Հայ-պոնտական դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ-պոնտական դաշինք, կնքվել է Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև մ.թ.ա. 94 թ-ին։ Հնարավոր է նաև, որ հայ-պոնտական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 92 կամ մ.թ.ա. 91-ին, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 92-ին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։

Հայ-պոնտական դաշինքը, որի պայմաններից միայն մեկն է հաղորդում հռոմեական պատմագիր Հուստինոսը (համատեղ ուժերով նվաճած երկրների տարածքն անցնելու էր Միհրդատ VI-ին, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Տիգրան Բ-ին), ըստ երևույթին պարունակել է փոխապահովության, միմյանց վրա չհարձակվելու պայման, գործողությունների ազատություն է տվել Տիգրան Բ-ին՝ հարավում, հյուսիսում և արևելքում, Միհրդատ VI-ին՝ արևմուտքում և հյուսիսում։ Դաշինքն ամրապնդվել է քաղաքական (դինաստիական) ամուսնությամբ․ ըստ հունա-հռոմեական հեղինակների՝ Տիգրան Բ ամուսնացել է Միհրդատ VI-ի դուստր Կլեոպատրայի հետ (Մովսես Խորենացին Միհրդատ VI Պոնտացուն համարում է Տիգրանի քրոջ ամուսինը)։ Հայ-պոնտական դաշինքի կնքումից հետո Միհրդատ VI Պոնտացին պատերազմել է Հռոմի դեմ՝ նրան Փոքր Ասիայից, Հունաստանից և Մակեդոնիայից վտարելու նպատակով, իսկ Տիգրան Բ վերամիավորել է հայկական բոլոր հողերը (բացի Փոքր Հայքից), պարտության մատնել պարթևներին, գրավել Ատրպատականը, Ասորիքը, Պաղեստինը ևն, ստեղծել հսկայածավալ տերություն։ Մ.թ.ա. 66-ին, Միհրդատ VI Պոնտացուն կասկածելով իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, Տիգրան Բ խզել է հայ-պոնտական դաշինք։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png