Հակոբ Հակոբյան (գրող)
Հակոբ Հակոբյան Մնացականի (1866-1935) ― հայ բանաստեղծ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է Գանձակում, 1866 թվին, արհեստավորի ընտանիքում։ Մի տարի սովորել է գյուղում՝ Ծովի Աղի անունով մի կնոջ մոտ և ապա ծխական դպրոց է մտել։ Հակոբյանի հայրը նպատակ ուներ տղային քահանա կամ արհեստավոր դարձնել, բայց մայրը հաջողացնում է որդուն գիմնազիա տալ։ Քանի որ գիմնազիայում արգելված էր հայերեն լեզուն և գրականությունը, Հակոբյանը մի քանի գրասեր աշակերտների հետ դասից դուրս հավաքույթներ էին կազմակերպում, որի ընթացքում հայերեն էին կարդում և գրականություն քննարկում։
Հակոբյանը դեռևս գիմնազիայի 6–րդ դասարանից, մասնակցել է աշակերտական գաղտնի հավաքույթների և գրել է բանաստեղծություններ։ Նրա «Հյուսիսի ագռավը» բանաստեղծությունը, որը նա փակցնում է եկեղեցու պատին, պատճառ է դառնում իր գիմնազիայից վտարմանը։ Դուրս մնալով գիմնազիայից, Հակոբյանը մեկնում է Թիֆլիս, մտնում դեղատուն՝ իբրև աշակերտ։ Սկսվում են զրկանքներով, դառնություններով, թափառումներով լի կյանքի տարիները։ Թողնելով դեղատունը` Հակոբյանը այս անգամ մեկնում է Բաքու՝ նավթահանքերում սևագործություն է անում, դրանից հետո Սև քաղաքում մի մեխանիկական գործարանում մեխանիկական գրանցողի, գանձապահի պաշտոն է ստանձնում, հետո Էյզենշմիդի գործարանում հաշվապահություն է անում։ 1894 թվին, վերադառնալով Թիֆլիս, Հակոբյանը մի քանի հիմնարկներում հաշվապահական պաշտոններ է տանում, մինչև Սովետական կարգերի հաստատումը՝ 1921 թ։
Վախճանվել է Թիֆլիսում, 1935 թվին։
[խմբագրել] Ստեղծագործություններ
Հակոբ Հակոբյանը իր գրական գործունեությունը սկսել է 1893թ: Սկզբնական շրջանի բանաստեղծությունները տպագրվել են «Մուրճում»: «Նոր հոսանք» ամսագրում տպագրվել են նրա «Մաքառման ժամին», «Էտապը», «Գործարան», «Գյուղը հարավում» և այլ բանաստեղծություններ։ Առաջին շրջանում եղել է ազգային գրողների զորեղ ազդեցության տակ, ամենից ավելի Ռ. Պատկանյանի:
[խմբագրել] Երկեր Հ.Հակոբյանի և նրա ստեղծագործության մասին
- Ասատուր Ասատրյան, Հակոբ Հակոբյան, Երևան, 1947, 96 էջ։
- Ասատուր Ասատրյան, Հակոբ Հակոբյան, Երևան, 1955, 178 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, հատոր առաջին (1917-1941, հատորում ներառվախ է «Հակոբ Հակոբյան» գլուխը, որը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 7, Հ. Հակոբյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 76 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
Պետրոսյան, Հ., Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ, Երևան, 1960, էջ 353-356:
Սուրխաթյան "Հայ Գրականություն" Հատոր 2
