Հանճարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանճարը
անգլ.՝ The "Genius"
ՀեղինակԹեոդոր Դրայզեր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1915

«Հանճարը» Թեոդոր Դրայզերի կիսակենսագրական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1915 թ.։ Այն պատմում է մի նկարչի՝ Յուջին Վիտլայի կյանքի մասին, որի ուժեղ սեքսուալ ցանկությունները թույլ են տալիս գրքին բացահայտել արվեստի, բիզնեսի, սիրո, սեքսի և բարոյականության հիմնահարցերը։ Գիրքն անմիջապես արգելվեց «պոտենցիալ անպարկեշտ» բնորոշվելու պատճառով[1] և չստացավ լայն տարածում մինչև 1923 թվականը, երբ վերահրատարակվեց և մեծ հաջողություն ունեցավ. կարճ ժամանակամիջոցում վաճառվեց ավելի քան 40 հազար օրինակ[2]։ Գիրքը բաղկացած է 3 մասից. առաջին մասը վերնագրված է «Երիտասարդություն», երկրորդ մասը՝ «Պայքար», երրորդ մասը՝ «Ապստամբություն»։

Դիպաշարը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանճար»-ը բազմապլան վեպ է, որի բովանդակությունը լրիվ բացահայտելու համար տարբեր կողմերից պետք է մոտենալ։ Յուջին Վիթլան, որին բնաբանը դիմում է, վեպի գլխավոր հերոսն է «հանճարը»։ Կերպարի զարգացումն ու ամբողջացումը կատարվում է «սոցիալական կենսագրության» նկարագրության սկզբունքով՝ այսինքն տրված է բնավորության ձևավորման պրոցեսը։ Գիրքը սկսվում է Յուջին Վիտլայի պատանեկության տարիների նկարագրումից, ով ապրում էր իր ծնողների հետ։ Տղան ինքնամփոփ էր և սիրահարված էր Ստելլային։ Որոշ ժամանակ ընկերություն անելուց հետո Ստելլան լքում է նրան։ Յուջինի սիրտը կոտրվում է և նա որոշում է հեռանալ հայրական տնից և կառուցել սեփական կյանքը իր ուժերով։ Նա հակում ուներ դեպի նկարչությունը և, գնալով Չիկագո, ընդունվում է արվեստի դպրոց, որտեղ նրա տաղանդը էլ ավելի զարգանում է։ Հետագայում նա սկսում է աշխատել։ Նախ սկսում է նկարազարդել ամսագրերը, իսկ հետո՝ տեղափոխվելով Նյու-Յորք սկսում է նկարել կտավներ։ Նա նկարում էր քաղաքային տեսարաններ, և այդ ամենը շատ էր դուր գալիս արվեստասեր հասարակությանը։ Նրան մեծ ապագա էին խոստանում։ Նա սիրում էր ամեն գեղեցիկ բան, հատկապես գեղեցիկ կանանց։ Իսկ կանայք էլ նրան էին սիրում։ Նա, հետևելով իր տված խոստումին, ամուսնանում է Անջելայի հետ, ով տարիներ շարունակ մնում է նրա կողքին թե հիվանդության ժամանակ, թե աղքատության ու թշվառության ժամանակ։ Իսկ Յուջինը չնայած ամուսնացած լինելուն հրապուրվում և սիրահարվում էր երիտասարդ ու գեղեցիկ կանանց. նրա մտքին միայն տասնութամյա գեղեցիկ աղջիկներն էին, սեքսը և իր սիրելի աշխատանքը՝ նկարչությունը։

Գիրքը վերջանում է այն տեսարանի նկարագրությամբ, թե ինչպես է Անջելան գտնում Յուջինի հերթական սիրուհուց ստացված նամակի կտորտանքները և համոզվում, որ տարիներ շարունակ իր կողմից աստվածացված ու սիրված ամուսինը դավաճանել ու ստել է իրեն անամոթաբար։

Դրայզերի վեպը ընթերցողի առջև դնում է մի ընտանեկան դրամա, որի մոտիվները պետք է որոնել Յուջին Վիթլայի անհատական խառնվածքի մեջ։ Վեպը ցույց է տալիս բարքերի քայքայումը, կրքերի հախուռն ու անպարկեշտ դրսևորումը, քաղքենիական միջավայրի կեղծավորությունը։ Սակայն, վեպի հիմնական խնդիրն արվեստի ու արվեստագետի ճակատագիրն է։ Գիրքը այնպիսի մի պատմություն է, որ նույնիսկ ամենաանհետաքրքիր ընթերցողին կարող է գցել իր ճիրանները և սարքել շատ զգացմունքային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vice Society Assails Book» (pdf). Նյու Յորք Թայմս. 1916 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  2. Tom Dardis, Firebrand: The Life of Horace Liveright, The Man Who Changed American Publishing (New York: Random House, 1995), pp. 75, 85.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]