Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շքանշաններ, շքանշաններ, որոնք սահմանել է Հայ առաքելական եկեղեցին։

Հայ առաքելական եկեղեցին սահմանել է պատվո բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և պատվո բարձր «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» ու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանները։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը հաստատվել է 1919 թվականին՝ Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ հանուն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր աթոռՍուրբ էջմիածնի՝ ի նշանավորումն մեծ բարերարությունների, որոնք մատուցվում են Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին։

Շքանշանը պատրաստվում է ոսկուց և զարդարվում փոքրիկ ադամանդներով (50 x 40 մմ)։ Աջ և ձախ կողմերից երիզված է դափնու և կաղնու ճյուղերով, որոնց մեջ՝ վերին հատվածում, Ամենայն հայոց կաթողիկոսի խորհրդանշանն է՝ խույրով, խաչ-գավազանով, հովվական (եպիսկոպոսական) գավազանով, կոնքեռով և եմիփորոնով (ծայրերին գրվում են ժամանակի հայրապետի անվան սկզբնատառերը՝ «Գ» և «Բ», (Գարեգին Բ)։ Իսկ ներքին հատվածի կենտրոնական մասում Սուրբ էջմիածնի Մայր տաճարն է՝ Արարատ լեռան համապատկերին՝ «Սուրբ էջմիածին» մակագրությամբ։

Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը հաստատվել է 1978 թվականին՝ Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ հանուն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի՝ գիտության, կրթության, գրականության, մշակույթի և արվեստի տարբեր բնագավառներում մատուցված նշանակալի ծառայությունների համար։

Շքանշանը (50 x 42 մմ) պատրաստվում է արծաթից և ոսկեջրվում։ Բոլորաձև զարդագոտին ավարտվում է մի երիզով, որի վրա գրված է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»։ Շքանշանի աջ և ձախ կողմերում դիմահայաց կանգնած են Սուրբ Սահակ Պարթև հայոց կաթողիկոսը և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ 2 ձեռքերով բռնած Սուրբ Գիրքը, որի բացված էջերին պատկերված են հայկական այբուբենի «Այբ» և «Բեն» տառերը։ Ներքին հատվածի կենտրոնական մասում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարն է՝ Արարատ լեռան համապատկերին։

Սուրբ Ներսես Շնորհալի շքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը հաստատվել է 1978 թվականին՝ Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ հանուն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի՝ գնահատումն բազմամյա բեղմնավոր աշխատանքի, որ կատարվում է Մայր աթոռ Սուրբ էջմիածնի, նվիրապետական աթոռների, Հայաստանում և Սփյուռքում գործող Հայաստանյայց եկեղեցիների և եկեղեցական կազմակերպությունների պայծառացման համար։

Շքանշանը (50 x 40 մմ) պատրաստվում է արծաթից և ոսկեջրվում է։ Կենտրոնում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարն է՝ Արարատ լեռան համապատկերին։ Աջ և ձախ կողմերից երիզված է ոլորված բուսազարդ գոտիով, որի վերին մասում աղավնակերպ և լուսաճառագայթարձակ Սուրբ Հոգին է, իսկ ներքևում՝ գլուխները հետ շրջած 2 արծիվ։ Զարդագոտին ավարտվում է ժապավենով, որի վրա գրված է՝ «Սուրբ Ներսես Շնորհալի»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։