Հայկական կարպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարպետ բրդյա հաստ գործվածք, որ իբրև գորգ փռում են հատակին, թախտին և այլն, ինչպես նաև օգտագործում որպես վրանի ծածկոց։ (Օր. Տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ։ Ակսել Բակունց։)[1]

Հայկական կարպետների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

[2][3]

  1. Նշանախշ - Գեղազարդման հիմնական տարրը նշաձև ուրվագծով նախշն է /կամ հորինվածքը/։ Պատկերվում են կանոնավոր շարքերով, վանդակում և առանց վանդակի։ Ծածկում են ողջ կարպետադաշտը։ Ունի համահայաստանյան տարածում։
  2. Կենաց ծառ - Գեղազարդման համակարգի հիմնական տարրը «Կենաց ծառ» նախշն է / կամ հորինվածքը/։ Պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով և ծածկում են ողջ կարպետադաշտը։ Լինում են վանդակում և առանց դրան, իրական տեսքով և գծայնացված։ Ունի համահայաստանյան տարածում։
  3. Վարանդա - Հիմնական հորինվածքը շեղանկյունաձև զարդից սկզբնավորած չորս «կենաց ծառ» նախշերից կազմված մի խաչաձև ամբողջություն է։ Սովորաբար, պատկերվում է մի քանի գունաժապավեններով ստեղծված շեղանկյունաձև խոշոր շրջանակում։ Լինում է մեկ կամ մի քանիսը։ Բնորոշ է Արցախի, Զանգեզուրի, մասամբ նաև Ղարադաղի, Պարսկահայքի և Վասպուրականի հյուսիսարևելյան կարպետագործական կենտրոններին։ Առավել տարածված է Արցախի Վարանդա գավառի կարպետագործական կենտրոններում, որով էլ պայմանավորված է առաջարկվող անվանումը։
  4. Խաչազարդ - Գեղազարդման համակարգի հիմնական տարրը խաչն է՝ մեկը կամ մի քանիսը։ Պատկերվում է վանդակում կամ առանց դրան, շատ լինելու դեպքում՝ կանոնավոր շարքերի տեսքով։ Ունի համահայաստանյան տարածում։
  5. Ջրաբերդ - Գեղազարդման հիմնական տարրը «Ջրաբերդ» տիպի գորգերին բնորոշ «Ջրաբերդ» հորինվածքի երկրաչափականացված տարբերակն է։ Դրա առանցքը շեղանկյունաձև՝ հանդիպակած երկու գագաթներին հավասարաչափ սլաքաձև ելուստ ունեցող շրջանակ է, որի կենտրոնում սովորաբար լինում է խաչազարդ։ Բնորոշ է Գանձակի[փա՞ստ], Արցախի, Շիրվանի, Շաքիի կարպետագործական կենտրոններին։
  6. Գուհար - Գեղազարդման հիմնական տարրը «Գուհար» տիպի գորգերին բնորոշ վիշապի ոճավորումներից կազմված հորինվածքն է։ Բնորոշ է հիմնականում Դիզակի կարպետագործական կենտրոններին։
  7. Որոտան - Գեղազարդման համակարգի հիմնական տարրը «Որոտան» տիպի գորգերին բնորոշ նույնանուն հորինվածքն է՝ վեցթևանի աստղազարդ, որը թևերի միջանկյալ մասերում, մեկընդմեջ ունենում է մեկական սլաքաձև վերջույթով նախշ։ Լինում է մեկ կամ մի քանիսը։ Առավել բնորոշ է Գարդմանի, Տավուշի, Շաքիի ու Շամախու կարպետագործական կենտրոններին։
  8. Սիսական - Գեղազարդման համակարգի առանցքը կազմում է ատամնավոր եզրերով շեղանկյունաձև, մեկմեկում կամ փոփոխված համակենտրոն շրջանակներից կազմված հորինվածք։ Լինում է մեկը, կամ մի քանիսը՝ իրար կցված, մի երկայնակի շարքով։ Գեղազարդման համակարգում լինում են ատամնավոր եզրերով, ձգված բազմանիստի նմանվող հորինվածքներով։ Դրանք պատկերվում են հիմնական հորինվածքների կցվածքների և կարպետի դաշտի եզրամասերի միջև եղած տարածքներում։ Բնորոշ է Սիսականի, Վայքի, Պարսկահայքի և Վասպուրականի արևելյան գավառների կարպետագործական կենտրոններին։ Առաջարկվող անվանումը պայմանավորված է Սիսականում այդ տիպի առավել տարածված լինելու հանգամանքով։
  9. Գունաշերտավոր - Ներառվում են այն կարպետնեը, որոնց դաշտը բաժանված է հորիզոնական ուղղությամբ ձգվող գունաշերտերի։ Դրանք իրարից բացազատվում են զարդաշերտերով։ Այստեղ ներառվում են միայն երկրաչափական ու բուսական զարդանախշերով գեղազարդվածները։ Վերջիններս կարող են լինել տարբեր լայնության ու գեղազարդված տարբեր զարդանախշերով։ Ունի համահայաստանյան տարածում։
  10. Տիկնանի - Գեղազարդման համակարգում հիմնական տարրը կանացիակերպ տիկնիկանման ոճավորված պատկեր է։ Դրա կենտրոնում սովորաբար լինում է նաև «օձագալար» պատկեր։ Կարպետագործական մի շարք կենտրոններում /Վայք, Սիսական, Լոռի, Տավուշ/ այդ ամբողջությունը հայտնի է «տիկին» անվանումով։ Պատկերվում է կանոնավոր շարքերի տեսքով։ Արցախում և Զանգեզուրում այդ պատկերները ներկայացվում են նաև ողջ կարպետադաշտը ներառող մեկ կամ մի քանի շեղանկյունաձև վանդակում։ Վերը հիշված կենտրոններից բացի այս տիպը, մեր տվյալներով, հայտնի է նաև Մոկքում, Հարքում, Բագրևանդում, Վանանդում, Շիրակում։
  11. Գլաձոր - Բնորոշվում է շեղանկյունաձև զարդից, դրա գագաթներին եղած մեկական ծաղկանախշից և կողային մեկական պատկերից կազմված հորինվածքով։ Այն պատկերվում է կանոնավոր շարքերի տեսքով։ Այս հորինվածքը բնորոշ է և գորգերին և կարպետներին, որոնք մասնագիտական շրջանակներում հայտնի են «Ֆերահան», «Սենեհ», «Հերաթ» և այլ անվանումներով։ Բնորոշ է հայոց գորգագործական ու կարպետագործական բոլոր կենտրոններին։ Տիպի ծագումնաբանության ուսումնասիրման առումով կարևոր է, որ այն առկա է հայոց միջնադարյան մանրանկարչության կենտրոններում արված մի շարք մանրանկարներում։ Մեզ հայտնի նմանատիպ մանրանկարների թվում վաղագույնը 1066 թ Սեբաստիայում արված Ավետարանում եղածն է։ Այդպիսիք կան նաև Գլաձորի մանրանկարչության դպրոցում 13-14-րդ դդ ստեղծագործած Թորոս Տարոնացու և Մոմիկի մանրանկարներում։ Այդ հանգամանքը և Սյունիքի կարպետագործական կենտրոններում տիպի բազմապիսի տարբերակների առկայությունը նկատի ունենալով էլ նշված հորինվածքի և տիպի համար առաջարկվում է «Գլաձոր» անվանումը։ Պարսկաստանի գորգագործական ու կարպետագործական կենտրոններում այս տիպի տարածում ունենալը կարելի է բացատրել 1605 թվականին Շահ Աբաս առաջինի կատարած արևելահայոց զանգվածային բռնագաղթով, երբ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ բնակություն հաստատելով Ֆարսի, Սպահանի, Լոռեսթանի նահանգներում զարգացրին ու տեղայնացրին հայոց գորգարվեստին բնորոշ այս և մի շարք այլ ավանդույթներ։
  12. Հոլբայն - Գեղազարդման համակարգում առանցքային է ուշ վերածննդի գեղանկարիչների կտավներից լայնորեն հայտնի «Հոլբայն» տիպի գորգերին բնորոշ քառաթերթ խոշոր հորինվածքը։ Թերթերը սկիզբ են առնում միևնույն կետից, ունենում են շաղանկյան կամ բազմանիստի տեսք, ամփոփում են բուսանախշեր կամ երկրաչափական զարդեր ու երիզվում են կեռիկներով։ Լինում է մեկ կամ մի քանիսը։ Սովորաբար պատկերվում են կանոնավոր շարքերով։ Առավել տարածված էր Վասպուրականի հարավարևմտյան, Աղձնիքի, Ծոփքի մասամբ նաև Կիլիկիայի և Փոքր Հայքի գորգագործական կենտրոններում։ Ներկայացված կարպետը պատկանում է XVII-XVIII դդ ու պահվում է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում։
  13. Խորանավոր - Այս տիպի գեղազարդման համակարգը բնորոշվում է խորանաձև դաշտով։ Այն կարող է լրացվի բուսական կամ երկրաչափական զարդանախշով / հիմնականում «Կենաց ծառ» կամ ջահի պատկեր/։ Խորանները կարող են լինեն մեկ կամ ավելին։ Առավել բնորոշ է Բարձր Հայքին ու մերձակա կարպետագործական կենտրոններին։
  14. Շուլալ կար - Բնորոշվում է «շուլալ կար» տեխնիկայով, որով արվում է ողջ գեղազարդումը։ Լինում մեկ կամ երկու տապակից, երկերես կարպետի, ինչպես նաև մեզարի հիմքի վրա։ Այս տիպում առաջարկվում է ընդգրկել միայն երկրաչափական զարդանախշով գեղազարդվածները։ Ունի համահայաստանյան տարածում։
  15. Շեղանկյունազարդ - Բնորոշվում է բազմանիստում ամփոփված կանոնավոր ատամնազարդ կամ կեռիկազարդ շեղանկյուն հորինվածքով։ Կենտրոնում սովորաբար լինում է խաչազարդ։ Հորինվածքները լինում են իրար կցված ու կանոնավոր շարքով։ Շարքերը իրարից բացազատված են լինում նեղ զարդաշերտերով կամ գունաշերտերով։ Լինում են նաև երկու տապակով։ Կարպետագործական մի շարք կենտրոններում հայտնի է «դարախլու» անունով։ Բնորոշ է հիմնականում Արցախին, Սյունիքին, Լոռուն, Տավուշին, Վասպուրականի արևելյան գավառներին, Շամախու ու Շաքիի գորգագործական ու կարպետագործական կենտրոններին, Պարսկահայքին։
  16. Արմանի - Գեղազարդման հիմնական տարրը շեղանկյունաձև, ատամնազարդ, մեկմեկում ամփոփված համակենտրոն մի քանի շրջանակներից կազմված հորինվածքն է։ Լինում է մեկ կամ մի քանիսը։ Պատկերվում են մեկ կամ երկու երկայնաձիգ շարքով։ Սովորաբար դրանք իրարից բացազատվում են ուղղաձիգ գունաշերտով։ Բնորոշ է Տարոնի, Բագրևանդի, Շիրակի, Արագածոտնի ու Սևանի ավազանի կարպետագործական կենտրոններին։ Լայն տարածում ունի նաև քրդաբնակ տարածքներում, որտեղ էլ տարբերակվում է «արմանի»՝ այսինքն «հայկական» անունով։
  17. Վանանդ - Գեղազարդման համակարգում հիմնականը մանր ծաղկեփնջեր ու թռչնապատկերներ են, որոնք կազմում են մեկ ընդհանուր հորինվածք։ Ծաղկեփնջերը լինում են մանր ճյուղերով ու պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով։ Թռչնապատկերները լինում են հիմնականում գծայնացված։ Մեզ հայտնի տվյալներով բնորոշ է Վանանդի, ինչպես նաև Բասենի, Ջավախքի ու Շիրակի կարպետագործական կենտրոններին։
  18. Կարին - Գեղազարդման համակարգում հիմնականը ոճավորված չորս թռչնապատկերից կազմված հորինվածք է։ Դրանք զույգերով են, թևատարած ու իրար հպված գլուխներով։ Հստակորեն ներկայացված են թռչունների թևերին ու պոչին հատուկ փետուրների ուրվագծերը։ Զույգերը պատկերվում են իրանով իրար հպված, ասիմետրիկ տեսքով, որով այս հորինվածքը ստանում է շեղանկյունաձև ուրվագիծ։ Կենտրոնում ձևավորվում է շեղանկյունաձև շրջանակ ու որում պատկերվում է խաչ։ Ներկայացվում են շեղակի շարքերով։ Լինում են մեկ կամ երկու տապակից։ Առավելապես հայտնի է Բարձր Հայքում, որով էլ հիմնավորում ենք առաջարկված անվանման կիրարկման գաղափարը։
  19. Չմշկաձագ - Գեղազարդման համակարգում հիմնականը սանրաձև նախշերից կազմված շեղանկյունաձև հորինվածք է՝ լրացված աստղազարդերով։ Լինում է մեկ կամ մի քանիս ու պատկերվում են կարպետադաշտի երկայնքով։ Դաշտի եզրերում առաջացած խորշերը գեղազարդվում են նույն հորինվածքի հատվածներով։ Գործում են երկու տապակով։ Բնորոշ է պատմական Հայաստանի Ակնա, Խարբերդի, Եկեղյաց, Դերջանի, Դերսիմի ու դրանց մերձակա կարպետագործական կենտրոններին։
  20. Սանրազարդ - Գեղազարդման համակարգում հիմնական տարրը սանրաձև զարդանախշ է։ Լինում են հավասարաչափ և բազմագույն։ Պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով, հաճախ նաև այլ զարդանախշերի հետ միասին։ Լայնորեն օգտագործվում են նաև խուրջինների գեղազարդման համակարգում /Տավուշ, Գարդման, Արցախ/։ Ունի համահայաստանյան տարածում, սակայն առավել բնորոշ է Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններին /Աղբակ, Արտազ/, Պարսկահայքին ու Վայքին։
  21. Բաբերդ - Բնորոշվում է խորանավոր կարպետադաշտով՝ խորանները մեկ կամ մի քանիսն են՝ ատամնազարդ և պատկերվում են դաշտի երկայնքով։ Ներքինը լինում է խոշոր, մյուսները՝ ըստ հաջորդականության ավելի փոքր։ Դրանք գեղազարդվում են երկայնաձիգ բազմանիստ շրջանակում ամփոփված ատամնազարդ զարդանախշերով։ Շրջանակներն ու զարդանախշերը սովորաբար ընդգծվում են «շուլալ» եղանակով կատարված եզրագծերով։ Հիմնականում բնորոշ է Տայքի ու Բարձր Հայքի կարպետագործական կենտրոններին և հատկապես միջնադարյան Հայաստանի կարպետագործության ճանաչված կենտրոն Բաբերդ քաղաքին ու մերձակայքին։
  22. Վիշապակարպետ - Գեղազարդման համակարգում հիմնականը առասպելական վիշապի ոճավորված պատկերն է, որում ընդգծված են լինում եղջյուրներն ու պոչը։ Այն ընդհանուր առումով ունենում է հայոց այբուբենի մեծատառ «Տ» ձևը։ Առաջացած խորշերում պատկերվում են երկրաչափական ու բուսական զարդանախշեր ու կենդանակերպ ոճավորումներ։ Վիշապի ոճավորումները պատկերվում են երեքից չորս կանոնավոր, երկայնաձիգ շարքով։ Գործվում է «օղաճիտ» տեխնիկայով՝ երկերես կարպետի կամ մեզարի հենքի վրա։ Ունենում է միջնաթել։ Կազմված է լինում մեկ կամ երկու տապակից։ Բնորոշ է Արցախի, Սյունիքի, մասամբ նաև Վասպուրականի արևելյան կարպետագործական կենտրոններին ու Պարսկահայքին։ Այս տիպի կարպետներ հայագետ Ա. Ալպոյաճյանի տվյալներով, 17-18-րդ դդ գործել են նաև պատմական Փոքր Հայքի Զիլե քաղաքում ու դրա շրջակա հայաբնակ կարպետագործական կենտրոններում։ Հայտնի է «Վերնի», «Զիլե», «Վիշապակարպետ», «Օձակարպետ» և այլ անուններով։ Նկատի ունենալով գեղազարդման հիմնական տարրի անվանումը, առաջարկվում է այն էլ ընդունել որպես այս տիպի կարպետների անվանում։
  23. Սումախ - «Օղաճիտ» տեխնիկայով գործված կարպետների ընդհանրացված անվանում, /բացի վիշապակարպետներից/։ Առավել հայտնի են երկրաչափական ու բուսական խոշոր հորինվածքներով գեղազարդվածները։ Այս տիպում ենք ընդգրկում նաև «Գուհար» տիպի գորգերին բնորոշ, օղաճիտ եղանակով արված վիշապապատկերների ոճավորումներով գեղազարդված կարպետները։ Տարածված է Գարդմանի, Արցախի, Վասպուրականի արևելյան գավառների, Ղարադաղի, Պարսկահայքի, Շիրվանի և Դերբենտի կարպետագործական կենտրոններում։
  24. Մեղրի - Բնորոշվում է բազմագույն ու ատամնավոր, մեկմեկում ամփոփված, համակենտրոն մի քանի շեղանկյուն շրջանակներից կազմված հորինվածքով։ Շրջանակները լինում են տարբեր գույնի։ Տիպի գեղազարդման համակարգում լինում է մեկ կամ մի քանի հորինվածք։ Սովորաբար դրանք պատկերվում են իրար կցված, մեկ երկայնակի շարքով։ Հիմնականում բնորոշ է Զանգեզուրի հարավային կարպետագործական կենտրոններին, մասամբ նաև Ղարադաղի ու Վասպուրականի հյուսիսարևելյան կարպետագործական կենտրոններին։
  25. Սալմաստ - Բնորոշվում է երկայնաձիգ բազմանիստ շրջանակով, որում ամփոփվում են միանման երկու ավելի փոքր ատամնազարդ բազմանիստներ։
  26. Կենդանապատկեր - Բնորոշվում է կենդանիների ու թռչունների իրական կամ ոճավորված պատկերներով։ Դրանք կարող են լինեն ներկայացված կանոնավոր շարքերի տեսքով, մեկ կենդանապատկերով կամ թռչնապատկերով, մեկ զույգով՝ այս դեպքում «Կենաց ծառ» նախշի հետ միասին։ Կանոնավոր շարքերով գեղազարդվածները սովորաբար արված են լինում «շուլալ» կար, ինչպես նաև «օղաճիտ» եղանակներով։ Կենդանապատկերների շարքերը սովորաբար իրարից բացազատված են լինում պատկերներից ազատ գունաշերտերով։
  27. Ծաղկանախշ - Գեղազարդման համակարգի հիմնական տարրը ծաղկանախշ է կամ ծաղկային հորինվածք։ Լինում են բացված վարդի, վարդակի, ծաղկեփնջի, ծաղկաթփի և կամ ճյուղատարած տեսքով։ Պատկերվում են մի ընդհանուր շրջանակում կամ առանց դրան։ Սովորաբար ներկայացվում են կանոնավոր շարքերի տեսքով ու ծածկում են ողջ կարպետադաշտը։ Ունի համահայաստանյան տարածում։
  28. Խարբերդ - Գեղազարդման համակարգում հիմնականը երկայնաձիգ, մեկմեկում ամփոփված, շեղանկյունաձև ուրվագծով համակենտրոն երկու շրջանակ է։ Սրանց դիմահայաց երկու գագաթը հատված են և ունենում են կափարիչի տեսք։ Սովորաբար, դրա կենտրոնում լինում է բազմանիստում ամփոփված ատամնազարդ շեղանկյուն զարդ։ Պատկերվում են մեկ կամ մի քանի շարքով։ Գեղազարդվում են նաև միայն մեկ հորինվածքով։ Լինում են մեկ կամ երկու տապակից։ Հիմնականում բնորոշ է պատմական Ծոփքին, Կիլիկիային, մասամբ նաև Բարձր Հայքին և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքների կարպետագործական կենտրոններին։ Մասնագիտական շրջանակներում հայտնի է «Անատոլիա», «Կարաման» և այդօրինակ այլ անվանումներով։ Մեր տվյալներով առավել տիպական էր Ծոփքին, ու այդտեղից հետագայում տարածվել է փոքրասիական կարպետագործական կենտրոններում։ Ուստի հիմնավորված ենք գտնում կարպետների այս տիպը պատմական Ծոփքի կենտրոնի անվանումով տարբերակելը։
  29. Ռշտունիք - Գեղազարդման համակարգը բնորոշվում է կարպետադաշտի երկու եզրերով անցնող մեկական զիգզակ, միևնույն լայնության գունաժապավենով։ Գալարներից առաջացած խորշերը նույնպես գեղազարդվում են գունաժապավենով։ Այդ ամենը ծածկվում են խաչաձև զարդերով։ Կարպետադաշտի կենտրոնական հատվածում լինում է «Խարբերդ» տիպի կարպետին բնորոշ մեկ կամ մի քանի հորինվածք։ Գործում են մեկ և երկու տապակով։ Առավելապես հայտնի պատմական Հայաստանի Ռշտունիք գավառում, ինչպես նաև Աղձնիքում, Ծոփքում, Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներում։
  30. Բերկրի - Բնորոշվում է կարպետադաշտը շեղանկյունաձև վանդակների բաժանող, երկու զիգզագ, իրար հատող գունաժապավենով։ Վանդակներն ու դաշտի մնացած մասերը սովորաբար գեղազարդվում են միանման՝ երկրաչափական մանր զարդանախշերով ու «օձագալար» պատկերներով։ Հիմնականում բնորոշ է Վասպուրականի, Տուրուբերանի արևելյան ու Պարսկահայքի հարավ արևմտյան կարպետագործական կենտրոններին։ Առավել տարածում ունի Բերկրի գավառում ու հարակից տարածքներում, որով էլ հիմնավորում ենք առաջարկվող տերմինի կիրարկումը։
  31. Խառը տեխնիկա - Բնորոշվում է մեկմեկու հաջորդող երկերես,«շուլալ» կամ «օղաճիտ» եղանակով կատարված շերտերով։ Երկերես շերտերը լինում են գունաժապավեններով և «շուլալ» եղանակով կատարված մասնակի գեղազարդումով։ «Օղաճիտ» եղանակով կատարվածների ողջ մակերեսը սովորաբար ծածկվում է մեկմեկում ամփոփված, համակենտրոն, ատամնազարդ հորինվածքով։ Գործում են մեկ և երկու տապակով։ Ունի համահայաստանյան տարածում։
  32. Տաշիր - Բնորոշվում է դիմահայաց ներկայացված ոճավորված թռչնակերպ զույգ պատկերներից կազմված հորինվածքով։ Դրանցում ընդգծված են թևերն ու գլուխը։ Սովորաբար լրացվում է խոշոր բուսանախշով, որի գագաթին էլ պատկերվում են թռչնապատկերները։ Ներկայացվում են կանոնավոր շարքերի տեսքով։ Մեր տվյալներով բնորոշ է Տաշիրի, Տավուշի, ինչպես նաև Հարքի, Դերջանի, Վանանդի, Շիրակի կարպետագործական կենտրոններին։
  33. Կաղզվան - Գեղազարդման համակարգը բնորոշվում է երկարավուն, իրար կցված ութանիստ միանման շրջանակներով ու դրանցում ամփոփված երկրաչափական զարդանախշերով։ Դաշտի ու եզրագոտու միջանկյալ տարածքը սովորաբար գեղազարդվում է յուրաքանչյուր ութանիստ շրջանակի գագաթից սկզբնավորած ու եզրագոտուն ուղղված «խոյեղջյուր» պատկերով։ Բնորոշ է Վանանդի, Բագրևանդի, Բասենի, Շիրակի կարպետագործական կենտրոններին։
  34. Իգդիր - Գեղազարդման համակարգը բնորոշվում է ատամնազարդ եզրերով, համակենտրոն, շեղանկյունաձև շրջանակներից կազմված հորինվածքով։ Լինում է մեկ կամ մի քանիսը։ Պատկերվում են մեկ երկայնակի շարքով։ Բնորոշ է հիմնականում Ճակատքի, Բագրևանդի ու Վանանդի կարպետագործական կենտրոններին, հատկապես Իգդիրին ու մերձակայքին։
  35. Տարոն - Գեղազարդման հիմնական տարրը ութանիստ շրջանակում ամփոփված բազմանիստ կամ շեղանկյուն կեռիկներով երիզված զարդ է։ Ձևավորված հորինվածքը ներկայացվում գունային տարբեր հիմնագույներով, մեկ կամ մի քանի երկայնաձիգ շարքով։ Պատկերվում է կարպետաշերտի կենտրոնում։ Շարքը երիզվում է, կամ շարքերն իրարից բացազատվում են մեկմեկու ամփոփված, համակենտրոն շեղանկյունազարդերով։ Լինում է մեկ կամ երկու տապակով։ Բնորոշ է Տարոնի, Բագրևանդի, Բասենի, Վանանդի, ինչպես նաև Արագածոտնի ու Գեղարքունիքի կարպետագործական կենտրոններին։ Մեր տվյալներով առավել բնորոշ էր Տարոնի կարպետագործական կենտրոններին, որով էլ պայմանավորված տիպի համար առաջարկված անվանումը։
  36. Բաղեշ - Բնորոշվում է վեցանիստ շրջանակով, որի կենտրոնում լինում է կեռիկներով երիզված շեղանկյունաձև զարդ։ Վերջինս երկու գագաթներում ունենում է հավելված՝ կես զարդի չափով։ Այդ ամենը եզրագծված է լինում լայն գունաժապավենով։ Վեցակող շրջանակում ամփոփված տարածքի ազատ մնացած մասը սովորաբար լրացվում է խաչերով և խոյեղջյուր պատկերներով։ Պատկերվում են մեկ կամ երկու ուղղաձիգ շարքով։ Լինում է մեկ կամ երկու տապակից։ Տարածված է պատմական Հայաստանի հարավարևմտյան կարպետագործական կենտրոններում՝ Աղձնիք, Սղերդ, Ծոփք և այլն։ Մեր տվյալներով առավելապես բնորոշ էր պատմական Աղձնիքի, մասնավորապես Բաղեշի մերձակա կարպետագործական կենտրոններին, որով էլ պայմանավորում ենք տիպի համար առաջարկված անվանումը։
  37. Զանգեզուր - Բնորոշվում է խոշոր շեղանկյուն շրջանակով, որի հանդիպակաց անկյուններում համապատասխանաբար ամփոփված են լինում նույնատիպ մեկական զարդանախշ։ Այս տիպի կարպետի գեղազարդման համակարգի բաղկացուցիչ տարր է «կենաց ծառ» նախշը, որը ներկայացվում կարպետադաշտի ազատ մնացած մասերում, զույգ առ զույգ՝ հիմնական հորինվածքի եզրերին։ Բնորոշ է Զանգեզուրի, Արցախի ինչպես նաև Վասպուրականի արևելյան գավառների ու Պարսկահայքի կարպետագործական կենտրոններին։
  38. Շիրակ - Բնորոշվում է իրար կցված հավասարաչափ քառակուսի շրջանակներից կազմված կանոնավոր շարքերով։ Քառակուսիները սովորաբար ունենում են նաև լրացուցիչ հարդարանքներ։ Այս տիպի կազմում են նաև աստիճանաձև եզրերով ու կեռիկազարդ գագաթներով բազմանիստ հորինվածքների կանոնավոր շարքերով գեղազարդվածները։ Տարածված է Շիրակի, Ջավախքի, Վանանդի կարպետագործական կենտրոններում։
  39. Տաթև - Գեղազարդման համակարգը բնորոշվում է ծնող զույգի գաղափարին առնչվող ոճավորված զույգ թռչնապատկերից կազմված հորինվածքով։ Պատկերվում են միայն գլուխները՝ դիմահայաց դիրքով ու միաձույլ իրանով։ Սրանք լինում են միայն կարպետի ծայրերին, իսկ դրանց միջանկյալ տարածքը գեղազարդվում է երկայնակի շարքով ներկայացված, մեկմեկում ամփոփված խոշոր շեղանկյունազարդերով կամ գծայնացված բուսական հորինվածքներով։ Բնորոշ է Զանգեզուրի, Արցախի, Գարդմանի, Տավուշի, Վասպուրականի հյուսիսարևելյան գավառների կարպետագործական կենտրոններին։ Մեր տվյալներով այդ ավանդույթը հատկապես ակնհայտ է միջնադարյան Հայաստանի գորգագործության նշանավոր կենտրոններից մեկին՝ Տաթև գյուղին, որով էլ հիմնավորում ենք առաջարկված անվանման կիրարկման գաղափարը։
  40. Իջևան - Բնորոշվում կենտրոնական դաշտի դեղին կամ սպիտակ անկյուններով։ Դրանք լինում են հավասարաչափ ու միևնույն մանրամասերով գեղազարդված։ «Իջևան» տիպի գորգերի կարպետային տարբերակն է։ Դաշտի գեղազարդման համակարգում սովորաբար լինում են վարդյակներ, «Կենաց ծառ» նախշեր, «Գլաձոր» հորինվածքներ։ Տարածված է Տավուշում, Գարդմանում, Սյունիքում, Լոռի-Գուգարքում։ Նկատի ունենալով դրանց ակնհայտ նմանությունները վերը նշված տիպի գորգերին, նպատակահարմար ենք գտնում «Իջևան» անվանման կիրարկումը։
  41. Դիլիջան - Գեղազարդման համակարգում հիմնականը իրար կցված ութ թերթանի աստղանման հորինվածքներն են։ Հորինվածքի կենտրոնում լինում է քառակուսի կամ շեղանկյուն զարդ։ Բնորոշ Լոռվա, Գուգարքի, Ջավախքի, մասամբ նաև Տավուշի կարպետագործական կենտրոններին։ Ուսումնասիրողների կարծիքով առավելապես տարածված է Դիլիջանի ու մերձակա բնակավայրերի կարպետագործների շրջանում, որն էլ հիմք ընդունելով, այս տիպի կարպետների համար կիրարկման ենք առաջարկում «Դիլիջան» անվանումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական գորգի պատմությունն ուսումնասիրողները նկատել են, որ գորգ բառը և նրա հոմանիշներն ունեն հին ծագում։ Հայ պատմագրության մեջ դեռևս 5-րդ դարից հայտնի է բազմական բառը, այն նշանակում է գործվածք, որի վրա նստում, բազմում են։ Բազմականը որպես գորգի, կարպետի հոմանիշ չեն ընդունել շատ գորգագետներ։ Սակայն, ի դեմս հայկական գորգերի, գոյություն են ունեցել գորգերի բազմաթիվ տիպեր, որոնք միմյանցից տարբերվել են ըստ իրենց գործառույթի, հետևաբար միայն գորգ բառով նշելը ճիշտ չէր լինի։ Հայերենը, լինելով հարուստ լեզու, ունեցել է գորգ բառի բազմաթիվ հոմանիշներ, որոնք են՝ խալի, կարպետ, օթոց տապաստակ, բազմական և այլն։ Բազմականը, լինելով գորգին հոմանիշ, իրենից ներկայացնում է գորգի առանձին մի տեսակ. այն է՝ նեղ, երկարավուն գորգ, որին հետագայում տվել ենք ուղղեգորգ անվանումը։ Բազմական նշանակում է իր, որի վրա նստում են, և ընդհանրապես, հայերի մոտ սովորություն է եղել ծալապատիկ նստել գետնին։ Հետևաբար նստում էին հատուկ գորգի վրա, որն էր բազմական։
Հնում հայոց մոտ, թե սեղան, թե աթոռ գոյություն չուներ և գործածական չէր ճաշի կամ այլ պարագաների համար, բացի գրչության և եկեղեցական, ու նման ուրիշ սեղմ իմաստով։ Գահ կամ գահոյք հատուկ էր միայն բարձրաստիճան աշխարհիկ և եկեղեցական մեծերին, այն էլ միայն պաշտոնական հանգամանքներով։ Իսկ բազմականը, ինչպես բառն է հենց հուշում, թելադրում է բազմելու մի իր, որի վրա բազմում են, իսկ բազմելը ինքնին հանդիսավոր, պաշտոնական երևույթ էր, նստելու պատվավոր տեսակ։ Իրականում, Արցախում ժողովուրդը բազմականներին կոչում էր «յանը», որը նշանակում էր կողմ։ Այսինքն՝ կողք-կողքի նստել, բազմել։ Բազմական բառին բազմիցս հանդիպում ենք նաև Հին և Նոր Կտակարաններում, ինչպես Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Նարեկացու ձեռագրերում։
4-րդ դարից մինչ 10-րդ դարը բառը շարունակում է գործածվել, որին հոմանիշն էր նաև արկանելին, որոնք սակայն 13-րդ դարից տեղի են տալիս գորգ անվանմանը։
Բազմականները, որոնք փռվել են հարսանեկան սեղան ծառայող կարպետի երկու կողմերում, եղել են բազմավահան և յուրաքանչյուր վահան նախատեսված է եղել մի անձի համար։
Հարսանեկան բազմականները եղել են զույգ։ Հարսանեկան բացօթյա սեղանի երկու կողմում փռվելով՝ այն արձագանքն էր հնագույն սովորույթների, երբ հայկական տոհմերի նահապետերը հանդիսանությունների ժամանակ ծալապատիկ նստելով՝ իրենց տակ զգում էին նախնյաց ավետյաց պահպանիչ նշանները։ Քանի որ դրանք զույգ էին, միայն մեկի համար էր հիշատակարան լինում՝ անմահացնելով կարևոր իրադարձության տարեթիվը կամ այն գործողի անունը։ Սովորաբար լայն տորքերի վրա միաժամանակ հենվում էին երկու բազմականներ, մեկը՝ գործում էր ընտանիքի ավագ կինը, մյուսը՝ նրա այն աղջիկը, որը հարս պետք է գնար և որը նաև աշակերտում էր։ Նորահարսը միայն գորգ գործել չէր, որ սովորում էր։ Բազմականների հանգույցների շարք-շարք բարձրանալու ընթացքում նա լսում էր բացատրություններ նրանց զարդանախշերի իմաստների մասին, ընդունում խորհուրդներ, որը նա իր հետ ամուսնու տուն պետք է տաներ։
Զուգահեռ գործվող բազմականները, որն ավագն էր գործում, անպայման ընծայական հիշատակարանով էր լինում, իսկ աղջկա գործածը՝ անթվակիր։ Բավականին հմուտ պետք է դառնար նրա արվեստը, որ իրավունք ստանար իր անունը թողնելու հյուսած գորգերի վրա։ Բազմականը, որը գործվում էր նորապսակների համար՝ հարսանեկան ծեսից հետո ընդգրկելու էր հարս ու փեսայի համար նախատեսված անկյունը։ Այն պաշտպանում էր չար աչքից և խորհրդանշում պտղաբերություն ու առատություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հատոր 3, Հայկական ՍՍՀ Գիտություններիր ակադեմիա, Երևան, Գլխավոր խմբագիր Հ.Բ.Ջահուկյան, 1974
  2. Աշխունջ Պողոսյան. Հայոց կարպետագործության մշակույթը. Երևան, 2003 թ.
  3. Poghosyan Ashkhunj, Carpets. - Armenian Folk Arts, Culture and Identity, Ed. by L.Abrahamian and N.Sweezy, Bloomington and Indianapolis, 2001, 150-165