ՀՀ աշխատանքային օրենսգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Աշխատանքային հարաբերություններ
Կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ
Աշխատանքային օրենսդրություն
Աշխատանքային իրավունք
Աշխատանքային պայմանագիր
Աշխատաժամանակ
Հանգիստ
Աշխատավարձ
Աշխատանքային կարգապահություն
Նյութական պատասխանատվություն
Աշխատանքային վեճեր

Հայաստան պորտալ

Հայաստանի աշխատանքային օրենսգիրք, նորմատիվ իրավական ակտ, որը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն, ինչպես նաև դրանց իրականացման կարգը[1]։

Այս պետական փաստաթուղթը կարգավորում է նաև աշխատողների և գործատուների անվտանգության ապահովման և առողջության պահպանման պայմանները[2]։

Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով։

Հայաստանի աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները։ Բացառություն են կազմում միայն այն հարաբերությունները, որոնք վերաբերում են աշխատաժամանակի և հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը, աշխատողների անվտանգությանը և առողջությանը[3]։

Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև այլ աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով։

Աշխատանքային օրենսգրքի էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի աշխատանքային օրենսդրության ստեղծման նպատակն է սահմանել ֆիզիկական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և երկքաղաքացիների աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները[4]։

Բացի այդ, նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը և պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը՝ հետևելով պարտականությունների կատարմանը։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Հայաստանի օրենքների մայր ժողովածուն՝ Սահմանադրությունը և մյուս առանցիկ կանոնագրքերը, այնպես էլ Հայաստանի Աշխատանքային օրենսգիրք ունի որոշակի սկզբունքներ[5]։

Աշխատանքային կանոնագրքի կարևորագույն սզբունքներից է աշխատանքի ազատությունը, ինչպես նաև աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է)։

Այս սկզբունքը կայանում է նրանով, որ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ իրավունք ունի ընտրել իր իսկ նախընտրելի աշխատանքը՝ իր մասնագիտացման և որակավորման սահմաններում, ինչպես նաև պաշտպանելու իր աշխատանքային ազատությունը։

Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ ցանկացած բնույթի աշխատանքում և աշխատանքային պայմաններում արգելվում է աշխատողների կամ գործատուի նկատմամբ կիրառվող բռնությունները։

Ամենից կարևոր է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից։

Եթե աշխատողի աշխատանքի անցնելը հաստատված է պետության կամ տեղային ինքնակառավարման մարմինների կողմից, ապա պետությունը ապահովում է աշխատողի և գործատուի աշխատանքի արդարացի պայմանների իրավունքը։

Անկախ նրան, գործատուն անհատ ձեռներեց է թե պետական մարմին, գործատուն (կամ պետությունը) պարտավորվում է պարտաճանաչ կերպով հանձնել աշխատավարձը։

Գործատուների և աշխատողների՝ աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ՝ արհեստակցական և գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը) ևս կարևոր է։ Երկու կողմերից որևէ մեկի կողմից այս կետի խախտումը կարող է հանգեցնել ֆինանսական կամ կարգապահական տույժի։

ՀՀ Աշխատանքային սահմանադրության դրույթներից են նաև այն, որ գործատուն և աշխատողը պետք է ապահովի աշխատանքային հարաբերությունների կայունությունը, կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը՝ ըստ իրենց պարտականությունների։

Կիրառման ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ քաղաքացիական օրենսգրքեր
Արդարադատություն
Հայաստանի ներպետական օրենսդրություն
ՀՀ օրենսգրքեր
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք
ՀՀ ջրային օրենսգիրք
ՀՀ ընտանեկան օրենսգիրք
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
ՀՀ ընտրական օրենսգիրք
ՀՀ հողային օրենսգիրք
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
ՀՀ քրեական օրենսգիրք
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք
ՀՀ մաքսային օրենսգիրք
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք

պորտալ

Ըստ կանանոգրքի պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան։ Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար[6]։

Հիմնվելով ՀՀ Արդարադատության նախարարության թիվ 3 որոշման վրա, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է սույն օրենսդրության կիրառման ոլորտները և նպատակները։

Աշխատանքային օրենսգիրքը լինելով ՀՀ կարևորագույն օրենքների ժողովածուներից մեկը ունի իր նպատակները, սկզբունքները և օրենսդրական կիրառման ոլորտները, ինչպես նաև օրենքով սահմանված աշխատանքի իրավունքի իրականացման իրավական հիմքերը։

Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կնքման և կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը՝ ըստ իրենց պարտավորությունների ևս սահմանում է այս օրենսգիրքը։

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հիմնվելով ՀՀ մայր օրենքների ժողովածուի վրա սահմանում է նաև այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները, աշխատաժամանակի առավելագույն և հանգստի ժամանակի նվազագույն տևողությունը, արտոնությունների, հատուցումների, երաշխիքների նվազագույն չափը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը, աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական միությունների, համաժողովի կողմից ընտրված ներկայացուցիչների, ինչպես նաև գործատուների միությունների, դրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կան նաև դրույթներ, որոնք վերցված են Սահմանադրությունից, օրինակ՝ աշխատանքային կարգապահության ապահովման իրավական հիմքերը, նյութական պատասխանատվության պայմաններն ու չափերը, աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հիմնական դրույթները։

Գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների` աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ակտեր կարող են հրապարակվել միայն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու սահմաններում[7]։

Իրավական ակտերի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործատուներն օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց իրավասությունների սահմաններում, կարող են ընդունել լոկալ և անհատական իրավական ակտեր։

Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով։

Եթե ներքին և անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն։

Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում։

Անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր։

Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ։ Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերը պահպանվում, հաշվառվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Անմիջականորեն կապված օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի միջոցով։

Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը։ Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են սույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն։

Եթե աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերն աշխատանքային հարաբերությունների կողմերին ուղղակիորեն չեն արգելում պայմանագրային կարգով ինքնուրույն սահմանել փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ, ապա պայմանագրային կարգով նման իրավունքներ և պարտականություններ սահմանելիս կողմերը պետք է առաջնորդվեն արդարացիության, ողջամտության և ազնվության սկզբունքներով։

Աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում աշխատանքը` Հայաստանի Հանրապետությունում, թե գործատուի հանձնարարությամբ՝ այլ պետությունում։

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար՝ անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից։

Նավերում, օդանավերում և այլ տրանսպորտային միջոցներում իրականացվող աշխատանքների ժամանակ ծագող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, եթե այդ նավերը լողում են, կամ օդանավերը (թռչող սարքերը) թռիչք են կատարում Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո կամ նշագրված են Հայաստանի Հանրապետության զինանշանով։

Միջպետական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային այլ միջոցներում կատարվող աշխատանքի ժամանակ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են, եթե գործատուի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները գտնվում են Հայաստանի Հանրապետության դատազորության ներքո։

Եթե գործատուն օտարերկրյա պետությունն է կամ նրա դիվանագիտական ներկայացուցչությունը, օտարերկրյա կազմակերպությունը կամ օտարերկրյա անձը, ապա Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող աշխատողների հետ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա այնքանով, որքանով չի խախտվում դիվանագիտական անձեռնմխելիությունը։

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում։

Եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները։

Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ։

Օտարերկրյա իրավունք և միջազգային պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտարերկրյա իրավունքը կիրառվում է Հայաստանում գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունների նկատմամբ, եթե դա նախատեսված է Հայաստանի միջազգային պայմանագրերով կամ օրենքով։

Եթե Հայաստանի միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։

Օրենսդրության կիրառում և նորմերի մեկնաբանման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե աշխատանքային հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով, ապա նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող աշխատանքային օրենսդրության նորմերը, որը կոչվում է օրենքի անալոգիա։

Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են՝ ելնելով աշխատանքային օրենսդրության սկզբունքներից, որը կոչվում է իրավունքի անալոգիա։

Անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են քաղաքացիների նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները և դրանց կիրառման կարգը, քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմաններն ու կարգը։

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները։

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը։

Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է՝ առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները։

Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում։

Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ քաղաքացիների իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշխատանքային գործունեությունը Հայաստանում». jurist.am. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի մասին ՀՀ ԱԺ պաշտոնական էջում». ՀՀ օրենսդրություն. Հայաստանի Հանրապետության խորհրդարան. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային հին օրենսգիրք, ուժը կորցրեց՝ 21.06.2005». Կապեր այլ փաստաթղթերի հետ, Փոփոխողներ և ինկորպորացիաներ. Սոցիալիզմի հաղթանակի շնորհիվ Խորհրդային Միությունում լիովին և ընդմիշտ վերացվեց մարդու կողմից մարդու շահագործումը։. 16.06.1972, Երևան, Հայաստանի ԽՍՀ. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  4. Վ. Գաբրիելյան, Գ. Խաչատրյան, ՀՀ Արդարադատության նախարարություն և դատական մարմնի ներկայացուցչություն. «Հայաստանի աշխատանքային օրենսգիրքը և դրա էությունը, վավերացվել է 2011 թվականին». ՀՀԳՏ 2011.05.16/11(394), Պաշտոնական պարզաբանում. Հայաստանի պետական եկամուտի կոմիտեի պարզաբանում. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի սկզբունքները» (PDF). Լրացումներ և փոփոխություններ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  6. «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի մասին Հայաստանի կառավարության էջում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Առարկայական ձեռնարկ. Ձանոթանալ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի որոշ նորմերի հետ». Հեռաուսուցման լաբորատուրիա, Երևանի պետական համալսարանի աշխատանքը. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]