Հետախուզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետախուզությունը ռազմական, թշնամու զորքերի վիճակի, գործողությունների և մտադրությունների, ինչպես նաև տեղանքի, ճառագայթային, քիմիական իրադրության և այլնի մասին տվյալներ հավաքելու միջոցառումների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է հակառակորդին բազմակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու համար։ Կազմակերպում է ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և հակաօդային պաշտպանության զորատեսակների հրամանատարությունը։ Հետախուզության միջոցների և ձևերի զարգացումը սերտորեն կապված է պատերազմավարության միջոցների և ռազմական գործողությունների փոփոխման հետ։ Դրանց կատարելագործման համեմատ հետախուզության նշանակությունը անընդհատ մեծացել է։ Ժամանակակից հետախուզությունը լինում է ռազմավարական, օպերատիվ, մարտավարական։

Ռազմավարական հետախուզությունը տարվում է անընդհատ, խաղաղ և պատերազմական ժամանակներում, թշնամու ռազմատնտեսական հզորության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով։ Օպերատիվ հետախուզության նպատակն է թշնամու և ռագմաբեմերի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը։ Մարտավարական հետախուզությունը կատարվում է ճիշտ պլանավորելու և մարտը հաջող վարելու նպատակով։ Տիեզերական հետախուզության արտասահմանյան բանակներում իրականացվում է երկրի արհեստական արբանյակների (հետախուզական և օդերևութաբանական) միջոցով և համարվում է հետախուզության ռազմավարական և օպերատիվ մասշտաբի միջոց։ Օդային հետախուզությունն իրագործվում է օդային նկարահանումների, դիտարկումների և բազմազան այլ միջոցներով։ Նավային հետախությունը կատարվում է նավատորմի վերջրյա և ստորջրյա ուժերով, տարբեր տեխնիկական միջոցներով։ Զորային հետախուզությունն իրականացվում է ցամաքային զորքերի (հետևակային, տանկային, հրետանային, ինչպես նաև ինժեներական և քիմիական) ուժերով։ Այն լայնորեն օգտագործում է էլեկտրաօպտիկական, ձայնային, ռադիոտեխնիկական և այլ միջոցներ։ Հետախուզության խնդիրների հաջող կատարումը կախված է բոլոր միջոցների սերտ համագործակցությունից և նրա լավ կազմակերպումից։ Թշնամու հետախուզության դեմ պայքարը կոչվում է հակահետախուզություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png