Հայաստանը նոր ժամանակներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարչական բաժանումը Անդրկովկասում կատարելիս ռուսական կառավարությունը հաշվի չէր առնում ժողովուրդների պատմական տարածքներն ու անվանումները, ազգային առանձնահատկությունները։ 1867 թվականի դեկտեմբերի 9-ի օրենքով՝ երկրամասը վերաբաժանվել է 5 նահանգի՝ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստանի մեծ մասը մտել է Երևանի ու Ելիզավետպոլի նահանգների, Կարսի մարզի և որոշ գավառներ էլ՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ 1874 թվականին Երևանի նահանգը բաժանվել է 7 գավառի՝ Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի, Սուրմալուի և Շարուր-Դարալագյազի, իսկ 1878 թվականին Ռուսաստանին անցած Կարսի մարզը՝ 4 գավառի՝ Կարսի, Կաղզվանի, Օլթիի և Արդահանի։ Ելիզավետպոլի նահանգի ութ գավառներից հիմնականում հայկական էին Զանգեզուրի (Սյունիք), Շուշիի, Ջաբրայիլի և Ջևանշիրի (Արցախ) և Ղազախի և Ելիզավետպոլի (Գարդմանք) գավառները։ Թիֆլիսի նահանգի մեջ էին Բորչալուի (Լոռի), Ախալքալաքի ու Ախալցխայի գավառները (Ջավախք)։ Վարչական այս բաժանումը պահպանվել է մինչև 1918 թվականը։

Արևմտյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում թուրքական կառավարությունը Արևմտյան Հայաստանում մի քանի անգամ կատարել է վարչական բաժանում այնպես, որ հայերը նահանգներում բացարձակ մեծամասնություն չկազմեն։

1834 թվականին Արևմտյան Հայաստանը բաժանվել է էրզրումի (Կարին), Սվազի (Սեբաստիա), Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթների (նահանգ), 1848 թվականին Կիլիկյան Հայաստանում Մարաշի վիլայեթը միացվել է Ադանայի վիլայեթին։ 1865 թվականին Արևմտյան Հայաստանի մի մասը մտել է էրզրումի (Էրմենիստան անվամբ), մնացած մասերը՝ Սվազի և Դիարբեքիրի վիլայեթների մեջ։ 1886 թվականին Արևմտյան Հայաստանը բաժանվել է էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Դերսիմի, Բիթլիսի (Բաղեշ), Վանի, Հեքյարիի ու Սվազի, իսկ 1895 թվականին՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սվազի և էրզրումի նահանգների։ Վանի նահանգը բաժանված էր 2՝ Վանի և Հեքյարիի, Բիթլիսի նահանգը՝ 4՝ Բիթլիսի, Գենչի, Մուշի և Սղերդի, Դիարբեքիրի նահանգը՝ 3՝ Դիարբեքիրի, Արղնի-Մադենի և Մարդիևի, էրզրումի նահանգը՝ 3՝ էրզրումի, Բայազետի և Երզնկայի, Խարբերդի նահանգը՝ 3՝ Խարբերդի, Դերսիմի և Մալաթիայի, Ավազի նահանգը՝ 4՝ Ավազի, Ամասիայի, Գարահիսարի և Թոքատի (Եվդոկիա) գավառների, 6 նահանգներն զբաղեցնում էին 270 200 կմ2 տարածություն։ Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Հալեպի վիլայեթների մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին հայերը համեմատաբար հավաք ապրում էին ողջ Հայկական լեռնաշխարհում, սակայն մեծ թվով հայեր ապրում էին նաև հայրենիքից դուրս։

1877-1878 թվականների տվյալներով՝ աշխարհում հաշվվում էր շուրջ 5,2 միլիոն հայ։ 1897 թվականին Ռուսական կայսրությունում ապրում էր 1.173.096 հայ, որից 441 hազարը՝ Երևանի, 292.188-ը՝ Ելիզավետպոլի, 196.189-ը՝ Թիֆլիսի, 52.233-ը՝ Բաքվի նահանգում, 73.406-ը՝ Կարսի մարզում, 24.043-ը՝ Քութայիսի նահանգում և Բաթումի մարզում, մյուսները՝ կայսրության այլ վայրերում։

Արևելյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական հանգամանքների բերումով՝ Արևելյան Հայաստանում ապրում էին նաև ռուսներ, թաթարներ, քրդեր և այլ ժողովուրդներ։ Կապիտալիզմի զարգացման հետևանքով գյուղ, բնակչության մի մասը տեղափոխվել է քաղաք։ 1886-1897 թվականներին Երևանի նահանգում քաղաքային բնակչությունն աճել է 44,7 %-ով, գյուղականը՝ 17,7 %-ով։ 1897-ին Երևանում բնակվում էր 29.033, Ալեքսանդրապոլում՝ 32.018, Նոր Բայազետում՝ 8.705 մարդ։ Արևելյան Հայաստանում բնակչության հարաբեր, մեծամասնությունը (շուրջ 10 %-ը) քաղաքաբնակ էր։ 1897 թվականի տվյալներով՝ Երևանի նահանգի քաղաքային բնակչության ավելի քան 58 %-ը հայ էր։ Հայերը հարաբերական մեծամասնություն էին կազմում նաև Կովկասի մի շարք քաղաքներում, միջին համամասնությունը մոտավորապես այսպիսին էր՝ հայեր՝ 21,4 %, թաթարներ՝ 11,8 %, վրացիներ՝ 9,2 %։

Արևմտյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականի տվյալներով՝ օսմանյանյան կայսրությունում բնակվում էր 3 միլիոն հայ, որից 400 հազարը՝ Կոստանդնուպոլսում և Բալկաններում, 600 հազարը՝ Փոքր Ասիայում և Կիլիկյան Հայաստանում, 670 հազարը՝ Փոքր Հայքում և Կեսարիայի շրջանում, 1.330 մլն-ը՝ Մեծ Հայքի՝ թուրքական տիրապետության տակ գտնվող մասում։ Սուլթանական կառավարության հայահալած քաղաքականության պայմաններում Արևմտյան Հայաստանի բնակչությունը դանդաղ է աճել, իսկ բռնի մահմեդականացման և 1890-ական թվականների աբդուլհամիդյան կոտորածներից հետո նրանց թիվն զգալիորեն նվազել է։

Արևմտյան Հայաստանի տարածքում ապրում էին նաև քրդեր, թուրքեր, ասորիներ, հույներ, պարսիկներ, հրեաներ, չեչեններ, չերքեզներ և այլ ժողովուրդներ, որոնք տարբեր ժամանակներում ներթափանցել էին այնտեղ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։