Հին Շեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հինշենից)
Գյուղ
Հին Շեն
ադրբ.՝ Kiçik Qaladərəsi
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇուշի
Մակերես4100,75 կմ²
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն190 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հին Շեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հին Շեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Հին Շեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 41 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 55 կմ հեռավորության վրա։

Ղարաղշլաղ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։ Սովետական տարիներին կրել է Կիրով անվանումը[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Շուշիի շրջանում, նախկինում՝ Բերդաձոր գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Սաղսաղան, Համզասար լեռների հարավարևմտյան և Բալթալըղ սարի արևելյան մասում՝ Չիման և Ըլանանց գետերի հովիտներում[3]։

Ընդհանուր առմամբ Հինշենի տարածքը սկսվում է Վրարա ջուր գետից, ձգվում Օթասխան լեռան արևելյան, Սաղսաղան լեռան հարավարևելյան լանջերով, թեքվում հարավարևելք՝ մինչև Մուսուլմանլար գյուղ, Քիրս լեռան արևմտյան ստորորտներ, Ծաչ գյադուկ լեռան լանջով, Ջիբրախաչ լեռան գոգահովտով իջնում Այնալու, Ըլանանց, Չիման, Հակարա գետերի միացման տարածքը, որը կոչվում է Ղլեն տակ (Բերդին տակ)[3]։

Արևմուտքից սահմանակցում է Աղանուս գյուղին։ Գյուղի սահմանը Բայթալըղ լեռան արևելյան կողմից թեքվում, հարավարևմտյան մասով հասնում է մինչև Լոլար Բալի, Լծավար հանդամասով հատվում է Չիման, Հակարի, Ըլանանց և Այնալու գետերի միացման մասում։

Նախկին Հինշենի համայնքի մեջ մտնում էին Թևանի տուն, Ղրմանահող, Չոբան գյունե բնակավայրերը։ Թևանի տուն, Ղրմանահող բնակավայրերը գտնվում էին Բայթալըղ լեռան արևմտյան լանջին[3]։

Համայնքը բարձր լեռնային է, ունի 4100,75 հա տարածք, որից 1097,58 հա գյուղատնտեսական նշանակության, 2963,74 հա անտառային հողեր։ Հին Շեն համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։

Հին Շեն համայնքի կազմում ընդգրկված է Հունանավ գյուղը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինշենի տարածքում պահպանված եկեղեցիները, բերդերը, միջնադարյան բնակավայրերը, գերեզմանոցները, կացարանները, տարբեր դարաշրջաններին պատկանոող պատմական հարստությունները վկայում են, որ հայը այստեղ ապրել է հնագույն ժամանակներից։ Տեղեկայված լինելով Արարատյան դաշտավայր տանող ճանապարհի վրա՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի, Հինշենի հայերը միշտ պայքարել են օտար նվաճողների՝ արաբների, թուրք-սելջուկների, պարսիկների, մոնղոլ-թաթարների դեմ[3]։

Վկայում են, որ 1604 թվականին պարսից Շահ-Աբասը փորձում է գրավել Հայաստանը, այդ թվում նաև Արաքսի ափերից մինչև Ռմբոսյան լեռնաշղթան ընկած տարածքը։ Նրա ծրագրերում է նաև Բերդաձորի գրավումը։ Շահը իր զորքով հասնում է մինչև Կարմիր Քարի հարթակը, նայում անառիկ գյուղին։ Երբ նայում է անառիկ գյուղին, գլուխը պտտվում է, և քիչ է մնում՝ գլորվի անդունդը։ Նա ահով իջնում է ժայռից և քթի տակ մրթմրթում․ «Իրոք որ անառիկ բերդ է այս գյուղը»[3]։

Սակայն նա ջանում է ամեն գնով գրավել Բերդաձորը։ Նա բանակի հետախուզության պետին՝ Ալի-Մալի զորավարին հրամայում է մի լավ հետախուզել տարածքը և հարմար տեղից գրոհել գյուղը։ Ալի-Մալին 200 հոգանոց զորաջոկատով փորձում է իրականցնել առաջադրանքը։ Բրեդաձորցիները թշնամուն ընդառաջ դիրքավորվում են Դնգլբազի ձորում։ Սակայն կորուստներից խուսափելու նպատակով նրանք չեն ընդհարվում և թույլ են տալիս՝ թշնամին մտնի ավելի հարմարավետ տեղ՝ Վարար ջրի նեղ կիրճը։

Հինշենի քաջերը շրջապատում են ձորաբերանի երեք կողմերը։ Երբ Ալի-Մալիի զորաջոկատը խորանում է կիրճի մեջ, բերդաձորցիները բոլոր կողմերից վրա են տալիս և ոչնչացնում բոլորին։ Ալի-Մալիին և մի քանի զինվորների գերի են վերցնում[3]։

Բերդաձորցիք տոնում են իրենց հաղթանակը որոշում այդ վայրը դարձնել սրբատեղի ու կոչել Ալմալի, իսկ կարմիր քարը վերանվանել Շհնաքար Շահի քար։

1804-1813 թվականներին և 1826-1828 թվականներն ընկած ժամանակահատվածի պատերաազմների հաղթանակի գործում իրենց դերն են ունեցել բերդաձորցիները։ 1828 թվականին Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու առիթով Հինշենի մոտ գտնվող աղբյուրներից մեկը որոշեցին անվանել «Ռուսի աղբյուր»[3]։

1905-1906 թվականներին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Բերդաձորի հայկական գյուղերը հայտնվեցին դեպքերի կիզակետում։ 1905 թվականին բերդաձորցիները, հետ մղելով թաթար հրոսակների գրոհները, օգնության են հասնում Լաչինի մոտ գտնվող Աբուհասան հայկական գյուղի բնակիչներին։ Այդ կռիվների արդյունքում 2 բերդաձորցի է զոհվում։

Այդ տարիներին Բերդաձորի հայերը շատ փորձությունների միջով անցան և որոշ ընտանիքներ ապահովության համար տեղափոխվեցին Չափար, Զարդախաչ, Չլդրան գյուղերը[3]։

1918 թվականը մարտահրավերներով լի էր բերդաձորցիների համար։ Նույն թվականի հուլիսին Զանգեզուրից շուրջ 4000 գաղթականներ ուղևորվում են դեպի Զաբուխ՝ ձգտելով գրավել Շուշին։ Հուլիսի 31-ին մեծ դժվարությամբ 2500 գաղթականների հաջողվում է հասնել Շուշի։

1918 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հայ ինքնապաշտպանների և թուրք-թաթարական հրոսակախմբերի միջև ծանր մարտեր են տեղի ունենում և շուրջ 700 բերդաձորցիներ իրենց մասնակցությունն էին ունենում մարտական գործողություններին։ Սյունիքի կողմից հայկական ուժերի ծավալած գործողությունների արդյունքում օգոստոսի 25-ին ղարաբաղյան կողմը, ունենալով 20 սպանված ու 35 վիրավոր, ստիպված եղավ նահանջել։ Թշնամու ճնշումների տակ դատարկվում են Բերդաձորի հյուսիսային գյուղերը[3]։

Ինքնապաշտպանական ուժերի հետ միասին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերից շուրջ 5000 խաղաղ բնակիչներ հեռացան հայրենի օջախներից և ապաստանեցին Շուշիում, Վարանդայի և Խաչենի գյուղերում[3]։

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո բերդաձորցիների մի մասը տեղափոխվեց հարազատ բնակավայրեր և նորից սկսեց նոր շունչ տալ թուրքերի կողմից ավերված օջախները։ Չնայած Հինշենի բնակիչները իրենց փոքրիկ հայ աշխարհը պահելու համար շատ զրկանքներ են կրել, այնուամենայնիվ, իրենց պապերի օջախները շեն պահելու ձգտումով նորից վերադառնում են սարի վրա թառած իրենց գյուղը։ Ի դեպ, բնությունը շռայլ է եղել բերդաձորցիների նկատմամբ։ Չնայած նրանք ունեցել են դժվար կյանք, այնուամենայնիվ, մարդու համար բարենպաստ պայմանների շնորհիվ նրանք հայտնի են նաև իրենց երկարակեցությամբ[3]։

Հինշենում հայտնի ազգատոհմեր են` Դերունք, Յուղուտանք, Գիլբիսարանք, Բոզունք, Բալապուղունք, Բուղունք, Քյասունք, Ճոռունք, Աթայանք, Գյուլդադունք, Բրումանք, Ափոնք, Նոթունք, Ջափունք, Զոկառանք, Ջինգիրանք, Թինդիվանք, Իշլիմազանք։ Ցավոք այդ տոհմերի մի զգալի մասն այժմ Հին Շենում չեն։

Հինշենում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո` 1929 թվականին, գյուղում կազմակերպվում է կոլեկտիվ տնտեսություն։ Կոլտնտեսության վարչության նախագահներ են աշխատել Աղալո Ավանեսյանը, Ավանես Գրիգորյանը, Վանո Պետրոսյանը, Թևան Բաբայանը, Արմենակ Բարսեղյանը, Բախշի Հարությունյանը, Գրիշա Սարգսյանը, Ջիվան Հայրապետյանը։ 1978 թվականին կոլտնտեսությունը վերակազմակերպվեց խորհտնտեսության։ Խորհրդային տարիներին Բերդաձորի ենթաշրջանի հյուսիսային գյուղերը ծանր ու դժվար կյանք տեսան։ Այդ բնակավայրերը մտցվեցին Շուշիի շրջանի կազմի մեջ, որտեղ էլ հայերի նկատմամբ խտրական քաղաքականությունը նկատելի էր։ Դա էր պատճառը, որ հայ բնակիչները ստիպված լքում էին հարազատ բնօրրանը[3]։

1930 թվականի ապրիլի 7-ին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերից 47 տնտեսություն` շուրջ 250 մարդ, տեղափոխվեց Ստեփանակերտի շրջանի (հետագայում Ասկերանի շրջան Վ. Բ.) Արանզամին (Վարազաբուն) գյուղը։

1960-ական թվականներին Բերդաձորի կոլտնտեսության զոոտեխնիկներին սպանեցին Շուշիում։ Պատահական չէ, որ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը տարեցտարի հայաթափվում էին[3]։

Եթե 1918 թվականին սկզբներին Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերում կար 800 տնտեսություն և շուրջ 5000 ազգաբնակչություն, ապա 1989 թվականին Հինշենում ապրում էր ընդամենը 201 բնակիչ։

1941-1945 թվականներն ընկած ժամանակահատվածը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հինշենից 196 հոգի մասնակցել են մարտական գործողություններին, 62-ը զոհվել են։ Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կառուցված[3]։

Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատագրական շարժման տարիներին ծանր ժամանակաշրջան սկսվեց Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի համար։ Շրջապատված ադրբեջանական բնակավայրերով 1988-1991 թվականներին գյուղի ազգաբնակչությունը՝ Առնո Մկրտչյանի գլխավորությամբ կենաց ու մահու պայքար էր մղում։ Այդ գործում անժխտելի է Հ.Յ. Դաշնակցության դերակատարությունը։ Կուսակցական կամավորական ջոկատները, որի կորիզը կազմված էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողներից, գիշեր ու զօր հսկում էին գյուղի անդորրը։ Սակայն ուժերը անհավասար էին[3]։

1991 թվականին մայիս և հունիս ամիսներին ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները (ՕՄՕՆ), խորհրդային բանակի հետ համատեղ, իրականացրին «Օղակ» ռազմագործողությունը։ Դատարկվեցին Գետաշենի, Շահումյանի շրջանի գյուղերը։ Բռնատեղահանվեցին Հադրութի շրջանի մի շարք գյուղեր։ 1991 թվականին մայիսի18-ին նույն ճակատագրին արժանացան նաև Հինշեն գյուղի հայերը։ Տեղահանությունն ուղեկցվում էր բռնություններով և թալանով։

Անպարտելի հրամանատար Առնո Մկրտչյանին դավադրաբար ձերբակալեցին և, Բաքվի բանտում կտտանքների ենթարկելով, 1993 թվականին սպանեցին[3]։

Մեր այս հողը սուրբ է, Այստեղ առ այսօր ոչ մի օտար ոտք չի դրել։ Իսկ ովքեր էլ փորձել էին քեզ պես գաղտագողի մեր տարածքը մտնել, ստացել են արժանի պատիժը։ Քո ձեռքով նամակ գրիր շահին և ասա որ անհնարին է մտնել գյուղ։ Թուղթը վերցնելուց հետո կարդում են նրա մահվան դատավճիռը․ Հանուն մեր սուրբ հողի, մեր հավատի պահպանման՝ կապել ոտքերը կաղնիներից, որոնք իրարից 4 մետր հեռու են, և ծառերը բաց թողնել։ Շահը կարդում է նամակը, սթափվում և հրաման արձակում․ Զորքը հետ քաշել այս անիծված գյուղի սահմաններից։

1992 թվականին մայիսի 16-18-ը ԱՀ ինքնապաշտպանական զորամասերը ազատագրեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինն ու նրա շրջակա գյուղերը։ Ազատագրական պատերազմի տարիներին Հինշենից 8 ազատամարտիկներ զոհվել են։ ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի են արժանացել Առնո Մկրտչյանը` հետմահու և Վլադիմիր Կասյանը։ ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր է Դավիթ Ֆարսյանը[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Շեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 190 մարդ, կա 45 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 162 158 164

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ․ Աստվածածին եկեղեցի (19 դ․), եկեղեցի (1658 թ․), իջևանատուն «Փուլեն գլուխ» (միջնադար)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 9 աշակերտներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 533
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 148
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 90–93.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 462