէ մարդասիրությամբ, ասում է Կոնֆուցիոսը, ապա նա չի կարող կոչվել բարոյական և չի կարող հետևել բարոյականության կանոններին: Մարդասիրությունը սեր է մարդկանց նկատմամբ, հարգանք է ավագների, հատկապես ծնողների հանդեպ: «Սյայո» առաքինության համաձայն զավակները պետք է ոչ միայն կատարեն ծնողների կամքը, հավատարմորեն ծառայեն նրանց, այլև՝ անվերապահորեն սիրեն նրանց: Մի իշխան Կոնֆուցիոսի հետ զրուցելիս ասում է. «Այստեղ մարդիկ շատ արդարամիտ են: Որդին անգամ հայտնում է հոր կատարած գողության մասին»: Կոնֆուցիոսը պատասխանում է. «Մեզ մոտ ուրիշ է: Մեզ մոտ հայրը թաքցնում է որդուն, իսկ որդին թաքցնում է հորը: Դրա մեջ է արդարամտությունը»: Կոնֆուցիոսի կարծիքով բարոյական առաքինությունների բարձրագույն օրենքը «ոսկե միջինի» սկզբունքն է, ըստ որի կատարյալ մարդը, ի տարբերություն «չնչին մարդուկների», խուսափում է ծայրահեղություններից և ընտրում դրանց միջինը: Կառավարման ասպարեզում առաջնորդվել «ոսկե միջինի» սկզբունքով, նշանակում է կարողանալ տիրապետել քաղաքական փոխզիջման արվեստին: Մարդու դաստիարակության և բարոյական կատարելագործման մեջ չին փիլիսոփան կարևորում է կրթության և գիտելիքի դերը: Գիտելիքը կարող է լինել բնածին և ստացական: Բնածին գիտելիքներով օժտված են առանձնաշնորհյալ մարդիկ: Ավելի արժեքավոր են ստացական գիտելիքները, քանի որ դրանք ձեռք են բերվում դժվարությամբ և չարչարանքով: Եթե մարդը չի կարողանում իր գիտելիքները գործադրել կյանքում, ապա այդպիսի գիտելիքները չունեն ոչ մի արժեք: Ճանաչել, ըստ Կոնֆուցիոսի, նշանակում է ճանաչել մարդկանց: Հին չինական փիլիսոփայության մյուս տարածված ու ազդեցիկ ուղղությունը դաոսիզմն է, որի հիմադիրն է համարվում կիսաառասպելական իմաստուն Լաո ցզին (ծերուկ երեխա): Նրան է վերագրվում «Դաո դե ցզի» («Գիրք ճանապարհի և առաքինության») աշխատությունը, որում ամփոփված են դաոսական փիլիսոփայության հիմնական գաղափարները: Դաոսականները քննարկում են ինչպես տիեզերաբանական, բնափիլիսոփայական, այնպես էլ մարդաբանական և բարոյագիտական հարցեր: Դաոսիզմի փիլիսոփայության հիմնական հասկացությունը Դաոն է, որը նշանակում է ուղի, սկզբնապատճառ, օրենք, կարգ, աստված և այլն: Չինական փիլիսոփայության պատմության մեջ Դաոն մեկնաբանվել է հիմնականում երկու իմաստով՝ մի կողմից որպես մարդակերպ գծերից զուրկ աստվածություն, որպես հոգևոր սկիզբ, բանականություն, իսկ մյուս կողմից՝ որպես նյութական նախասկիզբ, բնական ուղի, բոլոր գոյերի նախահիմք ու զարգացման բնական սկզբունք: Առաջին դեպքում դաոսիզմը մեկնաբանվում է որպես իդեալիստական, կրոնամիստիկական ուղղություն, իսկ երկրորդ դեպքում՝ որպես նյութապաշտական-բնապաշտական ուղղություն: Համենայն դեպս, երկու մեկնաբանության դեպքում էլ Դաոն ըմբռնվում է որպես գոյի նախասկիզբ, որպես զարգացման ու փոփոխման ընդհանուր ուղի: Գոյություն ունեցող ամեն ինչը ծագում է Դաոյից, զարգանում ըստ Դաոյի օրենքների և շրջապտույտ կատարելով, վերադառնում կրկին Դաոյին: Դաոն հավերժական է, միասնական, անփոփոխ, անվերջ ու անսահման: Երբեմն Դաոն ներկայացվում է որպես շնչավոր էություն, կենդանի էակ, որը նույնիսկ կատարում է սխրագործություններ. «Մեծ Դաոն հոսում է ամենուր: Նա կարող է գտնվել և աջում և ձախում: Նրա շնորհիվ էակները ծնվում են և աճում անարգել: Նա սխրանքներ է գործում, բայց չի ձգտում փառքի: Սիրով դաստիարակում է բոլոր էակներին, բայց իրեն չի համարում նրանց տիրակալ»: «Դաո դե ցզի» աշխատության մեջ առանձնացվում է երկու Դաո՝ անանուն և անուն ունեցող: Անանուն Դաոյի մասին ասվում է, թե նայում ենք, բայց չենք տեսնում, լսում ենք, բայց ըստ էության չենք լսում, այդ պատճառով նրան կոչում ենք անտեսանելի, անլսելի, անտրոհելի և այլն: Քանի որ դաոսականները կեցությունը պատկերացնում են որպես անընդհատ լինելության գործընթաց, ուստի կարծում են, որ այդ երկու Դաոների միջև գոյություն ունի ներքին կապ: Անանուն Դաոն փոխակերպվում է անուն ունեցող Դաոյի և, հակառակը: Անանուն Դաոն երբեմն նույնացվում է ոչ կեցության հետ. երբ Դաոն ստանում է անուն, նշանակում է, որ ոչ կեցությունը վերածվել է կեցության: Այսպիսով, իրերը ծագում են ոչ կեցությունից, գոյություն ունենում և վերստին վերադառնում ոչ կեցության: Այդ վերադարձը կոչվում է հանգիստ: Անանուն Դաոն հնարավոր չէ ճանաչել ոչ զգայությամբ, ոչ էլ բանականությամբ. դրա մասին կարելի է պատկերացում ունենալ միայն «լռության» մեջ, քանի որ «Ով գիտի՝ չի խոսում: Ով խոսում է՝ չգիտի»: Այդպիսի գիտելիք կարող է ունենալ միայն կատարյալ իմաստունը, որը իրերի պայքարի հետևում տեսնում է համերաշխություն, շարժման հետևում՝ հանգիստ, կեցության հետևում՝ ոչ կեցություն: Քանի որ Դաոն գոյություն ունեցողի զարգացման բնական ուղին է, ուստի մարդը նույնպես պետք է հետևի Դաոյի օրենքներին, որովհետև տիեզերքում արհեստական ճանապարհով հնարավոր չէ կատարել ոչ մի փոփոխություն: Այս կապակցությամբ դաոսականները քննադատում են կոնֆուցիոսականների բարոյագիտական ըմբռնումները. «Երբ հեռացրին մեծ Դաոյին, հայտնվեցին «մարդասիրությունը» և «արդարությունը»: Երբ հայտնվեց իմաստասիրելը, ծնվեց նաև մեծ երկերեսանիությունը: Երբ վեց հարազատները կռվում են, այդ ժամանակ հայտնվում են «որդիական հարգարժանությունը» և «հայրական սերը»: Երբ պետությամ մեջ անկարգություն է իշխում, իսկույն հայտնվում են «հավատարիմ ծառաները»: Եթե մարդիկ շեղվում են Դաոյի ուղուց, ապա անխուսափելի են դառնում չարիքներն ու դժբախտությունները: Հետևել Դաոյին, նշանակում է ձեռք բերել դե՝ առաքինություններ, և ապրել բնության օրենքներով: Մարդկանց վարքի բարձրագույն սկզբունքը պետք է լինի «անգործությունը», իսկ կյանքի նպատակը՝ կրքերի և ցանկությունների զսպման ճանապարհով Դաոյի հետ միաձուլվելը: «Ով ծառայում է Դաոյին՝ օրեցօր փոքրացնում է (իր ցանկությունները): Անվերջ փոքրացնելով՝ մարդը հասնում է անգործության: Չկա մի բան, որ չկատարի անգործությունը: Այդ պատճառով աշխարհին տիրանալը միշտ իրագործվում է անգործության միջոցով: Ով գործում է՝ ի վիճակի չէ տիրանալ աշխարհին»: Դաոսականները մերժում էին ոչ թե ամեն մի գործունեություն, այլ միայն այնպիսին, որը հակասում էր «բնականությանը», բնական կարգին: Այսինքն՝ «անգործության» սկզբունքը նշանակում է ոչ թե պարապություն, այլ այնպիսի վարք, երբ մարդը հրաժարվում է արհեստականից, հակաբնականից, չարիք գործելուց, զգայական հաճույքներից և իր կամքը ենթարկում է Դաոյին: «Անգործության» սկզբունքը պահանջում է ներդաշնակություն հաստատել մարդու և բնության, մարդու և պետության միջև:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով