Հանքարանային տրանսպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղի հանման մեքենա

Հանքարանային տրանսպորտ, հանքի ստորգետնյա փորվածքներով բեռների տեղափոխում։ Ստորգետնյա հանքամշակման դեպքում հանքարանային տրանսպորտի օգտակար հանածոների արդյունահանման հիմնական պրոցեսներից է, որին բաժին է ընկնում աշխատանքային և արժեքային ծախսերի մոտ 30%֊-ը։ Հանքարանային տրանսպորտի հիմնական բեռը հանքազանգվածն է (օգտակար հանածո, դատարկ ապար)։ Օժանդակ բեռներ են մեքենաները, սարքավորումը, ամրակապման նյութերը։ Հանքարանային տրանսպորտի միջոցներով մերձհանքափողային, բակից դեպի հանքախորշեր և հակառակ ուղղությամբ տեղափոխում են նաև մարդկանց; Տարբերում են բերման (հանքային զանգվածի տեղափոխում փորվածքաճակատից գծատարման փորվածքներ կամ հանքաքարաիջանցքներ), բացատարման (փոխադրում հիմնական հանքափորվածքներով) և հանքարանային վերհանման (տեղափոխում ուղղահայաց և 30°-ից ավելի թեքության անկյունով հանքափորվածքներով) եղանակներ։ Հանքարանային տրանսպորտի միջոցները լինում են անընդհատ (կոնվեյերներ, ինքնահոս սարքեր, խողովակաշարեր) և ընդհատ (ռելսային, անռելս ինքնագնաց, կեռաշերեփային փոխադրամիջոցներ) գործողության։ Հանքարանային տրանսպորտի սխեմաների և միջոցների ընտրությունը կատարում են, ելնելով բեռնահոսքի մեծությունից, օգտակար հանածոյի տեղադիրքից ու ֆիզիկամեխանիկական հատկություններից, միաժամանակ մշակվող հորիզոնների թվից, ընդունված մշակման համակարգից։ Հանքարանային տրանսպորտի համար հեռանկարային են խոշորակտոր բեռների փոխադրման նպատակով հարմարեցված կոնվեյերների կիրառումը, լոկոմոտիվների կցորդման քաշի և գնացքների զանգվածների ավելացումը, մեծ տարողությամբ (մինչև 10 մ3) վագոնետների օգտագործումն ու դրանց կոնստրուկցիաների բարելավումը։ Հանքարանային դաշտի սահմաններում ստորգետնյա աշխատանքների համար երկրի մակերևույթ անմիջական ելք ունեցող, համեմատաբար մեծ լայնական հատվածքով ու խորությամբ, ուղղաձիգ կամ թեք ստորգետնյա բացող փորվածք։ Հանքերը լինում են հետախուզական, շահագործման, ստորգետնյա աշխատանքների սպասարկման (հորաններ), գլխավոր և օժանդակ։ Օգտակար հանածոները երկրի մակերևույթ են հանվում հիմնականում գլխավոր հանքերով։ Օժանդակ հանքերն օգտագործվում են օդափոխման, ջրահեռացման և այլ նպատակներով։ Գոյություն ունեն նաև կույր հանքեր, որոնք երկրի մակերևույթ անմիջական ելք չունեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 236