Հակահարված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակահարված, պաշտպանական մարտերում պաշտպանությունը ճեղքած և նրա մեջ մխրճված հակառակորդի զորքերին հասցված հարված, որի նպատակն է վերականգնել կորցրած օպերատիվ դրությունը։ Ձեռնարկվում է մեկ կամ երկու ուղղություններով՝ բանակային միավորումների երկրորդ էշելոնների ուժերով է, որպես կանոն, հարձակվող թշնամու թևերի վրա։ Հակահարվածի զորքերի գործողություններին աջակցում են ավիացիան, հրետանին և այլ կրակային միջոցներ։ Երբ պաշտպանվող կողմը ի վիճակի չէ վերականգնել կորցրած դրությունը, հակահարվածը հետապնդում է սահմանափակ նպատակներ՝ կանգնեցնել հակառակորդի հարձակումը, ազատել շրջապատման մեջ ընկած իր զորամիավորումները, հակառակորդի ուշադրությունը և ուժերը շեղել հարձակման գլխավոր ուղղությունից։ Հակահարվածը պաշտպանական մարտերի կարևոր նախապայմաններից է, և նրա կիրառումը ակտիվություն ու կայունություն է տալիս պաշտպանությանը (տես նաև Հակահարձակում)։ Հակահարվածի լավագույն օրինակ է 1943 թվականին Կուրսկի ճակատամարտում 5-րդ տանկային բանակի՝ Պրոխորովկայի շրջանում մղած մարտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png