Հին հայկական տոմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայոց տոմարից)
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հայկական տոմար (այլ կիրառումներ)

Հին հայկական տոմար կամ Հայկական հեթանոսական տոմար, հայկական օրացույց, ժամանակի հաշվարկի հայկական համակարգ: Հայերը դեռևս մ.թ.ա. ունեցել են տոմար: Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված` արեգակնային տոմարի: Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ: Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր (12x30+5), և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները: Որոշ տոմարագետներ Հայոց տոմարը նմանեցրել են եգիպտական տոմարին: Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո: Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը` Հայկյան շրջան: Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի` Բելի դեմ տարած հաղթանակի հետ (Ղևոնդ Ալիշանը իր հաշվումներով հետ գնալով Հայկյան շրջաններով` այդ թվականը ստացել է մ.թ.ա. 2492, այսինքն` Հայոց Բուն թվականը), իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով` Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց:

Մ.թ.ա. 26-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ Հայոց շարժական տոմարը շարունակվել է գործածվել: Նիկիայի Ա տիեզերական ժողովից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները: Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով: Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեցական տոները կարգավորել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը: Ձեռագրերը վկայում են, որ VII դ. Անաստաս Ա Ակոռեցու հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը սակայն, գործածության մեջ չի մտել:

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Երևան, 1964:
  • Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Երևան, 1970:
  • Բադալյան Հ., Հայոց տոմարի պատմություն, Երևան, 1976:
  • Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Երևան, 1999:

Արտաքին հղումներ[խմբագրել]