Հասունացում (բուսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասունացում, սերմերի և պտուղների, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական փոփոխությունների ամբողջություն, սերմի մեջ լրիվ ձևավորվում է սաղմը, կուտակվում պահեստային սննդանյութերը, վերջնականապես կազմավորվում է պտղապատյանը, որը պաշտպանում և նպաստում է սերմերի տարածմանը։ Սերմերը կազմավորվում են ձևավորման, հատիկալիցի և հասունացման փուլերում։ Ձևավորման փուլում դրանք մեծանում են և հասնում իրենց վերջնական մեծությանը։ Հատիկալիցի փուլը բնորոշվում է օրգանական նյութերի ինտենսիվ կուտակմամբ։ Սերմերում չոր նյութերի կուտակումը դադարում է, երբ խոնավությունը նվազում է մինչև 35—40%֊ի։ Հասունացման փուլը բնորոշվում է սերմերի մեջ չոր նյութերի և խոնավության կուտակման լրիվ դադարումով։ Հատիկային կուլտուրաների սերմերի հասունացումը ընթանում է 3 շրջանով՝ կաթնային, մոմային և լրիվ հասունացման։ Կաթնային հասունացման ժամանակ բույսերն ունենում են ընդհանուր կանաչ տեսք, միայն ստորին մասերում դիտվում է տերևների և ցողունի դեղնում։ Հատիկն արտաքինից կանաչավուն է, պարունակում է կաթնանման հեղուկ, որի մեջ օսլան գտնվում է կախույթի ձևով։ Սերմերում օրգանական նյութերի կուտակումը շարունակվում է։ Սաղմը լրիվ ձևավորված է, բայց աճը ավարտված չէ։ Մոմային հասունացման շրջանում բույսերը գրեթե ամբողջությամբ դեղնում են, կանաչ գունավորումը պահպանվում է միայն ցողունի վերին հանգույցներում։ Սերմն ունենում է մոմային կազմություն, դեղին գունավորում։ Օրգանական նյութերի կուտակումը, սաղմի աճն ու զարգացումը դադարում է։ Լրիվ հասունացման շրջանում բույսերն ամբողջովին դեղնում են։ Սերմերը պնդանում են։ Սաղմը լրիվ ձևավորված ու զարգացած է։ Սերմերն ունեն բարձր ապրանքային որակ։ Դրանց ծլունակությունը սկզբում ցածր է, բայց ետբերքահավաքային հասունացումն անցնելուց հետո հասնում է բնականոն վիճակի։ Հնդավոր պտղատու կուլտուրաների մոտ տարբերում են պտուղների հասունացման քաղիև տեխնիկական փուլերը։ Առաջին դեպքում բույսից քաղված պտուղները կարող են հասունանալ, ձեռք բերել պահանջվող գույնը, համը և բույրը։ Տեխնիկական հասունացման ժամանակ պտուղներն ունեն տվյալ սորտին հատկանշական գույն, համ և բույր։ Հասունացման վրա ազդում են օդի ջերմությունը և հարաբերական խոնավությունը, եղանակը, հողի խոնավությունն ու բերրիությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 257