Հենարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարթ ձողային համակարգերի հենարաններ, ա. հոդակապային շարժական, բ. հոդակապային անշարժ, գ. ամրակցված շարժական, դ. ամրակցված անշարժ

Հենարաններ, կառույցների կրող կոնստրուկցիաները պահող և ամրակցող հարմարանքներ։ Հենարանները կառույցի մի մասից ճիգերը փոխանցում են այլ մասերի կամ հիմնատակին։ Հենարանների կոնստրուկցիաների բազմազանությունը պայմանավորված է փոխանցվող ճիգերի մեծությամբ ու բնույթով, կրող կոնստրուկցիաների չափերով և ձևերով, օգտագործվող նյութերով, կլիմայական և այլ պայմաններով։ Բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերում հեծանների ու ֆերմաների հենարաններ են ծառայում պատերը, սյուները, կանգնակները, ինչպես նաև տարրերի (օրինակ, երկրորդական և գլխավոր սյուների) կցորդվող տեղամասերը։ Կամարները և շրջանակները մեծ մասամբ անմիջականորեն են ամրացվում շենքերի և կառույցների հիմքերին։ Կամուրջներում, հենամիջային կառույցները պահելու համար, որպես հենարաններ ծառայում են կամրջակալները և կամրջասյուները։ Շինարարական մեխանիկայում հենարաններն անվանում են կառույցների իրական հենարանների հաշվարկային սխեմաները։ Առավել տարածված հարթ ձողային համակարգերում տարբերում են հենարանների չորս հիմնական սխեմաներ (նկ.). հոդակապային (կամ գլանային) շարժական, հոդակապային անշարժ, ամրակցված շարժական, ամրակցված անշարժ։ Հոդակապային շարժական հենարաններն ամրացվող համակարգին թույլատրում են պտույտ՝ որոշակի առանցքի շուրջը և համընթաց տեղաշարժ մեկ ուղղությամբ (օրինակ, կամրջի գլանվակավոր հենարաններ)։ Այս հենարանները պատրաստվում են հոդակապով միացած երկու հենարանային սալի տեսքով։ Սալերից մեկի և հենարանային հարթության միջև տեղադրված են գլանվակները (նկ.՝ ա)։ Հենարանային հակազդումն անցնում է հոդակապի կենտրոնով և ուղղահայաց է հենարանային հարթությանը։ Հոդակապային անշարժ հենարանները թույլատրում են միայն համակարգի պտույտ՝ հենման կետի շուրջը։ Այս հենարանների կոնստրուկցիաներում բացակայում են գլանվակները (նկ. բ)։ Հենարանային հակազդումն անցնում է հոդակապի կենտրոնով և որոշվում երկու բաղադրիչով (հորիզոնական և ուղղաձիգ)։ Ամրակցված շարժական հենարանները թույլատրում են ամրացվող համակարգի միայն համընթաց տեղաշարժ (մեկ ուղղությամբ)։ Դրանք իրականացվում են ձողի և հենարանային հարթությունների միջև տեղադրված գլանվակների օգնությամբ (նկ. գ)։ Հենարանային հակազդումն ուղղահայաց է հենարանային հարթությանը և որոշվում է ուղղահայաց ուժով ու հենարանային մոմենտով։ Ամրակցված անշարժ հենարանները համակարգի ոչ մի տեղաշարժ չեն թույլատրում և իրենցից ներկայացնում են համակարգի կոշտ ամրակցում՝ զանգվածում (նկ. դ)։ Հենարանային հակազդումը կազմված է հորիզոնական և ուղղաձիգ բաղադրիչներից ու հենարանային մոմենտից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 352