Հայերը Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ավստրիական հարաբերություններ
Ավստրիա և Հայաստան

Ավստրիա

Հայաստան

Դեռևս 17-րդ դարում հայ վաճառականները Պարսկաստանից և Հնդկաստանից Ավստրիա էին բերում մետաքս ու թանկարժեք քարեր, համեմունք ու պերճանքի առարկաներ։ 1771 թ.-ին ավստրիական արքունիքը հատուկ հրովարտակով տեղի հայերին արտոնել է զբաղվել ոսկերչությամբ ու ակնավաճառությամբ։ Այդ տարիներին Վիեննայի արքունի պաշտոնյաների մեջ հիշատակվում է հայ Օգոստինոս Աղամալյանը, որն արքունի թարգմանիչ էր։ Ավելի ուշ հարևան Իտալիայից (Տրիեստ քաղաքից) Վիեննա եկան Մխիթարյան միաբանության անդամներ, որոնք ձեռնամուխ եղան գիտաքարոզչական աշխատանքի՝ հավաքելով, ուսումնասիրելով և հրատարակելով հին հայկական ձեռագրեր, եվրոպական ժողովուրդներին ծանոթացրել են այդ գանձերին։ Ի դեպ՝ այժմ էլ Վիեննայի Մխիթարյան հայրերը շարունակում են իրենց հայանպաստ բեղմնավոր գործունեությունը, իսկ նրանց մատենադարանում պահպանվում են մոտ 3000 հնագույն հայկական ձեռագրեր, որոնց թվում՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և միջնադարյան այլ մանրանկարիչների նկարազարդած մեծարժեք մատյաններ։ 19-րդ դարի սկզբներին Վիեննայի հայ գաղութն այնքան մարդաշատ է եղել, որ Մխիթարյան աբբահայրերը հայ երեխաների համար բացել են գիշերօթիկ դպրոց, հիմնել տպարան, լույս ընծայել դասագրքեր։ Վիեննահայերն ունեցել են իրենց ամսագրերը, որոնցից «Հանդես ամսօրյան» (հիմնադրվել է 1887 թ.-ին) լույս է տեսնում ցայսօր։ Ներկայումս Ավստրիայում բնակվում է շուրջ 5.000 հայ (ճնշող մեծամասնությունը՝ Վիեննայում)։ Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք բարեգործական և մշակութային կազմակերպություններ։ Գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները։ 1984 թ.-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, իսկ 2001 թ.-ից եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ։ 1979 թ-ից Ավստրիայի Ֆորառլբերգ նահանգը եղբայրացել է Հայաստանի հետ։ Ավստրիացիներն ու վիեննահայ գաղութը զգալի մարդասիրական օգնություն են ցուցաբերել 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Սպիտակին ու Գյումրիին: Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպը նվիրված է Մեծ եղեռնի ժամանակ մուսալեռցի հայերի ինքնապաշտպանության հերոսական պայքարին։ Համայնքի ջանքերով Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է Ֆրանց Վերֆելի հուշարձանը։ Ներկայումս Ավստրիայի հայ համայնքը ստվարանում և հզորանում է։