Հասարակական դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասարակական դաշինք, փիլիսոփայական և իրավական ուսմունք, որը հասարակության և պետության ծագումը համարում է մարդկանց փոխհամաձայնության արդյունք, որով իբր բնական անապահով վիճակից անցում է կատարվել քաղաքացիականին։ Հասարակական դաշինքի գաղափարը առաջադրել է Էպիկուրը (թեև դրա արտահայտություններ եղել են նաև ավելի վաղ շրջանում)։ Որպես ամբողջական ուսմունք հասարակական դաշինքը առաջացել է Արևմտյան Եվրոպայում։ Այն հարաբերությունների զարգացման հետևանք էր և դարձել է ֆեոդալիզմի դեմ պայքարի գաղափարական նախադրյալ։ Հասարակական դաշինքի տեսության հիմնադիրը Հ. Գրոտիոսն է։ Ի հակադրություն իշխանության աստվածային ծագման ուսմունքների, հասարակական դաշինքի կողմնակիցները, ելնելով բնական իրավունքից, պնդում էին, որ պետական կառավարումը կազմավորվել է ազատ ու անկախ անհատների փոխպայմանավորվածությամբ՝ մարդու բնածին իրավունքը, անվտանգությունն ու սեփականությունը ապահովելու նպատակով։ Մարդկանց մինչհասարակական վիճակը բնորոշվել է կամ որպես համընդհանուր պատերազմ, ուր մարդը մարդու համար գայլ է (Թ. Հոբս), կամ բնական ազատության ու հավասարության վիճակ (Ջոն Լոք, Ժան-Ժակ Ռուսո

Հասարակական դաշինքի տեսության արմատական-հեղափոխական ըմբռնմամբ պետությունն առաջացել է դաշինքով և պայմանադիր կողմերից մեկն է, հետևաբար, իր պարտականությունները չկատարելու կամ իրավունքները չարաշահելու դեպքում, ազատ քաղաքացիներն իրավունք ունեն ըմբոստանալու և տապալելու այն։ Հասարակական դաշինքի տարբեր ըմբռնումները բնորոշ են նաև Բ. Սպինոզային, Դ. Դիդրոյին, Ա. Պուֆենդորֆին, Թ. Ջեֆերսոնին, Ա. Ռադիշչևին։

Հասարակական դաշինքի և բնական իրավունքի գաղափարներն արտահայտել են նաև XVIII — XIX դդ. հայ առաջավոր մտածողները (Հ. էմին, Շ. Շահամիրյան, Մ. Բաղրամյան, Խ. Աբովյան, Ա. Բագրատունի, Մ. Թաղիադյան, Մ. Աղաչրաղյան և ուրիշներ)։ Այդ գաղափարները նրանք դարձրել են հասարակագիտական և սոցիալ-քաղաքական հայացքների մշակման ելակետ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութեր Հայկական Սովետական հանրագիտարանից, էջ՝ 249

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 249