Հատուկ միջնակարգ կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հատուկ միջնակարգ կրթություն, մասնագիտական կրթության ձև։ Պատրաստում է արտադրության ստորին օղակների անմիջական կազմակերպիչներ և ղեկավարներ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների օգնականներ, որոշակի որակավորում ունեցող աշխատանքի ինքնուրույն կատարողներ, որոնցից պահանջվում է ոչ միայն մասնագիտական կարողություն ու հմտություն, այլև համապատասխան տեսական պատրաստականություն։ Հատուկ միջնակարգ կրթության մի շարք մասնագիտությունների համար (բալետի, կրկեսի դերասաններ և այլն) պրոֆեսիոնալ պատրաստականության բարձրագույն աստիճանն է։ Հատուկ միջնակարգ կրթություն որպես մասնագիտական և ընդհանուր կրթության ինքնուրույն աստիճան, ձևավորվել է XX դ. 1-ին կեսին, չնայած առանձին հատուկ միջնակարգ ուսումնական հաստատություններ (տեխնիկական, բժշկական, մանկավարժական, արվեստի և այլն) երևան են եկել դեռևս XVIII դ. սկզբին։

Հատուկ միջնակարգ կրթության համակարգի ուսումնական հաստատությունների հիմնական տիպերը տեխնիկումները և ուսումնարաններն են։ Յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված է ուսումնական դիսցիպլինների որոշակի ամբողջություն և ծավալ, որոնց զուգակցումը ուսումնական և արտադրական պրակտիկային, սովորողներին զինում է գիտելիքներով, կարողություններով և հմտություններով։ Ուսումնական առարկաները բաժանվում են երեք ցիկլի, հանրակրթական, ընդհանուր տեխնիկական և մասնագիտական։ Հատուկ միջնակարգ կրթությունն ունի երեք բաժին, ցերեկային, երեկոյան և հեռակա։ Ուսումնական տևողությունը ցերեկայինում 8-ամյա դպրոցն ավարտածների համար 3—4 տարի է, միջնակարգ դպրոցն ավարտածների համար՝ 2—3 տարի (երեկոյան և հեռակա բաժիններում ուսման տևողությունը մեկ տարով ավելի է)։ Մի շարք բուհերին կից կազմակերպված են հատուկ միջնակարգ ուսումնական հաստատությունների դասատուների որակավորման բարձրացման ֆակուլտետներ (ուսման տևողությունը 4 ամիս)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 273