Հին Էստոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Էստոնիա տերմինով կոչվում է Էստոնիայի պատմության վաղ շրջանը։ Այն շարունակվում է մինչը 13-րդ դարը՝ Էստոնիայի տարածքում գրի հայտնվելը, որ տեղի ունեցավ Հյուսիսային խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ խաչակիրները գրավեցին էստոնական տարածքները[1]։

Մեզոլիթ[խմբագրել]

Կունդայան մշակույթի զենքեր Էստոնիայի պատմության թանգարանում

Մինչև վերջին սառցակալումը՝ մեր թվարկությունից 10 հազար տարի առաջ, Էստոնիայի ներկայիս տարածքը բնակեցված չէր։ Մարդկանց ներկայության ամենավաղ վկայությունները վերաբերում են կունդայան մշակույթին (այդպես է անվանվել էստոնական Կունդա քաղաքի անունով)։ Ներկայում հայտնի հնագույն բնակտեղին Պուլի բնակավայրն է, որ տեղակայված էր հարավարևմտյան Էստոնիայում՝ Պյառնու գետի ափին՝ Սինդի քաղաքի մոտակայքում։ Համարվում է, որ այն հիմնադրվել է 9500-9600 տարի մեր թվարկությունից առաջ[2][3]։ Կունդայան մշակույթի հետ է կապվում նաև Էստոնիայի հյուսիսում գտնվող Լամմասմյաե բնակավայրի հիմնադրումը 8500 տարի մ.թ.ա.[4]։ Կունդայան մշակույթի ոսկրե ու երկաթե գործիքներ են գտնվել նաև Էստոնիայի ուրիշ տարածքներում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայի հյուսիսում ու Ֆինլանդիայի հարավում։ Կտրող գործիքներ հիմնականում պատրաստվել են կայծքարից ու որձաքարից։

Նեոլիթ[խմբագրել]

Մ.թ.ա. 5-րդ հազարամյակի սկզբում Էստոնիայում՝ նառվայան մշակույթում, սկսում են զբաղվել խեցեգործությամբ, ինչը համարվում է նեոլիթի սկիզբ։ Հնագույն գտածոները վերաբերում են մ.թ.ա. 4900 թ.։ Առաջին խեցիները պատրաստվել են հաստ կավի, որին խառնում էին խճաքարեր, ծովախեցիներ կամ բույսերի ցողուններ։ Նառվայան մշակույթի խեցիներ են գտնվել Էստոնիայի ծովափնյա տարածքներում ու կղզիներում։ Այս շրջանի քարե ու ոսկրե գործիքները նման են կունդյան մշակույթի գործիքներին։

Բրոնզե դար[խմբագրել]

Բրոնզե դարի գերեզմաններ` քարե արկղեր, Հյուսիսային Էստոնիա

Էստոնիայում բրոնզե դարն սկսվել է 1800 տարի մ.թ.ա.։ Այդ ժամանակ սահման է ձևավորվել ուգրո-ֆիիննական ու բալթիական ցեղախմբերի միջև։ Հիմնադրվում են պաշտպանական կառույցներ ունեցող առաջին բնակավայրերը՝ Ասվան ու Ռիդալան Սաարեմաա և Իրուն Հյուսիսային Էստոնիայում։ Բրոնզի տարածումը նպաստում է նավաշինության զարգացմանը։ Փոխվում է հուղարկավորման ավանդույթները։ Գերմանիայից Էստոնիա է տարածվում հուղարկավորման նոր ձևը. մեծ տարածում են գտնում դիակիզումն ու թաղումը քարե արկղերում, ավելի քիչ էր տարածված թաղումը քարից նավակներում[5]։

Դորիմյան քարե դար[խմբագրել]

Դորիմյան քարե դարն Էստոնիայում սկսվել է շուրջ 500 տարի մ.թ.ա. և շարունակվել է մինչև մ.թ.ա. 1-ին դարը։ Սկզբնական շրջանում երկաթե գործիքները ներկրվում էին, սակայն հետագայում դրանք պատրաստվում էին տեղում։ Մարդիկ սովորական բնակություն էին հաստատում այն վայրերում, որտեղ բնական լանդշաֆտը պաշտպանության հնարավորություն էր տալիս։ Այս ժամանակի գերեզմաննեերում արդեն նկատվում են սոցիալական անհավասարության արտահայտություններ։

Հռոմեական երկաթե դար[խմբագրել]

Հռոմեական երկաթե դարը Էստոնիայում շարունակվել է մ.թ. 50-450 թթ.։ Էստոնիան չի մտել Հռոմեական տերության սահմանների մեջ, սակայն հռոմեկան քաղաքակրթության ազդեցությունը հասել է մինչև Էստոնիա, ինչով էլ պայմանավորված է դարաշրջանի անվանումը։ Էստոնիայի տարածքում գտնվել են հռոմեկան մետաղադրամներ, զարդեր ու այլ գտածոներ։

Այդ դարաշրջանի ավարտին առանձնացել էին երեք ցեղախմբերի տարածքներ՝ հյուսիսային, հարավային ու արևմտյան (ներառյալ կղզիները)։ Այդ տարածքներից յուրաքանչյուրի բնակչությունն ուներ ինքնուրույնությունը, ինչպես նաև իր յուրահատուկ ծեսերը, կենցաղային ու մշակութային առանձնահատկությունները[6]։

«Էստոնիա» անվանումը, հավանաբար, կապված է էստերի ցեղախմբի հետ, որ մ.թ. 1-ին դարում բնակվել են Բալթիկ ծովի ափերին և հիշատակվում են Տացիտի «Գերմանիա» աշխատության մեջ։ Նրա պատմության մանրամասներից կարելի է եզրակացնել, որ Տացիտը խոսում է ոչ թե ուգրոֆիննական ցեղի մասին, որոնց ներկայացուցիչներ են համարվում ներկայիս էստոնացիները, այլ բալթիական ցեղախմբի մասին, որ բնակվել են ժամանակակից Լիտվայի արևմուտքում ու Ռուսաստանի Կալինինգրադյան նահանգում։ 13-րդ դարի սկանդինավյան էպոսներրում էստեր տերմինն արդեն վերաբերում է ժամանակակից էստոնացիների նախնիներին։

Վաղ միջնադար[խմբագրել]

Արաբական դիրհամներ, 8-11-րդ դարեր
Վարբելա ամրոցի ավերակները
Կումնիից գտածոներից[7]

«Էստոնիա» անվանումն առաջին անգամ հիշատակվում է 6-րդ դարում Կասսիոդորի «Նամակներում» (գիրք V, նամակներ 1-2)[8]։

Դեռևս հստակ չէ այն, թե որտեղ են բնակվել էստերը վաղ միջնադարում։ Որոշակի տեղեկություններ կան միայն նրանց հավատալիքների մասին։ Սկանդինավյան ժողովուրդներն էստերին հիշատակում են որպես քամիների մոգեր։ Այդ ժամանակ նման սովորույթներ ունեին նաև ֆինները[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել]