Հեռախոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակյակից IP հեռախոս

Հեռախոսություն, գիտության և տեխնիկայի բնագավառ, ընդգրկում է հեռախոսային կապի սկզբունքների ուսումնասիրումը և դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորման մշակումը։ Հեռախոսության խնդիրներն են ձայնական դաշտի հատկությունների և բնութագրերի ուսումնասիրումը, տրված պարամետրերով հեռախոսային ապարատների և փոխակերպիչների հաշվարկն ու նախագծումը, հեռախոսային բազմանցուղի կապի տեխնիկական միջոցների մշակումը, հեռախոսային ցանցերի, դրանց կոմուտացիոն ու կառավարող սարքավորման նախագծումը, կոմուտացիոն սարքավորման հուսալիության բարձրացման ու վերահսկման մեթոդների մշակումը։ Հեռախոսային տեխնիկայի կատարելագործումը կապված է բազմակապուղի համակարգերի մշակման, ինչպես նաև ավտոմատ հեռախոսակայանների (ԱՀԿ) համար կոմուտացիոն ու կառավարող արագագործ սարքավորման ներդրման հետ։ Էլեկտրոնիկայի և հաշվողական տեխնիկայի նվաճումների հիման վրա ստեղծվում են հեռախոսային կապի նոր, արդյունավետ տեխնիկական միջոցների համալիրներ՝ կոմուտացման քվազիէլեկտրոնային և էլեկտրոնային միջոցներ, այդ թվում նաև՝ կոմուտացման ծրագրային կառավարումով ԱՀԿ։ Տեխնիկական բազմազան պրոբլեմների լուծման համար կիրառվում են էլեկտրադինամիկական նմանակությունների տեսության մեթոդներն ու սկզբունքները, գծային և ոչգծային շղթաների տեսությունները, հավանականությունների տեսությունը, զանգվածային սպասարկման տեսությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 358