Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, կազմակերպվել է 1966 թվականին (պաշտոնապես գործել է 1967 թվականից), Երևանում, Օհան Դուրյանի նախաձեռնությամբ, որպես հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ. գլխավոր դիրիժոր՝ Յուրի Դավթյան (1966-1968 և 1992-1994), հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Օ. Դուրյան (1967-1974 և 1991 թվականներից), 1969-1990 թվականներին գլխավոր դիրիժոր՝ Ռաֆայել Մանգասարյան (1974 թվականից, միաժամանակ, ընդհատումով, գեղարվեստական ղեկավար), 1986-1988 թվականին և 1990-1991 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Է. Խաչատրյան։ Նվագացանկը ընդգրկում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նվագախմբի կատարումներով «Մելոդիա» ֆիրման թողարկել է ձայնասկավառակներ։ Նվագախմբի հետ ելույթներ են ունեցել անվանի երաժիշտ-կատարողներ՝ Արամ Խաչատրյանը, Միքայել Մալունցյանը, Գոհար Գասպարյանը, Օթար Թաքթաքիշվիլին, Լիլի Չուգասզյանը, Լուսին Ամարան, Մեդեա Աբրահամյանը, Լուսինե Զաքարյանը, Ս. Ֆրանսուան, Դ. Վարժապետյանը և ուրիշներ։ Նվագախումբը համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Ռիգայում, Տալլինում, Կիևում, 1995 թվականին՝ Կաննում, Մարսելում, Իերում (Ֆրանսիա) և այլուր։ 1999 թվականին նվագախումբը կոչվել է Օհան Դուրյանի անունով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։