Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան
SEUA Seal
Հապավում ՀՊՃՀ
Նախկին անվանումներ Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտ (1933-1991)
Տիպ Պետական
Ռեկտոր Արա Ավետիսյան
Ուսանողներ շուրջ 10 000
Տեղագրություն Երևան
(մասնաճյուղեր՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում)
Կայք www.seua.am

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀբարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում։

Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր պոլիտեխնիկ

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

ՀՊՃՀ առաջին մասնաշենք

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իրավաժառանգորդն է Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ. ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 19801985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանողներ և 66-ից ավելի մասնագիտություններ, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։

ՀՊՃՀ 2-րդ մասնաշենք

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991 թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)։ ՀՊՃՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀՊՃՀ կառավարման մարմիններն են Համալսարանի Խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։

ՀՊՃՀ 9-րդ մասնաշենք

Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։

Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլլիոն միավոր գրականությամբ, տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։

ՀՊՃՀ-ի օնլայն լսարան

Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։

ՀՊՃՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։

Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀՊՃՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, NATO, NISCUPP և այլն)։

ՀՊՃՀ բաժանմունքներ և կենտրոններ[խմբագրել]

ՀՊՃՀ մասնաճյուղեր[խմբագրել]

Միջազգային կապեր[խմբագրել]

ՀՊՃՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է՝

  1. ԱՄՆ ԱՄՆ
    • Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական (Պոմոնա) համալսարան
    • Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտ
    • Փերդյուի (Ինդիանա)
    • Բատոն Րուժի Հարավային (Լուիզիանա)
    • Գրեմբլինգի պետական (Լուիզիանա)
    • Նոր Օռլեանի պետական (Լուիզիանա) համալսարաններ
  2. Գերմանիա Գերմանիա
    • Իլմենաուի տեխնալոգիական համալսարան
    • Օպտոէլեկտրոնիկայի ինստիտուտ (Ուեսլինգ)
    • Շտուտգարտի տեխնիկական համալսարան
    • Դարմշտադի տեխնիկական համալսարան
  3. Իսպանիա Իսպանիա
    • Բարսելոնի ինքնավար
    • Ալիկանտեի համալսարաններ
  4. Իտալիա Իտալիա
    • Հռոմի «Լա Սապիենզա»
    • «Տոր Վերգատա» համալսարաններ
    • Թուրինի պոլիտեխնիկական համալսարան
  5. Հունաստան Հունաստան
    • Սալոնիկի Արիստոտելյան
    • Աթենքի ազգային տեխնիկական
    • Պիրեայի տեխնոլոգիական կրթության համալսարաններ
  6. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
    • Արևմտյան Լոնդոնի Բրյունելի
    • Բելֆաստի թագավորական
    • Հադերսֆիլդի
    • Ուոլվերհամփթոնի համալսարաններ
  7. Շվեդիա Շվեդիա
    • Ստոկհոլմի Թագավորական Տեխնոլոգիական ինստիտուտ
    • Լունդի համալսարան
  8. Չինաստան Չինաստան
    • Ջիլինի համալսարան
    • Շանհայի էլեկտրատեխնիկական համալսարան
    • Խուաջունի տեխնիկական համալսարաններ
  9. Պորտուգալիա Պորտուգալիա
    • Լիսաբոնի տեխնիկական համալսարան
  10. Ռուսաստան Ռուսաստան
    • Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ
    • Բաումանի տեխնիկական
    • Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարաններ
  11. Սիրիա Սիրիա
    • Դամասկոսի համալսարան
  12. Ուկրաինա Ուկրաինա
    • Ուկրաինական ազգային տեխնիկական համալսարան (Կիև)
    • Ուկրաինայի թեթև արդյունաբերության պետական ակադեմիա (Կիև)
  13. Ֆինլանդիա Ֆինլանդիա
    • Օստրոբոսնիայի կենտրոնական պոլիտեխնիկական համալսարան

ՀՊՃՀ պատմության հիշարժան տարեթվեր[խմբագրել]

  • 1933թ. փետրվարի 27-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ միավորվեցին ՀԽՍՀ շինարարական և քիմիատեխնոլոգիական ինստիտուտները, և 1933թ. մարտի 1-ին հիմնադրվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ երկու ֆակուլտետներով՝ շինարարական և քիմիատեխնոլոգիական։
  • 1933թ. մարտի 14-ին, Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ինստիտուտը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։
  • 1939թ. ՀԽՍՀ հեռակա ինդուստրիալ ինստիտուտը միացվեց ԵրՊԻ-ին՝ դառնալով նրա հեռակա բաժինը։
  • 1944թ. սեպտեմբերի 1-ին բացվեց մեխանիկական ֆակուլտետը։
  • 1946թ. աշնանը տեղի ունեցավ ինստիտուտի ուսանողական գիտական առաջին համաժողովը։
  • 1947թ. ձևավորվեց ԵրՊԻ-ի ուսանողական գիտական ընկերությունը։
  • 1953թ. ստեղծվեց ԵրՊԻ-ի լեռնային ֆակուլտետը։
  • 1956թ. շահագործման հանձնվեց ԵրՊԻ-ի գրադարանի ընթերցասրահը՝ 45 հազար միավոր գրքով։
  • 1957թ. մայիսի 1-ին, լույս տեսավ «Պոլիտեխնիկ» թերթի անդրանիկ համարը։
  • 1959թ. հիմնադրվեցին ԵրՊԻ Լենինականի և Կիրովականի մասնաճյուղերը։
  • 1961թ. կազմավորվեց ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
  • 1964թ. հիմնադրվեց ԵրՊԻ-ի կամերային նվագախումբը, որը հետագայում արժանացավ «ժողովրդական կոլեկտիվ» պատվավոր կոչմանը։
  • 1966թ. Ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը վերանվանվեց տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ։
  • 1972թ. կազմավորվեց ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը՝ առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից։
  • 1972թ. կազմավորվեց էներգետիկայի ֆակուլտետը։
  • 1972թ. Դիլիջանում բացվեց ԵրՊԻ-ի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի բաժանմունքը։
  • 1974թ. ինստիտուտում ստեղծվեց հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը։
  • 1978թ. տեխնիկական կիբեռնետիկայի և ռադիոտեխնիկայի ֆակուլտետների բազայի վրա հիմնադրվեց հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
  • 1978թ. ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը վերանվանվեց ռադիոտեխնիկայի ֆակուլտետ։
  • 1985թ. մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետների հիմքի վրա բացվեց տրանսպորտային ֆակուլտետը։
  • 1991թ., նոյեմբերի 29, Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-4 հրամանգրով ԵրՊԻ-ն վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի։
  • 1991թ., դեկտեմբերի 9, ՀՀ կառավարության թիվ 670 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։
  • 1992թ. բարձրագույն մաթեմատիկայի երեք ամբիոնների միավորմամբ ստեղծվեց մաթեմատիկայի դեպարտամենտը։
  • 1992թ. հիմնադրվեց հասարակագիտական ֆակուլտետը, որը 1994թ.-ին վերակազմավորվեց սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի։
  • 1994թ. ստեղծվեց մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտը։
  • 1994թ. ստեղծվեցին համալսարանի շրջանավարտների միությունը և ուսանողական խորհուրդը։
  • 1996թ. ՀՊՃՀ-ն դարձավ Եվրոպական համալսարանների ընկերակցության անդամ։
  • 1996թ. Կապանում ԵրՊԻ-ի ուսումնակոնսուլտացիոն կետի հիման վրա բացվեց ԵրՊԻ-ի Կապանի մասնաճյուղը։
  • 2001թ. հուլիսին հիմնադրվեց Ուսանողական կարիերայի ծառայությունների կենտրոնը։
  • 2001թ. ստեղծվեց ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնը՝ «Լեդա Սիսթեմս» ԲԸ Հայաստանյան մասնաճյուղում։
  • 2003թ. հոկտեմբեր, նշվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահը, Վարչապետը և բազմաթիվ այլ հյուրեր։
  • 2004թ. սեպտեմբեր, հիմնանորոգվեց և կահավորվեց Համալսարանի պատմական 1301 լսարանը՝ դառնալով Գիտական խորհրդի նիստերի և այլ հանդիսավոր միջոցառումների դահլիճ։
  • 2005թ. սեպտեմբեր, ՀՀ կառավարության որոշմամբ Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը։
  • 2005թ. դեկտեմբեր, հրավիրվեց ՀՊՃՀ նոր Խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։
  • 2006թ. մայիս, ՀՊՃՀ Շրջանավարտների միությունը վերակազմակերպվեց «Շրջանավարտների ասոցիացիայի», որի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ, պոլիտեխնիկցի Անդրանիկ Մարգարյանը։

Ռեկտորներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բաբաջանյան 1934-1936
  2. Հմայակ Ղոնդախչյան 1936-1937
  3. Աշոտ Մելիքջանյանը 1937-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր
  4. Միսակ Պետրոսյան 1937-1946
  5. Պետրոս Մելքոնյան 1946-1965
  6. Աշոտ Ասլանյան 1965-1966
  7. Արծրուն Գասպարյան 1966-1980
  8. Ռաֆայել Մովսիսյան 1980-1988
  9. Յուրի Սարգսյան 1988-2006
  10. Ոստանիկ Մարուխյան 2006-2011
  11. Արա Ավետիսյան 2011-ից առ այսօր

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել]

Տես նաև հայկական Վիքիպեդիայում առկա ՀՊՃՀ շրջանավարտների ցանկը։

Արտաքին Հղումներ[խմբագրել]