Հիդրոերկրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Այվազովսկու գեղանկարը (1841).
ստորերկրյա ջրեր

Հիդրոերկրաբանություն (< հիդրո... և երկրաբանություն), գիտություն ստորերկրյա ջրերի մասին։ Ուսումնասիրում է դրանց բաղադրությունը և հատկանիշները, ծագումը, տարածման և շարժման օրինաչափությունները, ինչպես նաև փոխազդեցությունը ապարների հետ։ Հիդրոերկրաբանությունը սերտորեն կապված է հիդրոլոգիայի, երկրաբանության (այդ թվում՝ ինժեներական երկրաբանության), օդերևութաբանության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի և Երկրի մասին այլ գիտությունների հետ։ Հենվելով մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի տվյալների վրա, լայնորեն կիրառում է դրանց հետազոտման մեթոդները։ Ժամանակակից հիդրոերկրաբանություն ընդգրկում է երկրաբանական գիտելիքների մի լայն բնագավառ, որտեղ սկսել են զարգանալ բազմաթիվ ճյուղեր՝ ընդհանուր հիդրոերկրաբանություն, ստորերկրյա ջրերի դինամիկա, ստորերկրյա ջրերի ռեժիմի և հաշվեկշռի մասին ուսմունք, հիդրոերկրաքիմիա, հանքային, արդյունաբերական և թերմալ ջրերի մասին ուսմունք, ստորերկրյա ջրերի որոնումների և հետախուզության մասին ուսմունք, մելիորատիվ հիդրոերկրաբանություն, օգտակար հանածոների հանքավայրերի հիդրոերկրաբանություն, ռեգիոնալ հիդրոերկրաբանություն։ Ընդհանուր հիդրոերկրաբանություն ուսումնասիրում է ստորերկրյա ջրերի ծագումը, նրանց ֆիզիկական և քիմիական հատկությունները, փոխազդեցությունը ներփակող ապարների հետ։ Ստորերկրյա ջրերի դինամիկան հետազոտում է ստորերկրյա ջրերի շարժումը բնական և արհեստական գործոնների ազդեցությամբ, մշակում շահագործողական հորատանցքերի արտադրողականության և ստորերկրյա ջրերի պաշարների քանակական գնահատման մեթոդներ։ Ստորերկրյա ջրերի ռեժիմի և հաշվեկշռի մասին ուսմունքը քննարկում է ստորերկրյա ջրերի այն փոփոխությունները, որոնք ընթանում են զանազան բնական գործոնների և մարդու գործունեության ազդեցությամբ։ Հիդրոերկրաքիմիան ուսումնասիրում է ստորերկրյա ջրերի քիմիական բաղադրության ձևավորման պրոցեսները և այդ ջրերում քիմիական տարրերի միգրացիայի օրինաչափությունները։ 1930-ական թվականներին ինքնուրույն նշանակություն է ձեռք բերում ռադիոհիդրոերկրաբանությունը, որն զբաղվում է ստորերկրյա ջրերում ռադիոակտիվ տարրերի միգրացիայի հարցերով։ Հանքային, արդյունաբերական և թերմալ ջրերի մասին ուսմունքը հետազոտում է հանքային ջրերի քիմիական բաղադրությունը և ծագումը, նրանց դասակարգումը հիմնական գենետիկական տիպերի, պատկերացում է տալիս հանքային ջրերի հանքավայրերի ու ռեսուրսների մասին և լուծում դրանց գործնական կիրառման պրոբլեմները (հիմնականում առողջարանա-սանատորական բուժման համար)։ Տարբեր տարրերի (յոդի, բրոմի, բորի, ստրոնցիումի, լիթիումի, ռադիումի) բարձր պարունակությամբ ջրերը, որոնք ստացել են արդյունաբերություն անունը, ուսումնասիրվում են՝ դրանցից նշված տարրերը կորզելու նպատակով։ Թերմալ և տաք ջրերի հանքավայրերի որոնումները, հետախուզությունը և հետազոտումը կատարվում է քաղաքների և բնակավայրերի ջերմաֆիկացման համար։ Ստորերկրյա ջրերի որոնումն և հետախուզության մասին ուսմունքը մշակում է ջրամատակարարման, ոռոգման և այլ նպատակների համար անհրաժեշտ ստորերկրյա ջրերի հանքավայրերի հայտնաբերման եղանակներ, տալիս այդ հանքավայրերի քանակական և որակական գնահատականը և այլն։ Մելիորատիվ հիդրոերկրաբանությունն մշակում է ոռոգելի և չորացվող տարածքների հիդրոերկրաբանական պայմանների բարելավման մեթոդները դրանց առավել ռացիոնալ գյուղատնտեսական յուրացման նպատակով։ Օգտակար հանածոների հանքավայրերի հիդրոերկրաբանությունը զբաղվում է ստորերկրյա ջրերի ուսումնասիրությամբ հանքավայրերի երկրաբանա-արդյունաբերական գնահատման, նրանց յուրացման և մշակման խնդիրների տեսանկյունից։ Զարգանում են երկու ուղղություն. կարծր օգտակար հանածոների հանքավայրերի հիդրոերկրաբանություն և նավթագազաբեր հանքավայրերի հիդրոերկրաբանություն, որը բացատրվում է այդ օգտակար հանածոների հետախուզության, յուրացման և արդյունահանման յուրահատկությամբ։ Առանձնացվում է հանքային հիդրոերկրաբանություն, որը միջոցառումներ է մշակում ստորերկրյա ջրերի դեմ պայքարելու համար։ Ռեգիոնալ հիդրոերկրաբանություն հետազոտում է տարբեր բնական պայմաններում ստորերկրյա ջրերի տեղաբաշխման օրինաչափությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 393