Հատերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tuatara.jpg

Հատերիա (Sphenodon punctatus)-ն, կնճիթագլուխ սողունների կարգի միակ պահպանված ներկայացուցիչն է։ Արտաքինից նման է խոշոր մողեսի։ Ողերը երկգոգավոր են։ Գանգը ոսկրային է, ունի երկու քունքային աղեղ։ Գլուխը մեծ է, վերջավորություններն ունեն հինգ մատ։ Կոպուլատիվ օրգան չունեն։ Գույնը դեղնականաչավուն է, փայլ չունի, մարմնի կողքերին և վերջավորությունների վրա կան դեղին բծեր։ Ապրում է կրծողների և մրրկահավերի բներում։ Ակտիվ է հիմնականում գիշերով։ Բազմանում է շատ դանդաղ, զուգավորվում է հունվարին, ձուն (8—15 հատ) դնում 10 ամիս անց։ Սեռահասուն է դառնում 20 տարեկանում։ Սաղմը զարգանում է 12—15 ամսում։ Սնվում է տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր մողեսներով, մրրկահավի ձվերով։ Տարածված է եղել Նոր Զելանդիայի մի շարք կղզիներում, իսկ այժմ պահպանվել է Պլենտի ծոցի 13 ժայռոտ կզիներում, որտեղ ստեղծված է հատուկ արգելանոց։ Հատերիան մտցված է միջազգային «Կարմիր գրքի» մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png