Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք, հանրագիտարան, որը կազմվել է Մհեր Իշխանի Հակոբյանի կողմից 1999-2009 թվականների ընթացքում և առաջին հրատարակությունն է ստացել 2007-2009 թվականների ընթացքում։ Հայ ժողովրդի ռազմական պատմության հավաքածու, որում հավաքված է տեղեկատվություն մ.թ.ա. 3000 - մ.թ. 2008 թվականների ընթացքում հայկական բանակի և հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած ճակատամարտերի ու պատերազմների մասին, ինչպես նաև ճակատամարտերի ու պատերազմների մասին տեղեկատվություն, որոնք տեղի են ունեցել Հայաստանի 18 նահանգներում առանց հայերի մասնակցության։ Գիրքը պարունակում է տեղեկություն 6342 մարտական գործողության մասին, որոնք լրացվում են ծանոթագրություններով, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջանի հայ ու այլազգի ռազմիկների նկարներով։

Բովանդակությունը[խմբագրել]

Տարեգրքում ի մի են հավաքված հայկական բանակի և հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած ճակատամարտերը ու պատերազմները, ինչպես նաև ճակատամարտերը և պատերազմները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի 18 նահանգներում առանց հայերի մասնակցության։ Տարեգիրքը իր տեսակի մեջ նախադեպը չունի։ Ուսումնասիրված են բացառիկ թեմաներ, որոնք համակարգված տեսքով բացակայում են այլ աշխատությունների մեջ, օգտագործվել են վերջին գիտական նվաճումները հայոց ու ռազմական պատմության բնագավառներում։

Աշխատության մեջ զգալի տեղ է հատկացված այն պատերազմներին և ճակատամարտերին, որոնցում հայ ռազմուժը Հայաստանում և Հայաստանի տարածքից դուրս այս կամ այն ձևով մասնակցել է որպես դաշնակից՝ կռվող հիմնական կողմերից մեկի բանակի կազմում։ Ընդ որում եթե Հայաստանի տարածքում մղված դաշնակցային պատերազմների վերաբերյալ դեռ կա քիչ թե շատ թեև ոչ համակարգված, ոչ լրիվ ու կցկտուր ինֆորմացիա, ապա Հայաստանի տարածքից դուրս մղված դաշնակցային պատերազմները գրեթե ուսումասիրման ենթարկված չեն, իսկ օտար պետությունների բանակներում Հայկական ռազմուժի ունեցած դերի հարցը մատնված է լիակատար անուշադրության։

Աշխատությունում նկարագրված են նաև Հայաստանի տարածքում Հայ ռազմուժի բացակայության պայմաններում օտար բանակների միջև տեղի ունեցած պատերազմները և ճակատամարտերը։

Այսպիսով գիրքը օգնում է պատկերացում ստանալ որևէ ժամանակաշրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ամբողջական պատկերի նկատմամբ, քանի որ տարաբնույթ աղբյուրներում ցրված ինֆորմացիան, որը այլ փաստերից առանձնացված ուսումնասիրելը հստակ պատկերացում չի տալիս ուսումնասիրվող երևույթի նկատմամբ, իր տրամաբանական հիմնավորումն ու տեղն է գտնում այլ փաստերի հետ համակարգված դիտարկելիս։ Ասվածի օրինակ կարող է հանդիսանալ սույն գրքում դեպի Հայաստան Արաբական խալիֆության, Սելջուկյան սուլթանության և Մոնղոլական կայսրության արշավանքների ու Հայաստանի փուլային գրավման նկարագրությունը, ինչպես նաև Իկոնա-Մոնղոլական I պատերազմի (1242-1243) շարադրանքը։ Իր հերթին որևէ ժամանակաշրջանում ընթացած ռազմական գործողությունների ամբողջական համայնապատկերը ուսումնասիրելը հնարավորություն է ընձեռնում նկատել կիրառված տակտիկական և ստրատեգիական հնարքները, քանի որ մեկ օրինակը դիտարկելիս դրանք սովորաբար աննկատ են մնում, սակայն ամբողջական դիտարկման դեպքում որպես կանոն երևում են հստակորեն։

Աշխատությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել նաև տարբեր ժամանակներում Հայաստանի հարևան երկրների պետությունների և նրանց բանակների տարեգրությունների համար, քանի որ նրանից հնարավոր է համակարգված կերպով պատկերացում ստանալ տարածաշրջանում տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմների մասին (օրինակ՝ Պարսկա-Բյուզանդական կամ Թուրք-Պարսկական պատերազմներ), կամ էլ առնվազն հետևել և հասկանալ ռազմական գործողությունների զարգացման հիմնական էտապները կոնկրետ պատերազմի ընթացքում։ Ընդ որում, եթե առանձին պատերազմների մասին, թեև ոչ համակարգված, ապա այնուամենայնիվ կա գրականություն, ապա որոշ պատերազմներ էլ համակարգված տեսքով ներկայացված են առաջին անգամ (օրինակ՝ Արաբա-Խազարական պատերազմները կամ XVIII դարի կեսերից մինչև դարի վերջ հարևան խանությունների դեմ Քարթլիի թագավորության մղած պատերազմները)։ Կարևոր է նշել, որ նույնիսկ քիչ թե շատ ուսումնասիրված տարածաշրջանային պատերազմները նմանատիպ ամբողջական տեսքով այնուհանդերձ դժվար է գտնել որևէ աշխատության մեջ, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ, մի բացթողում, որը փորձ է արվել լրացնել Տարեգրքով (օրինակ՝ Հայպարթևա-Հռոմեական I պատերազմ (մ.թ.ա 54 - մ.թ. 64))։

Այսպիսով Տարեգիրքը խիստ կարևոր է Հայոց, իսկ մասամբ էլ ընդհանուր պատմության տեսանկյունից։ Իհարկե, "պատմություն"-ը ավելի լայն հասկացություն է, քան "ռազմական պատմություն"-ը, սակայն պետք չէ մոռանալ, որ վերջինս հանդիսանում է առաջինի գրեթե գլխավոր մասը, իսկ մարդկության պատմությունը դա մեծապես հենց պատերազմների պատմություն է։ Այս տեսանկյունից Տարեգիրքը հանդիսանում է յուրօրինակ հայոց պատմության, իսկ մասամբ էլ՝ տարածաշրջանի պատմության, տարեգիրք և ժամանակագրություն։ Նման տեսանկյունից դիտարկելիս նմանատիպ աշխատություն կրկին գոյություն չունի, քանզի նույնիսկ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած հայ ժողովրդի պատմության բազմահատորյակը, որը թվում է, թե, թեև իր ժամանակի գիտելիքների մակարդակով, այնուամենայնիվ պետք է սպառիչ տեղեկություններ պարունակեր, բազում մութ ու չպարզաբանված հարցեր է թողնում, իսկ շատ փաստեր էլ նրանում ուղղակի անտեսված են։

Կառուցվածքը[խմբագրել]

Հիմնական հոդված
Հայ ժողովրդի ռազմական տարեգրքի հատորների ցանկ (2007)
Հայ ժողովրդի ռազմական տարեգրքի հատորների ցանկ (2008)
Հայ ժողովրդի ռազմական տարեգրքի հատորների ցանկ (2009)

Տարեգիրքը կազմված է մասերից։ Մասերն առանձնացնելիս որպես հիմք է ընդունվել քաղաքական կամ ռազմական աչքի ընկնող որևէ մի իրադարձություն, որով սկսվում կամ ավարտվում է մի որևէ դարաշրջան։ Մասերը պարունակում են գլուխներ, որտեղ սովորաբար արտացոլվում է որևէ մի առանձին պատերազմ։ Տարեգիրքը կազմված է տարեգրության սեղմ ոճին համապատասխան և նրանում չեն արտացոլված քաղաքական, մշակութային, տնտեսական ու կրոնական տարաբնույթ իրադարձություններ, որոնք ուղղակի կապ չունեն ռազմական պատմության հետ։

Տարեգրքում կարևոր տեղ ունեն ծանոթագրությունները։ Այստեղ հիմնավորվում են այն տեսակետները, որոնք այս կամ այն չափով տարբերվում են համընդհանուր ճանաչում գտած մոտեցումներից, ինչպես նաև տրվում են անհրաժեշտ պարզաբանումներ։ Ու թեև այս հանգամանքը ինչ-որ չափով հեռացնում է աշխատությունը զուտ տարեգրքային ոճից և նրան ընձեռնում է նաև վերլուծական բնույթ, սակայն դա միայն ավելացնում է նրա արժեքը։ Բացի այդ, առանց ծանոթագրությունների ընթերցողի համար հնարավոր է պարզ չլինի, թե ինչ հիմնավորվածությամբ է հեղինակը որևէ փաստի վերաբերվել այս, այլ ոչ թե այլ կերպ։

Մեթոդիկան[խմբագրել]

Հաշվի առնելով, որ նմանատիպ տեսքով նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում Տարեգիրքը ստեղծելիս հեղինակը փաստորեն գրեթե զրոյից ստեղծել է ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցել նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լրիվ նոր մի համակարգ։ Տարեգիրքը գրելիս որպես ելակետ ընդունվել են հեղինակի մեթոդը ձևավորած հետևյալ հիմնարար սկզբունքները.

1. "Հայաստան" հասկացությունն ընդգրկում է Պատմական Հայաստանի 18 նահանգ (Մեծ Հայքի 15 նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան)։ "Հայաստան" հասկացությունը երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս՝ մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք՝ 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ՝ Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոշի լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ՝ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ՝ մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին։

2. ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է։ Որևէ ճակատամարտում հայկական բանակի կրած պարտությունը անվանվում է պարտություն, իսկ հաղթանակը՝ հաղթանակ։

3. ոչինչ չավելացնել և ոչինչ չպակասեցնել։ Տարեգրքում գրվել են միայն հավաստի փաստեր, իսկ որտեղ չի եղել ճշգրիտ տեղեկատվություն, արվել է այնպիսի ենթադրություն, որը պատմական, աշխարհագրական, ռազմական, քաղաքական, տրամաբանական, հոգեբանական ու մշակութային տեսանկյունից առավել հավանականն է։ Այնուհանդերձ այդ ենթադրությունները երբեք չեն ներկայացրել որպես աներկբայելի ճշմարտություններ։

4. հետևել հստակ ժամանակագրության։Տարեգրքում, խառնաշփոթից խուսափելու նպատակով, դեպքերը դասավորված են խիստ ժամանակագրական կարգով՝ անցյալից ցայսօր։

5. հետևել հստակ տեղագրության։ Տարեգրքում հնարավորինս պարզված ու նշված են արշավող բանակների երթուղին և գրված է, թե ինչ վայրում է տեղի ունեցել տվյալ իրադարձությունը։

6. գրել մանրամասն։ Մ.թ.ա. մոտ XXXI դարից մինչև մ.թ. XIX-րդ դարի սկիզբը ընկած ժամանակահատվածի պատերազմները և ճակատամարտերը նկարագրվել հնարավորինս ամենայն մանրամասնությամբ, սկզբնաղբյուրների տվյալներին, որպես հաստատ տեղի ունեցած փաստ, չավելացնելով և, ըստ հնարավորինս, չպակասեցնելով ոչինչ, ընդհուպ մինչև առանձին մարտիկների մենամարտերը, քանի որ փաստական նյութը իր քանակով այնքան էլ շատ չի սպառնում աշխատության ծավալին։ Սակայն XIX-րդ դարի սկզբից սկսած իրավիճակը փոխվում է և XX և XXI-րդ դարերի իրադարձությունները հիմնականում տրվում են ընդհանուր խոսքերով։ Այս սկզբունքից բացառություն է արվել միայն Հայաստանի տարածքից դուրս մղված դաշնակցային պատերազմների համար, որոնք (և հատկապես գրականության մեջ մանրամասն վերլուծվածները) նկարագրված են համեմատաբար քիչ ծավալով։

7. վեր կանգնել տարաբնույթ գիտական վեճերից։

8. առաջնորդվել "Համադրման մեթոդով"։ Տարեգրքում դրսևորվել է օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման սկզբունք։

9. իրադարձությունները լուսաբանելիս հետևել հստակ սխեմայի՝ այսպես կոչված "Սխեմատիկ մոտեցման"։ Այսպես, պատերազմները և ճակատամարտերը նկարագրելիս սկզբում նշվել են աշխատության մեջ իրադարձության հերթական թիվը (ընդ որում Հայկական բանակի մասնակցությամբ պատերազմները և ճակատամարտերը, ինչպես նաև ասպատակումները տրված են առանձին, իսկ օտար բանակների միջև Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները՝ առանձին համարակալմամբ), այնուհետև նրա ժամանակը, ապա վայրը, իսկ վերջում՝ նկարագրվել են իրադարձությունների ընթացքը։ Աշխատությունում տեղ գտած պատերազմների և ճակատամարտերի մեծամասնությունը նկարագրվել են այն սկզբունքով, որ պետք է անպայման նշվեն հակամարտող բանակների, ցանկալի է կոնկրետ իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե մոտավոր, թվակազմերը, ինչպես նաև, կրկին ցանկալի է կոնկրետ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե մոտավոր տարբերակով, կորուստները, որոնք ընդգրկում են սպանվածներին, վիրավորներին և գերիներին։ Ընդ որում միայն առանձին դեպքերում է հեղինակը հարմար գտել կորուստները դիտարկել առանձին՝ ըստ սպանվածների, վիրավորների և գերիների։

Վիճակագրական տվյալներ[խմբագրել]

  • Տարեգիրքը բաղկացած է 70 հատորից,
  • Ամենամեծ հատորն ընդգրկում է 56, ամենափոքրը՝ 24 էջ,
  • Տարեգրքի ընդհանուր տպագրված էջերն անցնում են 2000-ից,
  • Տարեգիրքում նկարագրված է 6342 մարտական գործողություն,
  • Տարեգիրքը կազմվել է ուղիղ 10 տարվա ընթացքում (22.01.1999 - 22.01.2009 թթ),
  • Հատորները տպագրվել են ուղիղ 2 տարվա ընթացքում (22.01.2007 - 22.01.2009 թթ)։