ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
(ՀՀ ԱԳՆ)
Ընդհանուր տեղեկություն
Ենթարկում Հայաստանի նախագահ
Շտաբակայան Երևան
40°10′42″ հս. լ. 44°30′42″ ավ. ե. / 40.178333° հս. լ. 44.511667° աե. ե.
Պատասխանատու նախարար Էդվարդ Նալբանդյան, Արտգործնախարար
Կայք
Նյութեր Վիքիպահեստում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ՀՀ ԱԳՆ), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը Հայաստանի Հանրապետության նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ ՀՀ ԱԳՆ-ն գործում է ՀՀ սահմանադրության, օրենսդրության, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա։ Արտգործնախարարությունը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել]

Նախարար

Տեղակալներ

Առաքելություն[խմբագրել]

Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության.

  • արտաքին անվտանգության ամրապնդմանը,
  • զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը,
  • միջազգային ասպարեզում դիրքորոշումների ներկայացմանը,
  • արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը,
  • միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը,
  • բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը,
  • հարաբերությունների կարգավորմանն այն երկրների հետ, որոնց հետ գոյություն ունեն խնդիրներ,
  • արտերկրի հայկական համայնքների կապերի առավել զարգացմանն ու խորացմանը

Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը։ Հայաստանն իր նպաստն է բերում կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում։

Պատմություն[խմբագրել]

1918 թվականին Հայաստանը պետականության վերականգնմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում և հաստատում դիվանագիտական կապեր։ Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի և այլ երկրների հետ։ Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, Երևանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ՝ Պարսկաստանը։

Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918 թ.՝ պաշտոնակատար, միաժամանակ՝ ՀՀ վարչապետ), Սիրեկան Տիգրանյանը (1918-19թթ.), Համո Օհանջանյանը (1920 թ., միաժամանակ՝ ՀՀ վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920 թ., միաժամանակ՝ ՀՀ վարչապետ)։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1920 թ. դեկտեմբերին ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը, հանրապետության լիազոր ներկայացուցչություններ բացվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Պարսկաստանում, Կարսում։

Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) կազմավորումից հետո 1922թ. հուլիսին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ԱԳԺԿ) վերացվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրֆեդերացիայի անդամ հանրապետությունների արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության միության խորհուրդը։

1922 թ. ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո ԱԳԺԿ-ն դառնում է միութենական ժողկոմատ, քանի որ ԽՍՀՄ-ը վարում էր ընդհանուր արտաքին քաղաքականություն և, ըստ այդմ, միութենական հանրապետություններն արտաքին քաղաքականություն վարելու գործառույթը պատվիրակել էին ԽՍՀՄ-ին։

Հայրենական Մեծ պատերազմի ավարտական փուլում ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդլայնել միութենական հանրապետությունների լիազորությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում՝ մասնավորապես, նախատեսվում էր հանրապետություններին իրավունք տալ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատել արտերկրի պետությունների հետ, և նույնիսկ դրանց դարձնել ՄԱԿ-ի անդամ։ Դիվանագիտական կադրեր պատրաստելու համար Երևանի պետական համալսարանում կազմակերպվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (գործել է 1945-52թթ.)։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 1944թ. ընդունված օրենքին համաձայն ԽՍՀՄ արտգործժողկոմատը ընդհանուր միութենականից վերափոխվեց միութենական-հանրապետականի, ինչը նշանակում էր, որ միութենական հանրապետությունների կառավարությունների կառուցվածքում վերականգնվում են արտգործժողկոմ տները (1946թ.-ից՝ արտաքին գործերի նախարարություն)։

Հետպատերազմական տարիներին ՀԽՍՀ արտգործնախարարությունը գործում էր ՀԽՍՀ կառավարության և ԽՍՀՄ արտգործնախարարության ղեկավարությամբ։ Նախարարությունն ուներ քաղաքական տեղեկատվության և արարողակարգային-հյուպատոսական բաժիններ. նրա գործառույթներն էին քաղաքական տեղեկատվության առաքումը ՀԿԿ կենտկոմին ու ՀԽՍՀ կառավարությանը՝ հանրապետությանը վերաբերող արտերկրի ու միջազգային անցուդարձի վերաբերյալ արտասահմանյան պետությունների հետ հանրապետության առևտրատնտեսական, գիտական, մշակութային և այլ կապերի հյուպատոսական ապահովումը, քաղաքացիության հարցերի, քաղաքացիների արտերկրի մեկնելու համար անձնագրերի, մուտքի և ելքի արտոնագրերի (վիզաների) տրամադրում, փաստաթղթերի օրինականացում (լեգալիզացիա) և պահանջում, նամակագրությունը «ինյուր կոլեգիայի» հետ քաղաքացիների ժառանգության և գույքային այլ հարցերի շուրջ, ՀԽՍՀ իշխանական մարմինների նամակագրությունը ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան հաստատությունների հետ։

ՀԽՍՀ ԱԳՆ-ն ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մասն էր, նախարարության դիվանագիտական աշխատակիցները ստանում էին ԽՍՀՄ դիվանագիտական աստիճաններ, ժամանակ առ ժամանակ աշխատանքի էին գործուղվում ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններ։ ԽՍՀՄ դիվանագիտական ծառայությունում աշխատել են նաև ՀԽՍՀ այլ ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր, որոնցից մի քանիսը ղեկավար պաշտոններ են վարել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, եղել ԽՍՀՄ արտակարգ ու լիազոր դեսպաններ։

1975-85 թթ. ՀԽՍՀ ԱԳՆ-ն մեծ ու բեղմնավոր աշխատանք կատարեց Սփյուռքում ծավալվող զարգացումների, հայկական հարցի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և հանրապետության ղեկավարության որոշումների նախապատրաստելու, քաղաքական հայագիտության զարգացման ուղղությամբ։

ՀԽՍՀ ԱԳՆ-ի փոքրաթիվ աշխատակազմի համար մեծ փորձություն դարձավ 1988 թ. ավերիչ երկրաշարժը և նրան հետևած ժամանակաշրջանը, երբ անհրաժեշտ եղավ զբաղվել արտերկրից ժամանող զանգվածային մարդասիրական օգնության կազմակերպման, ինչպես նաև քաղաքական, դիվանագիտական ու հյուպատոսական ապահովման հարցերով։

Ղարաբաղյան շարժման 1988 թ. ծավալմամբ ՀԽՍՀ ԱԳՆ-ն հանրապետության ղեկավարությանը տեղեկատվություն էր հաղորդում Հայաստանում ու ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին։ ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներին, հատկապես, 1988թ. երկրաշարժից հետո, ՀԽՍՀ ղեկավարությունը մի քանի անգամ (սակայն, ապարդյուն) Մոսկվայի առջև հարց էր բարձրացրել ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններում, հատկապես, մեծաքանակ հայ համայնքներ ունեցող երկրներում, հանրապետության ներկայացուցիչների ավելի լայն ներգրավման վերաբերյալ։ Այսպես, ՀԽՍՀ-ի կողմից երաշխավորված դիվանագետներ են աշխատել Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությանը 1960-82թթ. Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի (ժողկոմի) պաշտոնը վարել են Ալեքսանդր Բեկզադյանը (1920-21թթ.), Ասքանազ Մռավյանը (1921-22 թթ.՝ միաժամանակ Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհի) նախագահի տեղակալ), Սահակ Կարապետյանը (1944-46թթ., միաժամանակ՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ), նախարար են եղել Սահակ Կարապետյանը (1946-47 թթ.՝ միաժամանակ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ), Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը (1947-54 թթ., միաժամանակ՝ 1947 թվականից՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) վարչության նախագահ և 1948 թվականից՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ), Անտոն Քոչինյանը (1954-58թթ., միաժամանակ՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ), Բալաբեկ Մարտիրոսյանը (1958-72թթ., միաժամանակ՝ 1959-61 թթ.՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ), Կամո Ուդումյանը (1972-75թթ.), Ջոն Կիրակոսյանը (1975-85թթ.), Անատոլի Մկրտչյանը (1986-91թթ.)։

Հայաստանի անկախության հռչակմամբ (1991թ.) հանրապետության արտգործնախարարության գործունեությունը ենթարկվեց արմատական փոփոխության, հաշվի առնելով ՀՀ նոր կարգավիճակը միջազգային հարաբերություններում, նախարարության կառուցվածքն ու աշխատակազմի քանակը համապատասխանեցվեց անկախ պետության արտաքին քաղաքականություն իրականացնելու պահանջներին։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 156 երկրների հետ (2010թ. օգոստոսի 1-ի դրությամբ)։ ՀՀ դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ,1992թ.), մի շարք այլ միաջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ, Եվրոպայի Խորհուրդ, ՍԾՏՀԿ) անդամ, ՀՀ դեսպանություններ ու գլխավոր հյուպատոսություններ բացվեցին մի շարք երկրներում, ՀՀ մշտական ներկայացուցչություններ հիմնվեցին մի շարք միջազգային կազմակերպություններում (2010թ. օգոստոսի 1-ի դրությամբ՝ արտերկրում գործում են ՀՀ 30 դեսպանություն, ՀՀ 5 գլխավոր հյուպատոսություն, 4 հյուպատոսություն և հյուպատոսական գրասենյակ ՀՀ 10 մշտական ներկայացուցչության միջազգային 7 կազմակերպություններում)։ Ընդունվեցին ՀՀ օրենքներ «Դիվանագիտական աստիճանների մասին» (5.5.1992) «Դիվանագիտական ծառայության մասին» (24.10.2001 հետագա փոփոխություններով,) «Հյուպատոսական ծառայության մասին» (29.5.1996թ.), ԱԳՆ համակարգը կարգավորող մի շարք իրավական ակտեր, այդ թվում ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ Սփյուռքահայության հետ տարվող աշխատանքները պետական մակարդակով համակարգելու համար ՀՀ ԱԳՆ աշխատակազմում գործել է Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն (2002թ.), Սփյուռքի պետական կոմիտե (2008թ. հունիս-հոկտեմբեր), որի հիման վրա 2008 թ. ձևավորվել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը։ Բարձրագույն դիվանագիտական աստիճանների առաջին շնորհումները տեղի են ունեցել ՀՀ նախագահի 25.7.1992 թ. հրամանագրով։

1996 թվականից ՀՀ ԱԳՆ գտնվում է Հանրապետության հրապարակում՝ Կառավարական 2-րդ շենքում, որը կառուցվել է 1955 թ. ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծով։ 1991-1996թթ. ԱԳՆ տեղակայված է եղել այն շենքում, որտեղ ներկայումս գտնվում է ՀՀ Սահմանադրական դատարանը։

Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված կանոնադրության՝ ՀՀ ԱԳՆ-ն գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում ու ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։

ՀՀ նախագահի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» 31 մարտի 2000թ. հրամանագրով և «ՀՀ գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեության և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» 22ապրիլ 2000թ. կարգադրությամբ ՀՀ ԱԳՆ-ին վերապահված է արտաքին քաղաքական ոլորտի համակարգող դեր։

Ելնելով անկախ պետականության պահանջներից ձևավորվեց ՀՀ պետական արարողակարգը. 1991 թ.՝ ԱԳՆ վարչություն, այնուհետև՝ 1998 թ. ԱԳՆ կազմում գործող ՀՀ պետական արարողակարգի ծառայություն, որը 2002 թ. վերակազմավորվեց ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։ Պետական արարողակարգի կայացման գործում մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթները հաստատող ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի հրամանագիրը։

Սկսած 1999 թ.՝ գումարվում են արտերկրում ՀՀ դեսպանների ամենամյա խորհրդաժողովներ։ Մի քանի անգամ անց են կացվել ՀՀ դեսպանների տարածաշրջանային հավաքներ։ 2010թ. ՀՀ ԱԳՆ-ին կից գործում է դիվանագիտական դպրոց։ ՀՀ ԱԳՆ-ն ունի իր գերատեսչական պարգևները. 2002թ. սահմանվել է նախարարության պատվո հուշամեդալ, 2009 թ.՝ «Ջոն Կիրակոսյանի 80-ամյակ» մեդալ։ ՀՀ արտգործնախարար են եղել Աշոտ Եղիազարյան (պաշտոնակատար՝ 1990-91թթ.), Րաֆֆի Հովհաննիսյանը (1991-92թթ.), Արման Կիրակոսյանը (պաշտոնակատար՝ 1992-93թթ.), Վահան Փափազյանը (1993-96թթ.), Ալեքսանդր Արզումանյանը (1996-98թթ.), Վարդան Օսկանյանը (1998-2008թթ.)։

2008 թ. ապրիլից նախարար է Էդվարդ Նալբանդյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել]