Համաճարակային ուղեղաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաճարակային ուղեղաբորբ, էպիդեմիկ էնցեֆալիտ, լեթարգիկ ուղեղաբորբ, էկոնոմոյի համաճարակային ուղեղաբորբ, վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է գլխուղեղի բորբոքային երևույթներով, քնկոտությամբ, տեսողության և շարժողության տարբեր խանգարումներով, իսկ հետագայում պարկինսոնյան. հիվանդության զարգացմամբ։

Առաջին անգամ նկարագրել է ավստրալիացի բժիշկ Էկոնոմոն, 1917 թվականին։ Բռնկումները հաճախ նկատվում են ձմռան-գարնան ամիսներին։ Վարակն օրգանիզմ է թափանցում քիթ-ըմպանով, այնուհետև անցնում կենտրոնական նյարդային համակարգ։ Գաղտնի շրջանը տևում է 4-15 օր։ Հիվանդությունն ընթանում է սուր, միջանկյալ և քրոնիկական շրջաններով։ Սուր շրջանում լինում են ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխումներ, հազ, մկանացավեր, գլխացավեր, անհաղթահարելի քնկոտություն, երբեմն՝ անքնություն, վեգետատիվ խանգարումներ՝ մաշկի ճարպոտություն, թքահոսություն, ծարավի զգացում։ Տևում է 2-3 շաբաթ։ Միջանկյալ շրջանը բնորոշվում է նյարդահոգեկան խանգարումներով, գլխացավերով, գրգռվածությամբ և քնի խանգարումներով։ Քրոնիկական շրջանում զարգանում են պարկինսոնիզմի երևույթներ։ Համաճարակային ուղեղաբորբի ուժեղ բռնկումների ժամանակ մահացությունը կազմում է 20—30%։ Բացի վերոհիշյալ կլինիկական ձևերից հաճախ (հատկապես բռնկումների վերջում) հանդիպում են թույլ արտահայտված ձևեր։ Բուժումը սուր շրջանում կիրառվում են դեհիդրատացիոն թերապիա, անտիբիոտիկներ, վիտամիններ, իսկ քրոնիկական շրջանում (պարկինսոնիզմի բուժման նպատակով)՝ ատրոպինային պատրաստուկներ։ Կանխարգելումը լինում է հիվանդների մեկուսացում, օջախի ախտահանում, հիվանդների հետ շփվող անձանց բժշկական հսկողություն՝ 2-3 շաբաթ տևողությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 94