Հայաստանի Հանրապետության օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ։

Օրենքների ընդունման և կիրառման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդրական գործընթացի փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքներն ընդունելու բացառիկ իրավունքը պատկանում է Օրենսդիր իշխանությանը (Ազգային ժողովին), որն օժտված է գերակայությամբ։ Օրենսդրական գործընթացն ունի 3 փուլ՝

  • Օրենսդրական նախաձեռնության փուլ
  • Օրինագծի քննարկման և ընդունման փուլ
  • Ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրման և հրապարակման փուլ

Օրենսդրական նախաձեռնության փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքների նախագծերը կարող են առաջադրվել կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Եթե օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է պատգամավորին, ապա նախագիծը ներկայացվում է ԱԺ նախագահին։ Երկու օրվա ընթացքում խորհրդարանի նախագահն այն ուղարկում է կառավարություն և ԱԺ-ի բոլոր հանձնաժողովներին՝ նշելով գլխադասային հանձնաժողովը( այն հանձնաժողովն է, որը պատասխանատու է տվյալ նախագծում հանդես եկած հարցերի համար)։ 30 օրվա ընթացքում կառավարությունը և գլխադասային հանձնաժողովը եզրակացություն են տալիս նախագծի վերաբերյալ։ Եթե տվյալ նախագծի ընդունումը որևէ կերպ կարող է ազդել բյուջեի վրա, ապա կառավարության եզրակացությունը պարտադիր է։ Նախագծի մասին եզրակացությունները ստանալուց հետո ԱԺ նախագահը նախագիծն ու դրա մասին եզրակացությունները ներկայացնում է ԱԺ հերթական եռօրյա նիստին։ Քվեարկությունից հետո նախագիծը ձայների մեծամասնություն հավաքելով ընդգրկվում է նստաշրջանի օրակարգում։

Օրինագծի քննարկման և ընդունման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը առնվազն երկու ընթերցմամբ քննարկվում է ԱԺ նիստում։ Առաջին ընթերցման ժամանակ զեկուցողը ներկայացնում է օրենքի նախագիծը։ Օրենքի ընդունման փուլում օրինագիծն ամբողջությամբ դրվում է քվեարկության։ Օրինագիծն ընդունվում է, երբ նիստին ներկա են պատգամավորների կեսից ավելին ու մեծամասնությունը կողմ է քվեարկում։

Ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրման և հրապարակման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքն ուժի մեջ է մտնում միայն նախագահի ստորագրումից ու հրապարակումից հետո։ Նախագահը 21 օրվա ընթացքում կարող է այն ստորագրել կամ հետ ուղարկել ԱԺ՝ իր դիտողություններով և առաջարկներով։ Եթե օրենքը հետ է ուղարկվում, ապա խորհրդարանը քննարկում է միայն նախագահի դիտողությունները և առաջարկները։ Դրանց չընդունվելու դեպքում պատգամավորներն օրենքը մեկ անգամ ևս դնում են քվեարկության։ Եթե օրենքը ընդունվում է, ապա այն հետ է ուղարկվում նախագահին։ Այս դեպքում նախագահն պարտավոր է 5 օրվա ընթացքում ստորագրել և հրապարակել օրենքը։ Հրապարակվելուց հետո օրենքն մտնում է ուժի մեջ և սկսում է գործել։

Օրենքի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի տեսակները երեքն են՝

Պետության հիմնական օրենքը հանդիսանում է Հայաստանի Սահմանադրությունը։ Օրենսգիրքը միասնական, համակարգված, ամբողջական, ներքուստ համաձայնեցված անմիջական գործողության օրենք է, որը կարգավորում է որևէ ոլորտի հասարակական հարաբերությունները։ Ընթացիկ օրենքներում պարունակում են իրավունքի այնպիսի նորմեր, որոնք համապատասխանում են Սահմանադրությանը և համապատասխան ոլորտի օրենսգրքին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակագիտություն, 11-րդ դասարանի դասագիրք, հեղինակներ Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Ա. Գյուլբուդաղյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]