Հատիկավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատիկավորման օրինակ

Հատիկավորում, գրանուլացիա ( լատ. granulum— հատիկ), հատիկավոր հյուսվածք, հատիկավոր մակերևույթով, հյութալի, ալ կարմիր, երիտասարդ շարակցական հյուսվածք, որը զարգանում է վերքերի և բորբոքային օջախների ապաքինման ժամանակ։ Հարուստ է արյունատար անոթներով և երիտասարդ շարակցահյուսվածքային բջիջներով, որոնք արագ բազմանում են և փոխարինում հյուսվածքի մահացած հատվածը։ Գերաճի դեպքում հատիկավոր հյուսվածքը դուրս է ցցվում վերքի մակերեսից, աստիճանաբար ենթարկվում մեռուկացման, չորանում, առաջացնելով կեղև։ Վերջինիս տակ հասունանում է բուն հատիկավոր հյուսվածքը, որի արյան անոթների և բջիջների քանակը նվազում է, բջիջներն ունենում են ձգված տեսք, ի հայտ են գալիս շարակցահյուսվածքային թելիկներ, հյուսվածքը գունատվում է, ծավալով փոքրանում, սեղմվում, պնդանում և վերածվում ամուր, սպիտակավուն սպիի։ Վնասվածքի եզրերից էպիթելային հյուսվածքը սողում է և ծածկում նրա մակերեսը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 272