Հակասոցիալական անձնային խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակասոցիալական անձնային խանգարում
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՀակասոցիալականություն, Խարդախություն, բռնություն, Իմպուլսիվություն և Գրգռականություն
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-10F60.2
Բուժումհոգեթերապիա
 Antisocial personality disorder Վիքիպահեստում

Հակասոցիալական անձնային խանգարում (դիսոցիալական անձնային խանգարում, սոցիոպատիա), անձնային խանգարում, որը բնութագրվում է սոցիալական նորմերի անտեսմամբ, իմպուլսիվությամբ և կապվածություններ ստեղծելու սահմանափակ ընդունակությամբ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

ICD-10[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնային այս խանգարումը սովորաբար բնութագրվում է վարքի և սոցիալական նորմերի խիստ անհամապատասխանությամբ՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա.

  • անտարբերություն ուրիշների զգացմունքների նկատմամբ,
  • անպատասխանատվության կոպիտ և կայուն դիրքորոշում և արհամարհանք սոցիալական նորմերի և պարտականությունների նկատմամբ,
  • փոխհարաբերություններ պահպանելու անընդունակություն,
  • ֆրուստրացիան հաղթահարելու ցածր ընդունակություն, ինչպես նաև ագրեսիան՝ ներառյալ բռնությունը զսպելու ցածր շեմ,
  • մեղքի զգացում ունենալու անընդունակություն, ինչպես նաև կյանքի փորձից դասեր քաղելու ունակության բացակայություն,
  • ուրիշներին մեղադրելու և սեփական վարքը արդարացնելու արտահայտված հակում։

Որպես լրացուցիչ հատկանիշ՝ հանդես է գալիս անընդհատ գրգռվածությունը։ Մանկության և դեռահասության տարիքում ախտորոշման համար կարող է հիմք ծառայել վարքային խանագարումը, թեև պարտադիր չէ։ Այս խանգարման դեպքում առաջարկվում է հաշվի առնել մշակութային նորմերի և տարածաշրջանային սոցիալական պայմանների հարաբերակցությունը, որոնք անտեսվում են այս խանգարմամբ մարդկանց կողմից։

DSM-4-TR[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակասոցիալական խանգարման բազային բնութագիրն այլ մարդկանց իրավունքների արհամարհումն է և խախտումը։ DSM-4-TR-ի համաձայն՝ հակասոցիալական անձնային խանգարման ախտորոշումը պահանջում է 18 տարեկանի հասունություն, և նրան պետք է նախորդի անամնեզում վարքի խանգարում մինչև 15 տարեկան։ Հակասոցիալական անձնային խանգարումը ներառում է ուրիշների իրավունքների անընդհատ կրկնվող խախտում, տարիքին համապատասխան սոցիալ-բարոյական նորմերի կամ կանոնների խախտում։

Վարքի խանգարմանը հատուկ է վարքային առանձնայհատկությունները բաժանվում են կատեգորիաների.

  1. մարդկանց և կենդանիների նկատմամբ ագրեսիա,
  2. սեփականության կործանում,
  3. խաբեբայություն, գողություն,
  4. ընդունված օրենքների լուրջ խախտումներ

DSM-3-R-ում բերվում են վարքի խանգարման համար բնութագրական հատկանիշներ.

  • Գողություններ, որոնք դեռահասների կողմից իրականացվում են բազմակի։ Կենցաղային իրերի գողությունը կամ փոխանակությունը թաքցրվում է շրջապատողներից՝ առանց խոստովանելու։
  • Հաճախակի փախուստներ տնից՝ առանց գիշերը վերադառնալու։ Այսպիսի փախուստները չեն բացատրվում կամ իռացոնալ են բացատրվում։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանց վարքի կառուցվածքում մեծ նշանակություն ունի իմպուլսը, որն արտահայտվում է տնից դուրս գալու և տուն չվերադառնալու ցանկության մեջ։
  • Ստախոսություն։ Խաբում են ոչ թե պատժից խուսափելու համար, այլ առանց պատճառի, իմաստի մոտիվացիայի, անհրաժեշտության։ Երբեմն սուտը ծագում է որպես ձգտում դրական տպավորություն ստեղծելու, ուշադրություն գրավելու համար։ Այն կրում է կարճատև, րոպեական բնույթ, քանի որ հեշտ բացահայտվում է։
  • Թղթերի, նամակների նպատակաուղղված այրում, հասարակական վայրերում որոշակի առարկաների այրում։ Այսպիսի գործողությունների վնասը և սոցիալական վտանգը նրանց համար ակնհայտ չէ։ Այդպիսի վարքը կապված է ոչ թե կրակին նայելու ցանկության հետ, որքան շրջապատողների ռեակցիայից հաճույք ստանալու հետ։
  • Հաճախակի, չհիմնավորված բացակայություններ դպրոցում։ Դպրոց չգնալով՝ նրանք ծնողներին այնպես են խաբում, որ նրանք վստահ են, որ իրենց երեխաները դպրոցում են։
  • Գողությունների նկատմամբ հակում։
  • Ուրիշների սեփականության նպատակաուղղված, գիտակցական կործանում՝ առանց իրենց համար օգուտի։
  • Դաժան գործողությունների կենդանիների հետ՝ հաճույք ստանալով։
  • Սեռական ագրեսիվություն։
  • Կռիվներում զենքի՝ հաճախ սառը, օգտագործում։
  • Փորձեր՝ կռվելու ավելի թույլերի հետ, տարիքով կրտսերների հետ։ Ձգտում՝ վախեցնելու, ստիպելու փող վճարել։
  • Իրենց չպատկանող սեփականության գողություն՝ բռնության կիրառմամբ։ Այլ հակասոցիալական վարքով հասակակիցների հետ խմբերի կազմում։
  • Ֆիզիկական դաժանություն հատկապես թույլ, հաշմանդամ մարդկանց, որոշակի ենթամշակույթի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր նրանց դուր չեն գալիս։

Վարքի խանգարումը բաժանվում է երեք խմբերի՝ թեթև, չափավոր և ծանր։ Թեթև խանգարումը ներառում է աննշան թվով հատկանիշներ և ուղեկցվում շրջապատին նվազագույն վնասով։ Չափավորը ենթադրում է մեծ քանակությամբ հատկանիշներ։ Ծանր խանգարումներն ուղեկցվում են մարդկանց մեծ վնաս հասցնելով։ Նկարագրում են նաև վարքային խանգարման խմբային տիպ՝ խմբային գործընթացում խախտումների դրսևորմամբ, խառը և չտարբերակված տեսակներ։

Վարքի խանգարմանը հատուկ հակասոցիալական վարքի օրինակը կարող է շարունակվել հասուն տարիքում և ախտորոշվել որպես հակասոցիալական անձնային խանգարում։ Այս խանգարումն ավելի շատ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ։

DSM-3-ի համաձայն՝ անձնային այս խանգարման ախտորոշումը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ բնութագրական գծերը հատուկ են անձին երկարատև ժամանակահատվածի ընթացքում և չեն սահմանափակվում հիվանդության դիսկրետ էպիզոդներով։ Հակասոցիալական անձնային խանգարումը միակ անձնային խանգարումն է, որի համար հատուկ պահանջվում է երեք ախտանշանների դրսևորում մանկությունից մինչև 15 տարեկան՝ իրենց հետագա շարունակականությամբ։ Հակասոցիալական անձնային խանգարման ախտորոշման կանոնների համաձայն՝ անհրաժեշտ է որպեսզի 5 հաջորդական տարիների ընթացքում այցելուի մոտ առկա լինեն խանգարման ախտանշանները։

DSM-4-TR-ի համատեքստում հակասոցիալական անձնային խանգարումն ախտորոշվում է 18 տարեկանից սկսած՝ մի շարք հատկանիշների հիման վրա, որոնցից 4-ը բավարար է ախտորոշման համար։

  • Երկարատև «աշխատանքային վարքում» մնալու անընդունակություն։ դա վերաբերում է արտադրական գործունեությանը և ուսմանը։ Աշխատանք գտնելու իրական հնարավորության դեպքում գործազրկությունը սովորական վիճակ է։ Բազմաթիվ հեռացումներն աշխատանքից կատարվում են առանց այլ աշխատանքի անցնելու պլանների։ Պատճառները կարող են տարբեր լինել, բայց մակերեսային են. իրական պատճառը բացակայում է։
  • Սոցիալական նորմերի, օրենքների նկատմամբ կոնֆորմության բացակայություն, որն արտահայտվում է կրկնակի իրականացվող հակասոցիալական գործողություններիում՝ անկախ քրեական պատասխանատվության աստիճանից, պատժի հավանականությունից։ Այսպիսի գործողություններին են դասվում ուրիշի սեփականության կործանումը, գողությունները, անօրինական բիզնեսով զբաղվելը։
  • Գրգռվածություն և ագրեսիվություն, ինչը դրսևորվում է հաճախակի կռիվներում՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ։ Կռիվներն իրենք են նախաձեռնում։ Ֆիզիկական ուժը կիրառվում է ոչ թե ինքնապաշտպանության համար, այլ առավել թույլերին՝ նույնիսկ ընտանիքի անդամներին, երեխաներին հարվածելու համար։
  • Ֆինանսական պարտավորությունների անընդհատ չկատարում։ Փող պարտք վերցնելով՝ նրանք համոզում են շրջապատողներին, որ իրենց ծայրահեղ անհրաժեշտ է՝ դրա հետ մոռանալով հետ վերադարձնել։ Ֆինանսապես չեն օգնում նույնիսկ իրենց հարազատներին, ովքեր դրա կարիքն ունեն։
  • Սեփական կյանքի պլանավորման բացակայություն. «ինչ պլաններ կառուցել, կյանքն ինքը կառաջադրի...»։ Կյանքի ռազմավարության մշակումը կատարվում է ինքնաբերաբար, իմպուլսիվ։ Ինչ-որ բան են ցանկանում, ինչ-որ միտք է ծագել, անսպասելի նպատակ և այն իրացվում է՝ չնայած անադեկվատությանը։ Երբեմն միտում ունեն գնալու ինչ-որ տեղ՝ իրենք էլ չիմանալով որտեղ։ Կարող են բացակայել օրերով, ամիսներով, նույնիսկ տարիներով։ Նրանց հաճախ փնտրում են հարազատները, քանի որ լուր չեն հայտնում իրենցից։ Երբ նրանց գտնում են, անկեղծ ուրախանում են։ Բայց այսպիսի ուրախությունը կարճատև է։ Բացակայության պատճառներ չկան, բերված հիմնավորումները մակերեսային են։
  • Ստախոսություն. հաճախ կեղծ տեղեկություններ են հաղորդում իրենց մասին, հորինում տարբեր ինքնակենսագրականներ՝ կախված իրավիճակից։ Իրականում կատարվում է հաճույքի և ոչ թե օգուտի համար։ Հնարավոր է կեղծ փաստաթղթերի օգտագործում։
  • Արհամարհական վերաբերմունք այլ մարդկանց՝ ներառյալ մոտիկների անվտանգության նկատմամբ։ Օրինակ՝ կարող են բարեկամներին մեքենայով տանել հարբած վիճակում կամ թմրանյութի ազդեցության տակ։

Հակասոցիալական անձնային խանգարում ունեցող մարդկանց մոտ թույլ է արտահայտված վախի ռեակցիան։ Բացակայում է «խղճի խայթը»։ Նրանք ապրում են պահանջմունքների բավարարման տարրական-հեդոնիստական սկզբունքով՝ հաշվի առնելով հետևանքները։ Ցանկացած աշխատանք՝ խիստ ժամանակային սահմաններով, նրանց մոտ առաջ է բերում գրգռվածություն։ Ընդ որում, երկար հեռուստացույց դիտել չեն կարողանում։ Սիրում են ստանալ անսովոր տպավորություններ, դրա համար էլ նրան «SSB» վարքը (Sensation seeking behaviour) ուղղված է սուր զգացողությունների որոնմանը։ Բնորոշ է թմրանյութերի և հոգեկան վիճակը փոփոխող տարբեր դեղամիջոցների պարբերաբար օգտագործումը։ Հակասոցիալական անձնային խանգարմամբ անձնանց բնորոշ է անպատասխանատվությունը, իմպուլսիվությունը, մակաբուծային կյանքը, մեղքի զգացման բացակայությունը, պաթոլոգիկ ստախոսությունը, մանիպուլյացիայի ընդունակությունը և այլն։ Այս խանգարման միջուկը հաճույք ստանալն է ցանկացած գնով, ընդ որում պատիժներով նրանց վախեցնելն անիմաստ է։ Նրանք տանել չեն կարողանում պասիվության, միայնակության, մեկուսացվածության վիճակները։ Նրանց առավել թույլ տեղը հիպոստիմուլյացիան է, որում նրանք հոգեբանական անհարմաևավետություն են զգում։ Այսպիսի մարդիկ ունեն զարգացած վերբալ ինտելեկտ, լավ, գեղեցիկ խոսում են։ Հատուկ է իշխանության, դոմինանտման ձգտումը։

Տարբեր հեղինակների մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Մակ-Վիլյամս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Մակ-Վիլյամսի աշխատանքներում հակասոցիալական խանգարումը նկարագրվում է «պսիխոպատիկ անձ» հասկացության շրջանակներում։ Ըստ նրա՝ այս խանգարումը հիմնված է խորքային անընդունակության վրա՝ ձևավորելու կապվածություններ այլ մարդկանց հետ, այդ թվում սեփական ծնողների և երեխաների հետ. սոցիոպատը չի տեսնում և ուրիշների կապվածությունները՝ նրանց փոխհարաբերությունները մեկնաբանելով որպես փոխադարձ մանիպուլյացիա։ Հասարակության իր ընկալմանը համապատասխան՝ նա կառուցում է իր հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ՝ իր սեփական ցանկությունների բավարարման համար։ Քանի որ սոցիոպատը կապվածություններ չունի, ուրիշի պահանջմուքները և ցանկությունները նրա համար ոչ մի արժեք չունեն, և նա գործում է՝ կողմնորոշվելով միայն սեփականի վրա։ Շրջապատողներից սոցիոպատը սպասում է նույնը և որպես հետևանք օգուտ չի տեսնում սոցիալական նորմերը պահպանելուց, այդ թվում և իրավաբանորեն ամրագրված. հասարակական և բարոյական նորմերը հակասոցիալական պսիխոպատը ընկալում է որպես հարկադրանքի և մանիպուլյացիայի միջոց։ Սոցիոպատներն առանց ամաչելու խաբում են և կատարում անօրինական գործողություններ։ Գործում են իմպուլսիվ, հակված չեն պլանավորման։ Ազատության և իրենց ցանկությունների կատարման սահմանափակությունը ծանր են տանում, փորձում են հակադրվել իրենց հասանելի մեթոդներով՝ հիմնականում սպառնալիքի ամ ֆիզիկական ուժի կիրառման միջոցով։ Ուժային մեթոդների կիրառումից հրաժարումը համարում են թուլություն։ Կարող են որոշ ժամանակ դրական տպավորություն թողնել, որպեսզի արդյունքում օգտագործեն իրենց շահի համար։ Խղճի զգացում չունեն։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այսպիսի մաչդիկ միանգամայն «հասկանում են» սոցիալական նորմերը, բայց անտեսում են դրանք։ Նրանք ընդունակ են փոխազդելու հասարակության հետ նրա կանոններով, բայց պահանջմունք չունեն և վատ են կառավարում սեփական իմպուլսիվությունը։

Էրիկ Բեռն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Էրիկ Բեռնի՝ սոցիոպատները լինում են երկու տեսակի.

  1. Լատենտ կամ պասիվ տեսակ. ժամանակի մեծ մասը իրենց բավական քաղաքավարի են պահում՝ ընդունելով որևէ արտաքին հեղինակության ղեկավարությունը, օրինակ՝ կրոնի կամ օրենքի, կամ կապվելով որևէ ուժեղ անձի հետ՝ նրան համարելով իդեալ։ Այսպիսի մարդիկ առաջնորդվում են ոչ թե մարդկայնության ավանդական պատկերացումներովմ այլ ուղղակի ենթարկվում են այս կամ այն մեկնաբանությանը, նրան, ինչ գրված է «գրքում»։
  2. Ակտիվ սոցիոպատ. զուրկ է ինչպես ներքին, այպես էլ արտաքին վերահսկողությունից։ Եթե նույնիսկ որոշ ժամանակ կարող են իրենց զուսպ պահել, հատկապես՝ հեղինակավոր մարդկանց ներկայությամբ, ովքեր նրանցից պատասխանատու վարք են սպասում, միևնույն է, նրանց բացակայության դեպքում միանգամից դադարում են իրենց զսպել։

Սոցիոպատիայի դեպքում կարող են հանդիպել դևիանտ վարքի հետևյալ տեսակները.

  • ուղղակի քրեական. սեքսուալ բռնություններ մարդկանց նկատմամբ, սպանություններ, գողություն։
  • Ձևականորեն չպատժվող, բայց հասարակության կողմից դատապարտվող. վարորդների վարքը ճանապարհներին, աշխատանքային պարտականությունների նպատակաուղղված չկատարումը, Այսպիսի սոցիոպատները չեն անհանգստանում հնարավոր կորուտների համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Международная статистическая классификация болезней и проблем, связанных со здоровьем; 10-й пересмотр. МКБ-10.
  • Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fourth Edition, Text Revision. DSM-4-TR.
  • Короленко Ц.П., Дмитриева Н.В. Личностные и диссоциативные расстройства։ расширение границ диагностики и терапии։ Монография. – Новосибирск։ Издательство НГПУ, 2006. – 448 с.
  • Мак-Вильямс Нэнси Психоаналитическая диагностика։ Понимание структуры личности в клиническом процессе, 1998.-480с.
  • Берн Эрик. Введение в психиатрию и психоанализ для непосвящённых = A Layman՝s Guide to Psychiatry and Psychoanalysis (1968). — Минск։ Попурри, 2006. — 528 с.
  • Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.
  • Fairley-Jones,R. (1991) Psychopathic Disorder. Current Opinion in Psychiatry, 4,850-855.
  • Greenacre,P. (1945) Conscience in the Psychopath. American Journal of Orthopsychiatry,15։495-509.
  • Green,A. (1978)Psychopathology of Abused Children. Journal of American Academy of Child Psychiatry,17,92-103.
  • Hare,R., McPherson,M., Forth,A. (1988) Male Psychopaths and Their Criminal Careers. Journal of Consulting and Clinical Psychology 56,710-714.
  • Jenkins,R.(1960) The Psychopathic or Antisocial Personality. Journal of Nervous and Mental Disease, 131,318-334.
  • Lewis,C. (1991) Neurochemical Mechanisms of Chronic Antisocial Behavior. J.Nerv.Ment.Dis.,179,720-727.
  • Lykken,D. (1995) The Antisocial Personalities., Hillsdale, NY. Lawrence Erlbaum.
  • Smith,S., Newman,J. (1990) Alcohol and Drug-Abuse Dependence Disorders in Psychopathic and Non-Psychopathic Criminal Offenders. Journal of Abnormal Psychology,99,430-439.