Ծնվել է 1879 թվականի օգոստոսի 22-ին, Ադանայի նահանգիՄարաշի գավառիՀաճընի գավառակի կենտրոն Հաճըն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել Ադանայի Ազգային վարժարանում, ավարտել Հիսուսյանների Ադանայի վարժարանը։
1897 թ. մեկնել է Կ. Պոլիս։ 1900 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և դեղագործի վկայական ստացել։ 1908 թ. եղել է Ադրիանապոլիս քաղաքի «Մերքեզի» («Կենտրոնական») դեղատան տնօրենը։ Եղել է ճանաչված հրապարակախոս, զբաղվել է նաև գրական գործունեությամբ, բանասիրությամբ, լուսանկարչությամբ։ Միաժամանակ եղել է նաև ճանաչված փաստաբան։ Կ. Պոլսի հայկական պարբերականներում տպագրված իր հրապարակախոսական և բանասիրական հոդվածները ստորագրել է Յակթեր, Հմայեակ, Յիթօ, Տաւրոս, Թղթակից ծածկանուններով։ 1909 թ. ապրիլին Կիլիկիայում տեղի ունեցած հայկական կոտորածների ժամանակ եղել է Ադանայի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։ Մազապուրծ լինելով կոտորածից՝ վերադարձել է Կ. Պոլիս։ Կ. Պոլսի Կում կափու թաղամասում ունեցել է «Ադանա» անունով սեփական դեղատունը։ Եղել է հնչակյան գործիչ։ 1912 թ. Կ. Պոլսում հրատարակել է «Կիլիկիոյ աղէտը. ականատեսի նկարագրութիւններ» 5 հատորով ծավալուն աշխատությունը, որում հանգամանորեն նկարագրել է 1909 թ. Կիլիկիայի կոտորածը՝ վիճակագրական տվյալներով։ Աշխատությունը ներկայացվել է Իզմիրյանց գրական մրցանակին, սակայն օսմանյան կառավարությունն ամբողջ տպաքանակը բռնագրավել է։ Հակոբը կարողացել է այդ գրքի մի քանի հարյուր օրինակ փախցնել և թաքցնել իր տան առաստաղների
արանքներում։ Այդ մասին իմացել է նրա եղբայր Տիրան Թերզյանը։ 1915 թ. Հաճընում և Ադանայում հաջորդաբար ունեցել է սեփական դեղատներ ու դեղագործ աշխատել։ 1915 թ. ապրիլին Կ. Պոլսում ձերբակալվել է և աքսորվել Այաշ, այնուհետև՝ Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Ձերբակալությունից հետո կառավարության ներկայացուցիչները նրա դեղատունը կողոպտել են և դուռը կնքել։ 1915 թ. ապրիլի 24-ին, գաղթի ճանապարհին, Չանղըրըից դուրս, Անկարայի մոտակայքում սրախողխող է արվել ընկերոջ՝ բժիշկ Միսքճյանի հետ միասին՝ մոտ 35 տարեկանում։
↑Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։