Հանգուցյալները
| Ուրացողները The Departed |
|
| Ժանր | Դրամա Թրիլեր Կրիմինալ |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ Հոնգկոնգ |
| Թվական | 2006 |
| Պրեմիերա | հոկտեմբերի 6, 2006 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Մարտին Սկորսեզե |
| Պրոդյուսեր | Բրեդ Փիթ Բրեդ Գրեյ Գրեհեմ Քինգ |
| Սցենարիստ(ներ) | Ուիլյամ Մոնահան Ֆելիքս Չոնգ Ալան Մակ |
| Դերակատարներ | Լեոնարդո ԴիԿապրիո Մեթ Դեյմոն Ջեք Նիկոլսոն Մարկ Ուոլբերգ Մարտին Շին |
| Օպերատոր | Մայքլ Բալհաուս |
| Երաժշտություն | Հովարդ Շոր |
| Մոնտաժ | Թելմա Շչունմեյկեր |
| Ընկերություն | Warner Bros. |
| Տևողություն | 151 րոպե |
| Բյուջե | 90,000,000 ԱՄՆ դոլար [1] |
| Շահույթ | $289 847 354[1] |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0407887 |
| Կայք | Պաշտոնական |
«Հանգուցյալները» (անգլ. The Departed), 2006 թվականի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ` հոնգկոնգյան «Դժոխային Հարցեր» թրիլերի ռեմեյք: «Հանգուցյալները» ֆիլմի սցենարը գրել է Ուիլյամ Մոնահանը հիմնվելով Ֆելիքս Չոնգի և Ալան Մակի օրիգինալ ստեղծագործության վրա:
Ֆիլմը 4 Օսկար կինոմրցանակ է ստացել հետևալ անվանակարգերում` Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար, մոնտաժ, ադապտացված սցենար[2]:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Ֆիլմը սկսվում է հիմնական ծավալվող դեպքերից մի քանի տարի առաջ, Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում: Խոշոր հանցագործների խմբի պարագլուխ Ֆրենկ Կոստելոն խանութում տեսնում է 10 ամյա Քոլին Սալիվանին, և որոշում վերցնել նրան հանցագործ աշխարհ: Կոստելոն պատրաստվում է ապագայում Սալիվանից սարքել իր համար ոստիկանությունում աշխատող լրտես: Անցնում են տարիներ և Սալիվանը (Մեթ Դեյմոն) Բերիգանի (Ջեյմս Բեջ Դեյլ), Բռաունի (Էնթոնի Անդերսոն) և Բիլի Քոսթիգանի (Լեոնարդո ԴիԿապրիո) հետ ավարտում է Մասաչուսեթսի ոստիկանական ակադեմիան:
Ընդունվելով աշխատանքի նահանգի ոստիկանությունում, Սալիվանը սկսում է փոխանցել ինֆորմացիան Կոստելոին, իսկ այդ ժամանակ կապիտան Կուինանը (Մարթին Շին) սերժանտ Դիգնամի (Մարկ Ուոլբերգ) հետ միասին իմանալով Քոսթիգանի ոչ մաքուր անցյալի մասին, որոշում են օգտագործել նրան որպես ոստիկան լրտես: Քոսթիգանին ուղարկում են հարձակում կատարելու, որից հետո նստեցնում են բանտ, իսկ այնտեղից դուրս գալով, Քոսթիգանը հրամանով սկսում է վաճառել թմրանյութեր, որպեսզի գրավի Կոստելոի ուշադրությունը, մտնի նրա շրաջապատ և ոստիկանության համար լրտեսություն անի: Սալիվանի պաշտոնը շուտով բարձրացնում են և նա անցնում է հատուկ հետաքննություններ բաժին, որը գլխավորում է կապիտան Էլերբին (Ալեք Բոլդուին): Նույն ժամանակ Քոսթիգանը միտումնավոր կռիվ է անում Կոստելոի բարում, ինչի շնորհիվ արժանանում է նրա ուշադրությանը: Կոստելոն ստուգում է Բիլիին և վերցնում իր թիմ: Սալիվանը վերելակում ծանոթանում է հանցագործների հոգեբան Մեդոլին Մեյդենի հետ (Վեռա Ֆարմիգա), նրանց մոտ ձևավորվում են ռոմանտիկ հարաբերություններ, նույն Մեդոլինն էլ միևնույն ժամանակ աշխատանքի բերումով հետևում է Քոսթիգանի հոգեկան վիճակին: Քոսթիգանը Կոստելոի աջ ձեռքի` Պարոն Ֆրանսիացու (Ռեյ Ուինսթոն) հետ միասին մասնակցում է մի քանի հանցագործությունների և զուգահեռ ինֆորմացիա հավաքում:
Մեկ տարի անց Կոստելոն պատրաստվում է չինացիներին վաճառել հռթիռների համար նախատեսված գողացված միկրոսարքավորումները: Գործարքի նույն շենքում` առանձին սենյակում հավաքվում են նաև ոստիկանները: Երբ Դաշնային հետաքննությունների բյուրոյի աշխատակիցները փորձում են հեռախոսների միջոցով գտնել Կոստելոի մարդկանց կոնկրետ կորդինատները, Սալիվանը թաքուն կերպով հաղորդագրություն է ուղարկում Կոստելոին հայտնելով, որ նրանք անջատեն հեռախոսները: Սալիվանի մտահաղացումը աշխատում է` Կոստելոն հասցնում է կատարել գործարքը և փախչել: Երբ արդեն պարզ է դառնում, որ երկու կողմում էլ կան լրտեսներ, Քոսթիգանը խուճապի է մատնվում: Սալիվանը տեղափոխվում է նոր բնակարան Մեդոլինի հետ միասին, նա խնդրում է Կոստելոին որպեսզի Կոստելոն հավաքի իր բոլոր մարդկանցից ամբողջ կենսագրությունը` բանկային, հեռախոսային համարները, որպեսզի ստուգի ոստիկանության տվյալների բազայում և գտնի լրտեսին: Քոսթիգանը իմանալով ինֆորմացիա տալու մասին, ասում է, որ պարտավոր չէ դա անել և հեռանում է, մինչ այդ Կոստելոն արգելել էր իր մարդկանց լքել բարի տարածությունը: Քոսթիգանը իր հերթին հայտնաբերում է, որ Կոստելոն աշխատում է Դաշնային հետաքննությունների բյուրոյի համար: Կոստելոն և Սալիվանը հանդիպում են կինոթատրոնում, որտեղ Կոստելոն Սալիվանին ծրարով հանձնում է իր մարդկանց ինֆորմացիան: Քոսթիգանը նույնպես գտնվում է այդ կինոթատրոնում և հետևում է Սալիվանին, սակայն Սալիվանը նկատում է, որ իրեն հետապնդում են, նա պատահական մարդու դանակահարության գնով կարողանում է փախչել: Ոստիկանությունում Սալիվանին տալիս են առաջադրանք, բացահայտել թե ով է իրենց միջից լրտեսը, այսինքն նա պետք է գտնի հենց իրեն:
Սալիվանը փորձում է գցել ամբողջ մեղքը կապիտան Կուինանի վրա, հույս ունենալով, որ նրա միջոցով կգտնի Քոսթիգանին: Սալիվանը հրամայում է ոստիկաններին, որպեսզի նրանք հետևեն Կուինանին, ոստիկանները զարմանում են թե ինչու են նրանք հետևում իրենց կապիտանին: Այնուամենայնիվ կատարելով հրամանը ոստիկանները հասնում են մի շենքի մոտ, որի մեջ մտնում է Կուինանը, ոստիկանները մինչ ներքևում սպասում են, Քոսթիգանը և Կուինանը հանդիպում են շենքի տանիքին, Քոսթիգանը հաղորդագրություն է ստանում Կոստելոի մարդկանցից և հասկանում է, որ Կուինանին հետևել են: Կուինանը ասում է, որ Քոսթիգանը փախչի, իսկ մինչ այդ նա կզբաղեցնի Կոստելոի մարդկանց: Հենց Քոսթիգանը դուրս է գալիս շենքից նրա դիմաց ընկնում է Կուինանի մարմինը: Ներքևում սպասող ոստիկաները տեսնելով դա դուրս են գալիս մեքենայից, նույն պահին շենքից դուրս են գալիս Կոստելոի մարդիկ, սկսում են կրակոցներ, իսկ Քոսթիգանը չկորցնելով իրեն վազում է Կոստելոի մարդկանց մոտ և ձևացնում իբրև թե նա ուշացել է, նրանց հաջողվում է փախչել: Կուինանի մահի պատճառով Սալիվանը և Դիգնամը կռվում են, Դիգնամը, ով կասկածում է Սալիվանին որպես լրտես, հեռանում է գործից:
Կուինանի փաստաթղթերը ուսումնասիրելով Սալիվանը գտնում է Քոսթիգանի տված թուղթը, որի վրա գրված էր, որ Կոստելլոն Դաշնային հետաքննությունների բյուրոյի համար է աշխատում, Սալիվանը սկսում է վախենալ, որ նրա իրական դեմքը շուտով կբացահայտվի: Սալիվանը Կուինանի հեռախոսով զանգահարում է Քոսթիգանին ներկայանալով որպես ոստիկան, ով զբաղեցրել է Կուինանի տեղը: Սալիվանը առաջարկում է Քոսթիգանին դուրս գալ գործից և վերադառնալ իր մրցանակի հետևից: Մի քանի օր հետո Կոստելոն իր մարդկանց հետ գնում է լքված պահեստ, որպեսզի վերցնի կոկաինի մի մասը: Սալիվանը գլխավորելով ոստիկաններին շրջափակում է պահեստը: Սկսում է ընդհարում, ինչի ընթացքում Կոստելոի բոլոր մարդիկ մահանում են, իսկ Սալիվանը ինքը սպանում է Կոստելոին, գիտակցելով, որ նա աշխատում էր ոստիկանների համար: Այդ ամենից հետո Սալիվանը խոսում է Քոսթիգանի հետ ոստիկանությունում, երբ Քոսթիգանը հարցնում է Կոստելոի լրտեսի մասին, Սալիվանը պատասխանում է` «մենք կգտնենք այդ այլանդակին»: Սալիվանը թողնում է Քոսթիգանին իր գրասենյակում միայնակ, որպեսզի ստուգի նրա տվյալները համակարգչով:
Այդ ժամանակ Քոսթիգանը պատահաբար տեսնում է սեղանի վրա դրված ծրարը, այն ծրարը, որի մեջ Կոստելոի մարդկանց ինֆորմացիան էր, որի մեջ նա հրաժարվել էր դնել իր համարները: Քոսթիգանը հասկանում է, որ Սալիվանը Կոստելոի լրտեսն է, և թաքուն կերպով հեռանում է ոստիկանությունից: Քոսթիգանը գաղտնի կերպով հանձնում է Մեդոլինին մի ծրար, և ասում, որ այն պետք է բացել միայն այն դեպքում երբ նրա հետ մի բան տեղի կունենա: Ավելի ուշ Քոսթիգանը Սալիվանի տուն է ուղարկում Սալիվանի և Կոստելոի բոլոր խոսակցությունների ձայնագրությունները, որը հենց Կոստելոն էլ ձայնագրել էր: Մեդոլինը առաջին է հասցնում լսել ձայնասկավառակը, լսելով այն և իմանալով իր ապագա ամուսնու իրական դեմքը Մեդոլինը փակվում է սենյակում: Քոսթիգանը և Սալիվանը պայմանավորվում են հանդիպել այն նույն շենքի տանիքին որտեղ մահացել էր Կուինանը: Հանդիպման ժամանակ Քոսթիգանը ձերբակալում է Սալիվանին, շենքի տանիք է բարձրանում նաև Բրաունը, ստացվում է խառը իրավիճակ, Բրաունը հավատալով Քոսթիգանին թույլ է տալիս մտնել վերելակ, իսկ ինքը Բրաունը իջնում է մյուս վերելակով: Վերելակի մեջ Սալիվանը խոստովանում է, որ բացահայտվել է, և խնդրում է միանգամից սպանել իրեն, և ոչ թե հանձնել դատարանին: Վերելակի դռները բացվում են և Բերիգանը կրակոցով սպանում է Քոսթիգանին, իսկ հետո Բրաունին: Բերիգանը ևս մեկ ոստիկան էր, ով աշխատում էր Կոստելոի համար: Բերիգանը հանում է Սալիվանից ձեռնաշղթաները, և ասում, որ պետք է գործել միասին: Ապշած Սալիվանը խնդրում է ատրճանակը Բերիգանից և մաքրում այն մատնահետքերից ապա սպանում Բերիգանին: Սալիվանը Քոսթիգանի թաղումն է այցելում, որտեղ Մեդոլինը արցունքները աչքերին հրաժարվում է խոսել իր հետ: Սալիվանը միայնակ վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում է Դիգնամը: Սալիվանը ասում է «Հա լավ» (անգլ. Okay), ինչից հետո Դիգնամը սպանում է նրան և հեռանում: Պատշգամբով վազում է առնետ, պատուհանից բացվում է տեսարան Մասաչուսեթսի Կապիտոլիի վրա, որը Սալիվանի ամբիցիաների խորհրդանիշն էր:
Հետաքրքիր Փաստեր[խմբագրել]
- Ի սկզբանե ֆիլմի նկարահանումները պետք է կատարվեին Բոստոն քաղաքում, որտեղ էլ տեղի են ունենում ֆիլմում կատարվող գործողությունները, սակայն ֆիլմը նկարահանվեց Նյու Յորքում:
- Մեթ Դեյմոնը որոշակի ժամանակ աշխատել է Մասաչուսեթսի ոստիկանությունում, որպեսզի ավելի լավ պատրաստվի իր դերին:
- Ռոբերտ Դե Նիրոն կարող էր դեր ստանալ ֆիլմում:
- Մեդոլինի դերը կարող էին ստանալ Քեյթ Ուինսլեթը և Հիլարի Սուենկը:
- «fuck» բառը ֆիլմում օգտագործվում է 237 անգամ:
Աղբյուրներ[խմբագրել]
Արտաքին հղումներ[խմբագրել]