Հավելյալ արժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավելյալ արժեք, վարձու բանվորի աշխատանքով իր աշխատուժի արժեքից ավելի ստեղծած արժեք, որն անհատույց յուրացնում է կապիտալիստը։ «...Հավելյալ արժեքի արտադրությունը կամ հավելյալ աշխատանք կորզելը կապիտալիստական արտադրության սպեցիֆիկ բովանդակությունն ու նպատակն է...» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, էջ 313, 1954), կանխորոշում է արտադրողական ուժերի ու արտադրական հարաբերությունների զարգացման ուղղություններն ու տեմպերը։ Այն արտացոլում է ոչ միայն բուրժուազիայի ու վարձու բանվորների, այլև բուրժուազիայի տարբեր խմբերի՝ արդյունաբերողների, առևտրականների, բանկատերերի, նաև դրանց ու հողասեփականատերերի տնտեսական հարաբերությունները։ Հավելյալ արժեքի տեսությունը բացահայտել և գիտականորեն հիմնավորել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ»֊–ում ու մյուս աշխատություններում։ Վ. Ի. Լենինն այն անվանել է Մարքսի տնտեսագիտական ուսմունքի անկյունաքար։ Հավելյալ արժեքի արտադրության նախադրյալը հասարակության զարգացման որոշակի փուլում աշխատուժի վերածումն է ապրանքի։ Արտադրություն կազմակերպելիս կապիտալիստը արտադրամիջոցներ և աշխատուժ գնելու համար ծախսում է որոշ քանակությամբ դրամ, հետապնդելով միայն մի նպատակ՝ ստանալ իր կանխավճարած դրամից ավելի մեծ արժեք՝ հավելյալ արժեք։ Վերջինը չի կարող անհամարժեք փոխանակության արդյունք լինել, քանի որ ապրանքների առուծախն իրականացվում է արժեքի օրենքի հիման վրա։

Հավելյալ արժեքի աղբյուր չեն կարող լինել նաև արտադրամիջոցները (հաստատուն կապիտալ), որովհետև դրանք չեն ստեղծում նոր արժեք, այլ միայն իրենց արժեքը փոխանցում են նորաստեղծ արդյունքին։ Կապիտալիստն աշխատուժը գնում է այնպիսի արժեքով, որը որոշվում է այդ արժեքի վերարտադրության համար հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակի քանակով։ Նա ձեռք է բերում աշխատուժ–ապրանքի սպառողական արժեքը, որն ունի առանձնահատկություն՝ սպառման (աշխատանքի) պրոցեսում նոր, իր արժեքից մեծ արժեք ստեղծելու ունակություն։ Հետևաբար, հավելյալ արժեքի միակ աղբյուրը վարձու բանվորի աշխատանքն է։ Հավելյալ արժեք, Մարքսի բնորոշմամբ, արտադրության պրոցեսում կենդանի աշխատանքով ստեղծված և աշխատավարձի ձևով բանվորին վճարված արժեքների տարբերությունն է։ Այն հանդես է գալիս շահույթի ձևով, որն իրացման և բաշխման պրոցեսում ընդունում է ձեռնարկուական եկամտի, տոկոսի, հողային ռենտայի տեսք։ Դրանք ունեն յուրահատկություններ, իսկ ընդհանուր կողմը ստացման աղբյուրն է՝ բանվորների չվարձատրված աշխատանքը։ Հավելյալ արժեքի արտադրությունն անսահման ավելացնելու ձգտումով կապիտալիստները տարբեր եղանակներով ուժեղացնում են վարձու աշխատանքի շահագործումը։ Այդ եղանակներին համապատասխանում են հավելյալ արժեքի արտադրության երկու ձև՝ բացարձակ և հարաբերական։ Բացարձակ հավելյալ արժեք ստացվում է անհրաժեշտ աշխատաժամանակից դուրս աշխատօրվա երկարացման, աշխատանքի չարունության բարձրացման միջոցով։

Բայց աշխատողն ունի իր ֆիզիկական և սոցիալական սահմանները, և բանվոր դասակարգի կազմակերպված պայքարով, օրենսդրական ճանապարհով այն կարգավորվում է։ Հավելյալ արժեքի ավելացման մյուս եղանակը կապված է հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման ու հավելյալի ՚ երկարացման (աշխատօրվա սահմանները մնում են անփոփոխ), այսինքն՝ աշխատուժի արժեքի իջեցման հետ։ Այս եղանակին համապատասխանում է Հարաբերական հավելյալ արժեքը։ Վերջինի տարատեսակն է հավելադիր հավելյալ արժեքը։ Կապիտալիզմի զարգացմամբ հավելյալ արժեքի նորման (m′) անընդհատ աճում է։ Այն որոշվում է հավելյալ արժեքի մասսայի (m) և փոփոխուն կապիտալի (v) կամ հավելյալ և անհրաժեշտ աշխատաժամանակների հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսներով. m′=m÷v×100։ Հավելյալ արժեքի նորման արտացոլում է բանվոր դասակարգի շահագործման աստիճանը, մասսան՝ հավելյալ արժեքի բացարձակ մեծությունը, և հավասար է կանխավճարված փոփոխուն կապիտալի ու հավելյալ արժեքի նորմայի արտադրյալին. m= v.m′։ Հավելյալ արժեքի նորմայի աճին հակազդում են՝ բանվոր դասակարգի պայքարը, աշխատուժի արժեքի բարձրացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png