Ֆրանսիայի ներխուժումը Ռուսաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Napoleons retreat from moscow.jpg

Ֆրանսիայի ներխուժումը Ռուսաստան, Ռուսաստանում հայտնի որպես 1812 թվականի Հայրենական պատերազմ, Ռուսաստանի ազատագրական պատերազմը նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը աշխարհակալության ճանապարհին, Ռուսաստանը նվաճելու համար, ստեղծեց այսպես կոչված «Մեծ բանակը» և, առանց պատերազմ հայտարարելու, 1812-ի հունիսի 12 (24)-ին անցավ ռուսական սահմանը՝ Նեման գետը (պատերազմի սկզբին ֆրանսիացի զինվորները՝ մոտ 610 հազար, ռուսները մոտ 240 հազար էին)։

Օգոստոսի 4-6-ին տեղի է ունեցել Սմոլենսկի ճակատամարտը, որով խափանվել է ռուսական զորքի հիմնական ուժերը ջախջախելու Նապոլեոնի փորձը։ Օգոստոսի 8-ին Մ.Ի. Կուտուզովը նշանակվել է ռուսական բանակի գլխավոր հրամանատար. օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, սեպտեմբերի 1-ին ֆրանսիական բանակը մտել է ռուսների կողմից թողնված Մոսկվան, որը հրդեհվել է սեպտեմբերի 2-6-ին։ Սեպտեմբեր-հոկտեմբերին Կուտուզովն անց է կացրել Տարուտինյան ռազմերթը և հարկադրել ֆրանսիացիներին հեռանալ Մոսկվայից ու նահանջել։ Ծավալվել է նաև պարտիզանական պայքար։ Նոյեմբերի 14-16-ին տեղի է ունեցել Բերեզինոյի ճակատամարտը, նոյեմբեր-դեկտեմբեր ջախջախվել է ֆրանսիական բանակը, դեկտեմբերի 14-ին Ռուսաստանից դուրս են շպրտվել «Մեծ բանակի» վերջին բեկորները։ Պատերազմը ցրել է Նապոլեոնի անպարտելիության առասպելը, խթանել Եվրոպայում ազատագրական պայքարը, նպաստել ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության աճին ու դեկաբրիստների գաղափարախոսության ձևավորմանը։

Հայրենական պատերազմին մասնակցել են շատ հայ զինվորականներ և կամավորներ։ Աչքի են ընկել գեներալ-մայորներ Վ. Մադաթովը, Դ. Դելյանովը (հուսարական գնդի հրամանատար), Դ. Ախշարումովը, Պ. Մելիքյանցը (ռոտմիստր-կապիտան)։ Բորոդինոյի ճակատամարտում սպանվել է գվարդիայի կապիտան Պ. Շախնավազյանը (Երևանից), Ա. Լազարևը զոհվել է Լայպցիգի ճակատամարտում։ Ռազմական գործողություններին մասնակցել են նաև Աբամելիք եղբայրները, Հայրապետովը, Մանվելովը, Մելիք-Օսիպովը, Լալաևը, Բեհբութովը, Վարժապետյանը, Աղամբարովը, Թումանովը, Սումբատովը և ուրիշներ։ Ռուսաստանի և Կովկասի շատ քաղաքների հայ բնակիչներ նյութական օժանդակություն են ցույց տվել պատերազմից տուժածներին. Աստրախանի հայերը 1812-ին հավաքել են 100․000 ռուբլի, նախիջևանցիները՝ ավելի քան 300․000 ռուբլի, նվիրատվություններ են արել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ղզլարի, Մոզդոկի, Գրիգորիուպոլսի, Թիֆլիսի ևն հայերը։

Մեծ թվով հայեր արժանացել են զինվորական պարգևների, պարգևատրվել «1812 թ. համար» մեդալով։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png