Հաշվիչ-վճռող սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաշվիչ վճռող սարք, անընդհատ ֆիզիկական մեծությունների հետ (որոնք համարվում են լուծվող մաթեմատիկական խնդրի փոփոխականների մոդելներ) մաթեմատիկական գործողություն կատարող սարք։ Պարզագույն հաշվիչ-վճռող սարք մեկ որոշակի մաթեմատիկական գործողության (օրինակ, գումարման, բազմապատկման, ինտեգրման) մոդելն է։ Այդպիսի հաշվիչ-վճռող սարք տվյալ մաթեմատիկական գործողությունը կարող է ավտոմատ կամ կիսավտոմատ իրականացնել մաթ. մեծությունների մոդելներին համապատասխանող ֆիզիկական մեծությունների միջոցով։ Հաշվիչ-վճռող սարքերը լինում են մեխանիկական, էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային, օպտիկական, հիդրավլիկական մագնիսական և այլն։

Ամենատարածվածը էլեկտրոնային հաշվիչ-վճռող սարքերն են, որոնցում որպես մոդելացնող ֆիզիկական մեծություն օգտագործվում է էլեկտրական հոսանքը կամ լարումը։ Հաշվիչ-վճռող սարքերն ըստ կատարող գործողության լինում են գումարող, բազմապատկող-բաժանող, ինտեգրող-դիֆերենցող, հատուկ նշանակության և բազմակողմանի, որոնք իրականացնում են մեկ կամ երկու փոփոխականների ֆունկցիաներ։ Հաշվիչ-վճռող սարքերի հիմնական մասը օպերացիոն ուժեղացուցիչներն են, որոնք ունեն մեծ ուժեղացման գործակցով հաստատուն հոսանքի ուժեղացուցիչ և արտաքին տարրերով պայմանավորված բացասական հակադարձ կապ։

Պարզ Հաշվիչ-վճռող սարքերից կազմվում են բարդ Հաշվիչ-վճռող սարքեր, որոնք կարող են լինել որոշակի մաթեմատիկական կախվածության կամ կախվածությունների մոդելներ։ Մեկ որոշակի համակարգի մոդելը իրագործող Հաշվիչ-վճռող սարքերը պատկանում են անալոգային հաշվիչ վճռող մեքենաների դասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 240