Հավելադիր հավելյալ արժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտալիստական համակարգի բուրգ

Հավելադիր հավելյալ արժեք, ապրանքի հասարակական արժեքի և կապիտալիստական որոշ ձեռնարկություններում դրա համեմատաբար ցածր անհատական արժեքի տարբերություն, հարաբերական հավելյալ արժեքի տարատեսակ։ Հավելադիր, ավելցուկային է, որովհետև ձեռնարկատերերը, բացի դրանից, ստանում են նաև սովորական հավելյալ արժեք։ Հավելադիր հավելյալ արժեքը կապված չէ աշխատուժի արժեքի իջեցման հետ։ Նրա աղբյուրը տվյալ ճյուղում աշխատանքի միջին արտադրողականության համեմատ տեխնիկապես կատարելագործված ձեռնարկություններում աշխատանքի առավել բարձր արտադրողականությունն է։ Դրա հետևանքով ապրանքի հասարակական և անհատական արժեքների միջև առաջացած տարբերությունը, հավելադիր հավելյալ արժեքի ձևով, իրացվում է շուկայում, ուր ապրանքի գինը սահմանվում է նրա հասարակական արժեքին համապատասխան։ Հավելադիր հավելյալ արժեքն ունի ժամանակավոր բնույթ, քանի որ արտադրության տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման շնորհիվ աշխատանքի արտադրողականությունը բարձրանում է նաև նույն ճյուղի մյուս ձեռնարկություններում, ապա ապրանքի հասարակական արժեքն աստիճանաբար իջնում ու հավասարվում է անհատականին։ Բայց հավելադիր հավելյալ արժեքը չի վերանում, այլ մի կապիտալիստից փոխանցվում է մյուսին։ Այն ստանալու ձգտումը և մրցակցային պայքարը ստիպում են որևէ ձեռնարկատիրոջ կիրառել տեխնիկական ու կազմակերպական նորույթներ, որի հետևանքով ապրանքի անհատական արժեքը հասարակականի համեմատ նորից կրճատվում է։ Հետևաբար հավելադիր հավելյալ արժեքի ստացումը կապիտալիստական հասարակարգում տեխնիկայի զարգացման դրդապատճառն է, որը, սակայն, իրականացվում է տարերայնորեն, անհամաչափ, հասարակական աշխատանքի վատնման և տեխնիկական նորույթները մրցակիցներից թաքցնելու պայմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png