Հավանականային տրամաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավանականային տրամաբանություն, հավանականության տրամաբանություն, դասական ինդուկտիվ տրամաբանության ժամանակակից ձևը։

Հավանակային տրամաբանությունը վերաբերում է հավանաբար ճշմարիտ ասույթներին (դատողություններին), այսինքն՝ այն ասույթներին, որոնց ճշմարտության համար կան որոշակի, բայց, այնուամենայնիվ, անբավարար հիմքեր (գիտելիքներ)։ Այդպիսիք են՝ ապագային վերաբերող պնդումները (այսպես կոչված՝ պատահական ասույթները), փորձնական հետազոտության եղանակներով ստացված դրույթները, որոնք արվում են որոշակի տվյալների ընդհանրացման միջոցով (կամ, այլ ըմբռնմամբ, հիմնավորվում են որոշակի առկա տվյալներով), այսինքն՝ այն եզրակացությունները, որոնք ստացվում են ոչ լրիվ ինդուկցիայով և անալոգիայով։ Այդ ասույթները Հավանակային տրամաբանության մեջ կոչվում են հիպոթեզներ՝. Հիպոթեզին վերագրվում է ճշմարտության հավանականություն (ճշմարտանմանություն, հիմնավորման աստիճան)։ Վերջինս որոշվում է հիպոթեզի հարաբերությամբ այն ասույթների նկատմամբ, որոնցով այն հիմնավորվում է։ Երբ հիպոթեզը դեդուկտիվ ճանապարհով արտածելի է այդ գիտելիքներից, ապա այն ճշմարիտ է, որքանով որ ճշմարիտ են նախադրյալները, իսկ երբ հիպոթեզը հակասում է դրանց, ապա այն կեղծ է։ Մնացած դեպքերում, երբ տեղի ունի, Կառնապի արտահայտությամբ, «ոչ լրիվ արտածում», հիպոթեզի ճշմարտության հավանականությունը գտնվում է ճշմարիտ և կեղծ նշանակությունների միջակայքում։ Բարդ (բաղադրյալ) հիպոթեզների ճշմարտության հավանականությունները որոշելու համար կիրառվում են մաթեմատիկական հավանականությունների տեսության բանաձևերը (հատկապես մեծ տեղ է տրվում Բայեսի բանաձևին)։ Ուստի հավանակային տրամաբանությունը ներկայումս հանդես է գալիս որպես մաթեմատիկական հավանականությունների տեսության ձևական աքսիոմատիկայի (Ա. Ն.Բեռնշտեյն, Ա. Ն. Կոլմոգորով) տրամաբանական մեկնաբանությունը։ Ըստ Ռ. Կառնապի և Հ. Ռայխենբախի, հիպոթեզների հավանականությունները կարող են ստանալ թվային արտահայտություն, մինչդեռ Բ. Ռասելը և Դ. Պոյան գտնում են, որ հնարավոր է արտահայտել միայն դրանց համեմատական հավանականությունը, ինչպես և հավանականության աստիճանի փոփոխությունը՝ մեծացումը կամ նվազումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 260