Հենրիկ Հովհաննիսյան (արվեստագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հենրիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հենրիկ Վահանի Հովհաննիսյան
Ծնվել է 1936 թ., հունիսի 3 (1936-06-03)
Ծննդավայր Գյումրի, Հայաստան

Հենրիկ Հովհաննիսյան, հայ արվեստագետ, գիտնական ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, աշխատում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես թատերագիտության բաժնի վարիչ, ղեկավարում է գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդը, հեղինակ է գիտական և հանրագիտարանային հոդվածների, հրատարակվել է գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում, կարդացել է զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցուներ։

Կենսագրություն[խմբագրել]

Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում 1936 թ. հունիսի 3-ին, ավարտել է Ա. Գրիբոյեդովի անվ. թիվ 41 հայկական միջնակարգ դպրոցը։ 1958-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա- թատերական ինստիտուտը գերազանցության դիպլոմով, 1958-1961թ.թ.-աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում որպես հաղորդավար, 1961-1964թ.թ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ, 1965-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ "Մարտիրոս Մնակյան. Կյանքը և բեմական գործունեությունը" թեմայով, 1965-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1972-ին ատեստավորվել է որպես ավագ գիտաշխատող, 1973-1974 թ. Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար, 1976-ից ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 1973-ից- հայկական սովետական հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդամ, ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ "Թատրոնը միջնադարյան Հայաստանում" թեմայով, 1990-1991 թ.թ. ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, 1992-ից Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ, 1995-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման խորհրդի նախագահ։ 2001-ից Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ 2011-ից ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական։ 2004-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Թատրոնի բաժնի վարիչ։

Հրապարակված աշխատությունները[խմբագրել]

Առանձին գրքերով հրատարակել է հետևյալ աշխատությունները.

  • Մարտիրոս Մնակյան, Երևան, 1969
  • Բեմական խոսքի պոետիկան, Երևան, 1973
  • Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978
  • Թատրոն. հին ու նոր արժեքներ (ժող.), Երևան, 1986
  • Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը, Երևան, 1990
  • Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար, Երևան, 1996
  • Ալեքսանդր Պուշկին (թարգմանություններ և առաջաբան), Երևան, 1999
  • Դերասանի արվեստի բնույթը. էսթետիկական քննություն, Երևան, 2002
  • Միջնադարյան բեմ. թատրոն- եկեղեցի հարաբեր/երությունը և հայ հեգևոր դրաման, Երևան, 2004
  • Թատրոն և թատերասիրություն (ժող.), Երևան, 2004
  • Հայ թատրոնի պատմություն. 19-դար (երկրորդ բարեփոխված հրատ.) Երևան, 2010
  • Հնագույն դրաման Հայաստանում, Երևան, 2010
  • Ստանիսլավսկու "սիստեմը" և խաղի պարադոքսը, Երևան 2012

Գիտական գործունեության ոլորտները[խմբագրել]

Թատերագիտությունը երիտասարդ գիտություն է՝ կազմավորվել է անցյալ դարի առաջին երկու տասնամյակներում և, որպես գրականագիտությունից անկախ բնագավառ, գիտակցվել է համեմատաբար ուշ։ Այստեղ որոշակի է քննադատության ու թատերական բելետրիստիկայի դիրքը լրագրության ու թատերասիրության ընդհանուր մթնոլորտում։ Ինչպես նկատել է Հենրիկ Հովհաննիսյանը, դա թատերագիտության էստրադան է՝ գիտությանը հրում տվող կենդանի խոսակցություն։ Պատմությունն ու տեսությունը, սակայն առանձնանում են թատերասիրական հանրամատչելի զրույցներից, և Հովհաննիսյանի բուն գործունեությունն ու վաստակն այս ոլորտներում են։

Հնագույն, միջնադարյան, և 19-դ. հայ թատրոնի պատմություն[խմբագրել]

Հենրիկ Հովհաննիսյանը թատերագետների երրորդ սերնդի ներկայացուցիչն է մեր իրականության մեջ, սկսել է տպագրվել 60-ական թվականներից։ Համակարգելով հայ թատրոնի պատմությունը նախաքրիստոնեական շրջանից ու վաղ միջնադարից մինչև 19-դարի վերջը՝ նա առավելապես խորացել է նախաքրիստոնեական (ancient) ու միջնադարյան (medieval) թատերագիտության մեջ։ "Թատրոնը միջնադարյան Հայաստանում. պատմության և տեսության հարցեր" խորագրով աշխատության ոլորտը միջնադարագիտական (մեդիեվիստական) թատերագիտությունն է։ Միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը Հովհաննիսյանին տրամաբանորեն հանգեցրել է այդ երևույթի բնաշխարհիկ, հետևաբար և հնագույն հիմքերի որոնմանը։ Այդ աշխատություններն են՝ '"Հայ հին դրաման և նրա պայմանաձեվերը" (1990թ), "Միջնադարյան բեմ" (2004թ.), "Հնագույն դրաման Հայաստանում" (2010թ.). Նրա "Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը" աշխատության մեջ բացահայտվում է շղթայվածի միջազգային առասպելի այնպիսի շերտեր, որոնք մոտեցնում են խորհրդապաշտական դրամայի (սիդերական միստերիա) գաղափարին և նրա գլխավոր գործող անձի՝ Շիդարի առեղծվածին։ Այդ աշխատության երեք գլուխներն առանձին-առանձին ենթադրում են մի ընթացք, որ հանգեցնելու է շարունակության՝ "Միջնադարյան բեմ" աշխատությանը, որտեղ Քրիստոնեական պատարագի պատմական հիմքերում նա տեսնում է անտիկ դրաման։ Այնուհետև "Հնագույն դրաման Հայաստանում" աշխատության մեջ լեզվական և մատենագրական տվյալների հիման վրա քննության են առնվում հայ հնագույն դրամայի ծիսային խորհրդանիշը, տարածաժամանակային պայմանաձևը և առասպելաբանական հիմքը, որպես ժամանակի և ճակատագրի դետերմինանտներ։ Հարցադրումը հանգեցնում է դրամայի ծագման նոր տեսության։ Միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը թատերագետին դուրս է բերել նեղ թատերագիտության ասպարեզից, մղել ընդհանուր միջնադարագիտության և հայագիտության ոլորտները։ Նա գիտաժողովներում (տեղական և միջազգային) զեկուցումներ է կարդացել տարբեր թեմաներով. Այս շարքում առանձնանում է 1980 թ. Դավիթ Անհաղթի 1500 ամյակին նվիրված երևանյան միջազգային գիտաժողովում կարդացած "Դավիթ Անհաղթի էսթետիկական կողմնորոշման մասին" զեկուցումը, ինչպես նաև՝ "Անտիկ դրամայի քրիստոնեական փոխակերպման" (մետամորֆոզ), "Լուսավորչի վկայաբանության միթոլոգիական պայմանաձևի" և այլ հարցերի մասին զեկուցումները։ Հովհաննիսյանի հնագույն և միջնադարագիտական-թատերագիտական աշխատություններով ոչ միայն գիտական հիմքերի վրա է դրվում հայ հին և միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը, այլև ամբողջանում է հայագիտության մի ամբողջ բնագավառ։ Այլ բնույթի է Հովհաննիսյանի "Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար" աշխատությունը։ Նա ամբողջացնում և տեսականորեն հիմնավորում է 19-րդ դարի հայ դրամատիկական թատրոնի և թատերագրության պատմությունը։ Նա այս աշխատության մեջ ոչ միայն համակարգել է պատմության ժամանակագրական շարը, այլև բուն շարադրանքում առաջադրել է հայ թատրոնի գնահատման և արժեվորման մոտեցումների և սկզբունքների մի համակարգ, որը հետագա ուսումնասիրողների համար առաջնային է դառնալու այս կամ այն դրվագը ուսումնասիրելիս։ Ինչ որ առումով այն կարելի է հայ թատերական մտքի փիլիսոփայական, գեղագիտական ընդհանրացումը համարել։

Էսթետիկա[խմբագրել]

"Բեմական խոսքի պոետիկան" աշխատությունը բեմական խոսքի պոետիկական հիմունքների համակարգման առաջին փորձն է մեզանում։ Հիմնվելով դրամայի տեսության, թատրոնի էսթետիկայի և դերասանի արվեստի ընդհանուր սկզբունքների վրա՝ փորձում է բացատրել թատերային խոսքի, որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգի, բնույթը։ Հովհաննիսյանը "Դերասանի արվեստի բնույթը" (2004թ.) աշխատությունում վերանայել է "Բեմական խոսքի պոետիկան" (1973թ.) գրքի հարցադրումները։ Գլխավոր դրույթը, սակայն մնացել է նույնը՝ բեմական խոսքը որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգ։ Նա այստեղ շեղվում է Ստանիսլավսկուց։ Նա այստեղ օգտվում է Յոհան Հայզինգայի խաղի տեսությունից, այն է գործողությունը որպես նպատակ, ներշնչման աղբյուր։ 2007թ.-ին հրատարակվել Յոհան Հայզինգայի "HOMO LUDENS" աշխատութունը՝ հոլանդերենից թարգմանված, որի խմբագիրն է Հ. Հովհաննիսյանը։ Նա գրել է գրքի առաջաբանը և "Խաղը՝ բեմական ներկայության ձևային հիմք" ծավալուն հոդվածը։ Հենրիկ Հովհաննիսյանի էսթետիկական և փիլիսոփայական մտքի վրա ազդեցություն են ունեցել Էմանուել Կանտը, Բենեդետտո Կրոչեն, Նիկոլայ Հարտմանը, Մարտին Հայդեգերը։

Քննադատություն[խմբագրել]

Հովհաննիսյանի թատերագիտական ժառանգության մեջ առանձին տեղ է զբաղեցնում քննադատությունը, որը նա համարում է իր գործունեության ֆակուլտատիվ դրսեվորումը։ "Թատրոն. Հին ու նոր արժեքներ", թատերագիտական ակնարկների և թատերախոսականների ժողովածուն ունի երկու հիմնական խնդիր՝ հին ու նոր երևույթների ներքին կապի որոնումը և թատրոնի, որպես գրականությունից անկախ գեղարվեստական գոյաձևի, հաստատումը։ "Թատրոն և թատերախոսություն" ժողովածուն ընդգրկում է հեղինակի հիմնականում վերջին մեկուկես տասնամյակում հրապարակած հոդվածները, նաև որոշ անտիպ նյութեր, հուշագրական ակնարկներ՝ ընդհանուր թեմատիկ հարցադրումով, ինչ է թատրոնը որպես անձի հրապարակային ներկայության արվեստ, հասարակական գիտակցության դրսևորում, մտածողություն և խաղ։ Շոշափվում են բեմական արվեստի տարբեր ոլորտներ՝ դրամա, էստրադա, կրկես, ստուդիական փորձ և այլն։ Այս գիրքը յուրահատուկ ամփոփումն է հեղինակի թատերական գեղագիտության։

Մանկավարժական գործունեությունը[խմբագրել]

ԵՊՀ-ի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ (1976-1980թթ), Խ.Աբովյանի անվ. Պետական Մանկավարժական համալսարան (1985-1991թթ), այս ընթացքում Գեղարվեստա-թատերական ինստիտուտում դասավանդել է վեց առարկա՝ բեմական խոսք, հայ թատրոնի պատմություն, արևմտաեվրոպական թատրոնի պատմություն, դրամայի տեսություն, թատերագիտության ներածություն, թատերական քննադատություն։

Պարգևները և կոչումները[խմբագրել]

1979-ին պարգևատրվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի գովեստագրով (N146, "Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիան բարձր է գնահատում կատարած Ձեր աշխատանքը։ ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ՝ Վ. Համբարձումյան")։ 2003-ին շնորհվել է Հայաստանի Հանրատետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (00004)։ 2008-ին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ 2011-ին պարգևատրվել է "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" I աստիճան-ի մեդալով. N0094։