Հայկական դրամի խորհրդանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կ. Կոմենդարյանի դրամի խորհրդանշանի մտահղացում, 1995 թ։

Հայկական դրամի խորհրդանշանը ստեղծվել է 1995 թ. որպես Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի խորհրդանիշ։

Անկախություն հռչակելուց երկու տարի անց Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականին հիմնել է սեփական ազգային արժույթ՝ հայկական դրամ, որի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը։ Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Պատմություն[խմբագրել]

Դրամի խորհրդանիշի ի հայտ գալը։

Մաշտոցի ժառանգություն[խմբագրել]

Դրամի խորհրդանիշի հանդես գալուն նպաստել են մի քանի նախադրյալներ, որոնցից հիմնականն է Մեսրոպյան այբուբենը։ Հայկական տառերի յուրահատուկ և համակարգված երկրաչափական ուրվագծերը հեղինակը նկատել է այբուբենը սովորելու ընթացքում։ Հետագայում, ծանոթանալով հայկական տառերի առաջանալու մի վարկածի [1] հետ, նա մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական տառերի ձևավորման համար հատուկ դեր են կատարում հորիզոնական գծերը։

Դրամի խորհրդանշանի առաջին գրանցումը արժույթների փոխանակման համարժեքով 516 դրամ/դոլար։

Ստեղծման օրը[խմբագրել]

Նշանը առաջացավ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին, ինչի մասին վկայում են հայկական դրամի շարժի գրանցումները, որոնք հեղինակը կատարել է իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում։ Ավելի վաղ ամսաթիվ կամ փաստեր ոչ մեկի կողմից դեռևս չեն ներկայացվել։ Այդ օրվանից սկսած, հեղինակը օգտագործել է դրամի խորհրդանիշը դոլարի խորհրդանիշի հետ զուգահեռ։

Անհրաժեշտություն[խմբագրել]

Դրամի խորհրդանշանի նպատակն է պարզագույն ձևով նշել հայկական արժույթը, օրինակ՝ ֆինանսական փաստաթղթերում, գնապիտակներում, արժույթի փոխանակման ցուցակներում, համակարգչային համակարգում և այլ հնարավոր դեպքերում։ Հեղինակը սահմանել է, որ խորհրդանշանը պետք է՝

  • նշի ազգային արժույթը գրաֆիկայի միջոցով.
  • կապված լինի հայկական տառերի հետ.
  • ունենա արտարժույթներին բնորոշ տարրեր.
  • հասարակ լինի հեշտությամբ պատկերելու համար.
  • շատ պարզ լինի ճանաչելու համար։

Նվեր Հայաստանի Հանրապետությանը[խմբագրել]

2001 թվականին Հայաստանում Քրիստոնեությունը ընդունելու 1700 հոբելյանը նշելու առիթով հեղինակը խորհրդանշանին վերաբերող փաստաթղթերը փոխանցել է որպես նվեր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ փաթեթի պատճեն փոխանցել է Գարեգին Բ կաթողիկոսին, ում շնորհավորել է և օրհնությունն է խնդրել։

Կենտրոնական Բանկի մրցույթ[խմբագրել]

Առաջարկ Ռ. Արուտչյանի
Առաջարկ Վ. Փենեսյանի
Առաջարկ Գ. Բաբախանյանցի

ՀՀ նախագահին ներկայացված փաթեթը փոխանցվել է ՀՀ Կենտրոնական բանկ, ինչին հաջորդել է հայկական դրամի խորհրդանշանի մրցույթը։ Մրցութային հանձնաժողովը, դիտարկելով ներկայացված մի քանի տարբերակները, ընտրել է Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի նմանատիպ էսքիզները (համահեղինակներ չեն)։ [2]։

Կենտրոնական Բանկի մրցույթին մասնակցել են նկարիչ Ռ. Արուտչյանի առաջարկը, որը ունի եվրոյի խորհրդանիշին բնորոշ տարրերը, և ճարտարապետ Վ. Փենեսյանի առաջարկը, որը բխում է «Փող» բառի առաջին տառից։ Բացի նշված տարբերակներից հայտնի են մի քանի այլ մտահղացումներ, որոնք չեն ներկայացվել մրցույթին։

Խորհրդանշանը թղթադրամի և մետաղադրամի վրա[խմբագրել]

թղթադրամ, 10000 դրամ։
հոբելյանական մետաղադրամ, 5000 դրամ։
թղթադրամ, 1000 դրամ։

2003 թվականին դրամի խորհրդանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում, իսկ 2008 թվականին նա պատկերվում է հոբելյանական մետաղադրամի դարձ երեսին։

Նշանի տեսքը և կարգավիճակը[խմբագրել]

Դրամի խորհրդանշանը բխում է «Դրամ» բառի առաջին տառից։ Բացի այդ, խորհրդանիշը ունի երկու հորիզոնական գծեր, որոնք բնորոշ են մի շարք օտարերկրյա արժույթներին։ Այս գծերի նշանակությունը հեղինակը ներկայացնում է իր «արժույթների խորհրդանշաններ» սեմինարներում։

Հեղինակային իրավունք, պետական սեփականություն[խմբագրել]

Հեղինակային իրավունքը հաստատելու նպատակով Կ. Կոմենդարյանը 1997 թվականին դիմում է Ազգային ստանդարտների վարչություն, իսկ 2001 թվականին ԱՄՆ-ում փոխանցում է խորհրդանիշի նկարագրությունը Ամերիկյան Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքների բյուրոյին (Copyright Bureau of Library of US Congress)։ 1997 թվականին նույն նպատակով Ազգային ստանդարտների վարչություն դիմում է ձեռներեց Գևորգ Բաբախանյանցը։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ արժույթների նշանները պետական սեփականություն են։ Դրա մասին նշված է նաև 1999 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված օրենքում (վերանայվել է հունիսի 15-ին 2006 թվին)։ Ոստի, դրամի խորհրդանշանը հնարավոր է դիտարկել որպես ևս մի պետական ատրիբուտ՝ ի լրացում ազգային դրոշի, զինանշանի, հիմներգի և դրամի։

Ստանդարտացում[խմբագրել]

2007 թվականին հեղինակի խնդրանքով Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում է լրացում Հայկական խորհրդանիշի աղյուսակում և փոխարինում է «դրամի խորհրդանիշ» բառերը նրա հաստատված գրաֆիկական նշանով։ 2010 թվականից հեղինակը և Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում են համատեղ աշխատանք, որի նպատակն է հաստատել հայկական դրամի խորհրդանշանը Unicode միջազգային ստանդարտում։ 2011 թվականի հունիսի 15-ին Unicode Technical Committee (UTC) նշանակում է դրամի նշանի համար 058F կոդը, իսկ 2012 թվականին դրամի նշանը վերջնական հաստատվում է Unicode և ISO ստանդարտներում [3]։

Տառատեսակների տարբերակներ[խմբագրել]

Դրամի խորհրդանշանի համար ստեղծվել են տարբերակներ ըստ տառատեսակների։ Խորհրդանշանը նկարագրող տեսքի հետ միասին հեղինակը ներկայացրեց նաև խորհրդանիշի մի քանի կաղապար (օրինակ)` հայտնի տառատեսակներին համապատասխան։

2008 թվականին Ազգային գրապալատը Մշակույթի նախարարության ներքո իրականացրեց «Գրանշան 2008» տառատեսակների մրցույթ և ներառեց դրամի խորհրդանշանը մի քանի նոր հայկական տառատեսակներում [4]։

Տարածում[խմբագրել]

2007 թվականին դրամի խորհրդանշանը Կարեն Կոսմենդարյանն առաջին անգամ ներկայացրել է հանրությանը ԱՄՆՍան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ խորհրդանիշը հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ այն ներառելու նպատակով։ Սկսած 2008 թվականից, հեղինակը իր սեմինարներում ներկայացնում է հայկական դրամի, դոլարի և եվրոյի խորհրդանիշների պատմությունը։ Նա հյուր է եղել Երևանի և Գյումրու Ամերիկյան անկյուններում (գրադարաններում), ՀՀ Կենտրոնական բանկում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Եղեգնաձորի նրա մասնաճյուղում, Դիլիջանի քոլեջում, CRRC գրասենյակում, Շիրակացու անվան կրթահամալիրում։ 2009 թվականին հեղինակը ստեղծել է Wikipedia կայքում դրամի խորհրդանիշի մասին Armenian dram sign առաջին էջը և նախաձեռնել է շնորհանդես Ա. Իսահակյանի անվան գրադարանում։ 2010 թվականին նա բացում է Wikipedia կայք ռուսերեն Символ армянского драма

Դրամի խորհրդանշանը ներկայացվել է մի շարք պարբերականներում. [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] և կայքերում [14] [15]

2011 թվականին դրամի խորհրդանշանը հայտնվել է ՀՀ Կենտրոնական բանկի նոր վեբ կայքում և տեղ է գտել ԿԲ-ի նոր թանգարանի ձևավորման մեջ։

Լեռնային Ղարաբաղի դրամի խորհրդանշանի առաջարկներ[խմբագրել]


Էդգար Ղազարյանի և Կարեն Կոմենդարյանի կողմից ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի դրամի հետևյալ տարբերակները՝

Հղումներ[խմբագրել]

  1. Муравьев Сергей. «Тайна Месропа Маштоца», «Литературная Армения» #2, Ереван, 1985
  2. Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի ընտրության մասին, ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդ, արձանագրային որոշում թիվ 25, հոկտեմբերի 9, 2001
  3. The Unicode Standard 6.1 http://unicode.org/charts/PDF/U0530.pdf
  4. Granshan International Type Design Competition for non-Latin typefaces http://www.granshan.org
  5. Հարցազրույց՝ Կարեն Կոմենդարյանի հետ, Հայաստանի Բանկերի Միության պարբերական, #4, նոյեմբեր, 2008
  6. Комендарян, Карен, Графический символ армянского драма, «Базис», Первый армянский экономический журнал #8-9, октябрь-ноябрь, Ереван 2008
  7. Арзуманян, Карен, Символ армянских денег, «Деловой Экспресс», Армянский бизнес еженедельник, #43, 21–28 ноябрь, Ереван 2008
  8. Захарян, Виолетта, Валюнтаризм, журнал «Ереван», #12, Етнопресс Армения-Россия-США, декабрь 2008
  9. Монумент валюте, журнал «Ереван», #12, декабрь 2008
  10. Ալոյան, Աննա, Հայկական դրամի և գրանշանի ծնունդը, «Էկոնոմիկա» տնտեսական, հասարակական, մշակութային հանդես, ձմեռ #3 (9), 2008-2009
  11. Հայկական դրամի գրաֆիկական խորհրդանիշը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» պաշտոնաթերթ, #9 (641), նոյեմբեր, 2008
  12. Հայկական դրամի գրանշանի պատմությունը՝ անձամբ հեղինակից, «Տնտեսագետ» պաշտոնաթերթ, #4 (645), ապրիլ 2009
  13. Դրամաcode «NewMag» ամսագիր, #27, նոյեմբեր 2011
  14. «Հայաստանը դու ես», Հայկական ազգային դրամի գրանշանը` որպես պետականության ևս մի խորհրդանշան, 2011, www.20hh.am
  15. Պետականության խորհրդանշան, "Հայոց Աշխարհ" օրաթերթ, # 161/3443, 8 սեպտեմբերի 2011, www.armworld.am

Արտաքին հղումներ[խմբագրել]