Հավերժական շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Popular Science» ամսագրի 1920 թվականի օգոստոսի համարը

Հավերժական շարժիչ (լատին․՝ Perpetuum mobile), երևակայական մեքենա, որը գործի դրվելուց հետո անսահման երկար ժամանակ աշխատանք կկատարի առանց շրջապատից էներգիա վերցնելու՝ հակասելով էներգիայի պահպանման օրենքին։ Ջերմադինամիկայի առաջին օրենքից հետևում է, որ աշխատանք կարող է կատարվել համակարգի ներքին էներգիայի փոփոխության կամ ջերմության հաղորդման հաշվին։ Շրջանային պրոցեսի ժամանակ, երբ համակարգի սկզբնական և վերջնական վիճակները համընկնում են, ներքին էներգիայի փոփոխությունը հավասար է զրոյի, այսինքն՝ աշխատանքը կատարվում է միայն շրջապատի հաղորդած ջերմության հաշվին։ Ուստի թերմոդինամիկայի առաջին օրենքը պարունակում է առաջին կարգի Հավերժական շարժիչի անհնարինության պնդումը։

Երկրորդ կարգի Հավերժական շարժիչ, պարբերական գործողության երևակայական մեքենա, որը շրջապատող մարմիններից (օվկիանոս, մթնոլորտ և այլն) վերցրած ջերմությունը ամբողջովին կփոխարկի աշխատանքի։ Այսպիսի Հավերժական շարժիչը նույնպես սկզբունքորեն անիրագործելի է։ Թեև այն ձևականորեն չի խախտում էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, սակայն հակասում է ջերմադինամիկայի երկրորդ օրենքին։

Հավերժական շարժիչի առաջին նախագծերը վերաբերում են 13-րդ դարին (Վիլարդ Օնեկուր, 1245, Անգլիա, Պիեռ դը Մարիկուր, 1269, Ֆրանսիա)։ Հավերժական շարժիչի գաղափարը լայն տարածում է ստանում 16–17–րդ դարերում, երբ սկսում է զարգանալ մեքենաների արտադրությունը։ Մինչև 19–րդ դարը նախագծերի թիվն անընդհատ աճում է։ Հավերժական շարժիչ ստեղծելու միտքը զբաղեցրել է ոչ միայն ֆիզիկայի հիմունքներին անտեղյակ մարդկանց, այլև գիտնականների։ Բազմաթիվ նախագծեր հիմնված են եղել ծանրության ուժի աշխատանքի օգտագործման վրա։ Սակայն այդպիսի մեխանիզմը կանգ կառնի, եթե գործարկման ժամանակ հաղորդված կինետիկ էներգիայի պաշարը լրիվ սպառվի։

Հավերժական շարժիչը պետք է տարբերել իրական, անընդհատ գործող շարժիչներից, որոնք աշխատանք են կատարում էներգիայի բնական պաշարների (արեգակնային, միջուկային էներգիա և այլն) հաշվին և ընդհանուր ոչինչ չունեն Հավերժական շարժիչի անիրական գաղափարի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 268