ՀՀ ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

Լեռնագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը լեռնային երկիր է, Արևմտյան Ասիայի երիտասարդ լեռնային գոտու մաս կազմող Հայկական լեռնաշխարհի փոքր հատվածը՝ Փոքրասիական և Իրանական բարձրավադակների միջև։ Հայաստանի մակերևույթը ծալքավոր, ծալքաբեկորավոր ու հրաբխային լեռների, կուտակումային սարահարթերի, բարձրադիր լավային սարավանդների, նեղ ու խոր գետահովիտների ու լճագետային գոգավորությունների բարդ համակցություն է։ Բնական պայմանների խիստ բազմազանությունն ու վերընթաց գոտիականությունը պայմանավորված են բարդ ռելիեֆով, տարածքի բացարձակ ու հարաբերական բարձրություների մեծ տատանումներով, կառուցվածքային ձևերի առանձնահատկություններով։ Տարածքի 9,9 %-ն ունի մինչև 1000 մ բարձրություն, 18,3 %-ը՝ 1000-1500 մ, 31,3 %-ը՝ 1500-2000 մ, 24,5 %-ը՝ 2000-2500 մ, 16 %-ը 2500 մ բարձր է։ Հանրապետության ամենացածրադիր վայրերն ունեն 375 մ (Դեբեդի հովիտ, Բագրատաշեն գյուղից 2 կմ հյուսիս) և 380 մ (Արաքսի հովիտ, Նռնաձոր գյուղ) բարձրություններ, առավելագույնը 4090 մ (Արագած լեռ) է, միջինը՝ 1830 մ։

Լեռնագրական մարզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի բազմազանության՝ Հայաստանի տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր։

  1. Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը Փոքր Կովկասի կենտրոնական հատվածն է. ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Ծայր հյուսիսում Վիրահայոց լեռնաշղթան է, որից հարավ, գրեթե զուգահեռականի ուղղությամբ, ձգվում են Բազումի և Հալաբի լեռնաշղթաները. վերջինիս շարունակությունը դեպի հյուսիս՝ Դեբեդ և Աղստև գետերի միջև Տ-աձև ձգվող Գուգարաց լեռնաշղթան է՝ Սևորդյաց, Իջևանի, Ոսկեպար, Մթնասար լեռնաճյուղերով։ Բազումի լեռնաշղթային զուգահեռ, Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք, ձգվում է Փամբակի լեռնաշղթան, որից հարավ-արևելքում ճյուղավորվում է Ծաղկունյաց լեռնաշղթան, որի հարևանությամբ Ծաղկաձոր ամառանոցային քաղաքն է։ Սևանա լճի հյուսիս-արևելքում ափի երկայնքով տարածվում է Արեգունու լեռնաշղթան, որին հաջորդում է Սևանի լեռնաշղթան, ապա հարավարևելյան ուղղությամբ՝ Արևելյան Սևանի լեռնաշղթան։ Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Ախուրյանի հովտից մինչև Փամբակի հովիտը, Շիրակի լեռնաշղթան է, որը Բազումի, Փամբակի, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հետ կազմում է ընդհանուր ջրբաժան՝ լեռնագրական միավոր՝ 310 կմ երկարությամբ։ Այս խոշոր ջրբաժանը ֆիգիկաաշխարհագրական սահման է Արաքսի ավազանի չոր ցամաքային և Կուրի ավազանի համեմատաբար խոնավ լանդշաֆտային համալիրների միջև։ Արեգունու լեռնաշղթայից Գետիկի հովտով բաժանվում է Միափորի լեռնաշղթան, որից ճյուղավորվում են Կենաց, Հախումի, Տավուշի, Խնձորուտի ոչ բարձր լեռնաշղթաները, որոնք ջրբաժան են համանուն գետերի և Աղստևի միջև։
  2. Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզը Հայաստանի տարածքի մոտ 45 %-ն է. սկսվում է հյուսիս-արևմուտքից՝ Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաներով, ձգվում հարավից, ապա՝ հարավ-արևելք՝ ընդգրկելով Արագածի և Արայի լեռ լեռնազանգվածները, Գեղամա լեռնավահանը, Վարդենիսի լեռնաշղթան, Սյունիքի բարձրավանդակը։ Մարզը բնութագրվում է լավային սարավանդներով, բազմաթիվ հրաբխային կոներով, թույլ մակերևութային հոսքով։ Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են արտաժայթուք կոները՝ առանց խառնարանի հրաբուխները. թթվային լավան դուրս մղվելով՝ կուտակվել է երկրի մակերևույթին՝ առաջացնելով զառիթափ լանջերով կոներ կամ լեռնազանգվածներ, որոնք լավ արտահայտված են Սպիտակասար, Վարդենիս, Մեծ Իշխանասար լեռնագագաթներում։ Ծագումնաբանական տեսակետից այս մարզը խիստ տարբերվում է Հայաստանի ծալքաբեկորավոր լեռների համակարգից։ Գերակշռվում են խիստ ծակոտկեն ու ճեղքավորված ջրաթափանց ապարները, և անգամ տեղատարափ անձրևների ժամանակ մակերևութային հոսք հազվադեպ է ձևավորվուրում։
  3. Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ։ Ամենախոշոր լեռնագրական միավորը Ձանգեզուրի լեռնային համակարգն է՝ Վայքի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաներով և դրանց բազմաթիվ լեռնաճյուղերով, առանձին լեռնագրական միավոր է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լեռնաշղթան։
  4. Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզ, լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռնային գոգավորությունները, որոնց հատակի հարթ տեղանքը հայ ժողովուրդն ավանդաբար անվանել է դաշտ։ Առավել խոշոր միավորը Արարատյան գոգավորությունն է. վերջինիս հատակում Արարատյան դաշտն է՝ ծածկված անթրոպոգենի հզոր՝ մինչև 500 մետր հաստության լճագետային նստվածքներով։ Հայաստանի արևելքում Սևանի գոգավորությունն է, հատակում՝ Սևանա լիճը։ Նշանավոր են նաև Լոռու, Շիրակի, Ապարանի, Մասրիկի դաշտերը։ Լոռու դաշտում գետի քայքայիչ աշխատանքի հետևանքով գոյացել է Դեբեդի գեղատեսիլ հովիտը (երկհարկանի, առավելագույն խորությունը՝ 350 մ)՝ համանուն գետով։ Այստեղ ամենուր խոր կիրճեր են, դարավանդներ, ժայռեր ու կատարներ, բլուրներ՝ ծածկված սաղարթախիտ անտառներով, ծաղկավետ մարգագետիններով։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ կլիմայաստեղծ գործոնները բազմազան են, որոշիչ նշանակություն ունեն աշխարհագրական դիրքերը, լեռները, համակարգերը (Սեծ և Փոքր Կովկասներ, Հայկական լեռնաշխարհ), արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։ ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմայական հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։

Ճառագայթային ռեժիմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտեմբերին) և -71°(հունիսին) է, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 5 ժամ 3 րոպե - 9 ժամ 17 րոպե։ Արեգակի տարեկան ճառագայթման հաշվեկշիռը դրական է և տատանվում է 40-70 կկալ/սմ2 սահմաններում, սակայն լեռնային ռելիեֆի պատճառով, սկսած մոտ 3200 մետր բարձրությունից, այն դառնում է բացասական։ Ճառագայթային էներգիան մեծ է (առավելագույնը՝ 1,70 կալ/սմ2, Արագած լեռ)։ ՀՀ տարածքում արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1930 (Իջևան)- 2780 ժամ (Մարտունի) է։ Առավել տևական է Արարատյան դաշտում և Սևանի ավազանում։ Տարվա ընթացքում արևափայլքի նվազագույն տևողությունը դիտվում է դեկտեմբերին՝ օրական 2 (Արտաշատ) - 5,5 ժամ (Մարտունի), իսկ առավելագույնը՝ հուլիսին՝ օրական 6,4 (Վանաձոր) - 11,9 ժամ (Արենի)։ Առանց արևափայլքի օրերի տարեկան միջին թիվը 19 (Սևանի թերակղզի) - 64 (Իջևան) է։

Քամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տարածքին բնորոշ է քամու փոփոխական ռեժիմը։ Տարվա ընթացքում գերիշխում են հիմնականում արևմտյան օդային հոսանքները։ Սակայն լեռնային ռելիեֆի պայմաններում, հատկապես ցածրադիր վայրերում, օդային հոսանքները շեղվում են իրենց նախնական ուղղությունից։ Օդային հոսանքների արևմտյան ուղղությունը շուրջ տարին պահպանվում է միայն 2500-3000 մետրից բարձր լեռներում։ ՀՀ տարածքին բնորոշ են բրիզը, ֆյոնը և լեռնահովտային քամիները։ Բրիզն առաջանում է հիմնականում անտիցիկլոնային պարզ եղանակներին՝ Սևանա և Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին։ Սևանա լճի ավազանում (հատկապես՝ Մասրիկի դաշտում) դիտվում է ապրիլ-հոկտեմբերին։ Լճից փչող բրիզի արագությունը մինչև 1,8 մ/վ է, ցամաքից փչողինը՝ մինչև 2,4 մ/վ (լեռնային քամու ազդեցությամբ)։ Ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին (հատկապես՝ Գավառի շրջակայքում) և Զանգեզուրին։ Այն առավել ցայտուն է արտահայտված Սևանա լիճ - Աղստևի հովիտ հատվածում, որի ազդեցությամբ Դիլիջանում և Իջևանում ձմռանն օդի հարաբերական խոնավությունն ավելի ցածր է, քան ամռանը։ Եղել են դեպքեր, երբ մի քանի ժամվա ընթացքում ֆյոնի հետևանքով օդի ջերմաստիճանը բարձրացել է 15-20 °C- ով։ Եթե դա տեղի է ունենում վաղ գարնանը, լեռներում սկսվում է բուռն ձնհալ, որի հետևանքով սկսվում են գետերի աղետաբեր հորդացումներ։ Լեռնահովտային քամիները ՀՀ-ում դիտվում են գրեթե ամենուր, հատկապես ամռանը՝ պարզկա եղանակին։ Լավ արտահայտված են Արարատյան գոգավորությունում, դիտվում են ամբողջ տարվա ընթացքում, ուժեղանում հունիս-սեպտեմբերին, արագությունը՝ 3-20 մ/վ, իսկ հովտային քամին սկսվում է առավոտյան. կեսօրին արագությունը հասնում է առավելագույն արժեքին։ Երեկոյան (մոտավորապես ժամը 18-19-ին) սկսվում է լեռնային քամին, որը ժամը 22-23-ին հասնում է առավելագույն արագության։ Երևանում սկսվում են մայրամուտից առաջ՝ ժամը 16-17-ին. ամռանը դրանց շնորհիվ գիշերները համեմատաբար զով են, և մեծանում է օդի ջերմաստիճանի օրական տատանման լայնույթը։ Մթնոլորտի մրրկային (տուրբուլենտ) շարժման հետևանքով ՀՀ-ում քամու արագությունն ու ուղղությունը փոփոխական են։ Բաց տեղանքում դրանց տարեկան միջին արագությունը, ըստ բարձրության, ավելանում է, հյուսիսարևելյան շրջաններում, Արարատյան գոգավորությունում և Զանգեզուրում այն 2 մ/վ է, բարձրլեռնային շրջաններում ու Սևանի ավազանում՝ 2-5 մ/վ։ Հանրապետության ցածրադիր շրջաններում, Շիրակի դաշտում և Արարատյան գոգավորությունում քամու առավելագույն արագություն դիտվում է ամռանը, Սևանի ավազանում, բարձրլեռնային և հյուսիսարևելյան շրջաններում ու լեռնանցքներում՝ ձմռանը։ Օրվա ընթացքում առավելագույն արագությունը դիտվում է կեսօրին, նվազագույնը՝ առավոտյան, իսկ լեռնահովտային շրջանառության վայրերում՝ երեկոյան և գիշերը (Երևան, Եղվարդ և այլն)։ Ուժեղ քամիներով օրերի թիվը Մեղրիում 1 է, Գյումրիում՝ 84, Սիսիանի լեռնանցքում՝ 134, և այլն։ Հիմնականում լինում են ձմռանը՝ մթնոլորտային ցուրտ ճակատների ու ցիկլոնների անցման ժամանակ, և ամռանը՝ լեռնահովտային շրջանառության ակտիվ զարգացման պայմաններում։

Օդի խոնավությունը և մթնոլորտային տեղումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի խոնավությունը բնութագրվում է բացարձակ և հարաբերական խոնավություններով, ջրի գոլորշիների առաձգականությամբ, խոնավության պակասորդով, հագեցման առաձգականությամբ, տեսակարար խոնավությամբ, ցողի կետով։ Բացարձակ խոնավության բարձր արժեքները դիտվում են ամռանը, ՀՀ հյուսիս-արևելքում՝ հուլիսին՝ հասնելով 16-17 միլիբարի, իսկ նվազագույնը՝ հունվարին, բարձր լեռնային գոտում՝ մոտ 2 միլիբարի։ Հարաբերական խոնավությունը տարվա տաք կեսին նվազում է՝ օգոստոս-սեպտեմբերին հասնելով նվազագույնի (32-45 %)։ Առավելագույնը դիտվում է ձմռանը բարձրլեռնային գոտում (80-90 %)։ Խոնավության պակասուրդի նվազագույնը լինում է ձմռանը՝ 1,5 միլիբար, առավելագույնը՝ ամռանը՝ 22,6 միլիբար։ Ջրի գոլորշիների առաձգականության նվազագույն արժեքները ՀՀ-ում դիտվում են հունվար-փետրվարին, առավելագույնը՝ հուլիս-օգոստոսին։ Հյուսիս-արևելքում և Լոռի-Փամբակում ջրի գոլորշիների առաձգականությունը հունվարին 3,5-4,5 միլիբբար է, հուլիսին՝ 16-17 միլիբար, Շիրակում, Սևանա լճի ավազանում, Զանգեզուրում՝ համապատասխանաբար՝ 2,5-3 և 11,5-13 միլիբար, Արարատյան դաշտում՝ 3,5-4 և 13,5-15,5 միլիբար, Արագածում՝ 1,9 և 7,4 միլիբար։ Լեռնային ռելիեֆով և դրա ձևերի դիրքադրությամբ է պայմանավորված տեղի օդային ջերմափոխանակությունը (կոնվեկցիա), որի հետևանքով հողմահայաց լեռնալանջերին մթնոլորտային տեղումները շատ են, փակ գոգավորություններում ու սարահարթերում՝ ավելի քիչ։ Տարեկան մթնոլորտային տեղումների միջին նվազագույն քանակը (200-250 մմ) լինում է Արարատյան գոգավորության և Մեղրիի շրջանի՝ մինչև 1000 մ բարձրություններում, մյուս շրջաններում՝ նույն բարձրություններում՝ 500-600 մմ, Արարատյան գոգավորության նախալեռներում և Շիրակում՝ մինչև 1500 մ բարձրություններում՝ 400-450 մմ, մյուս շրջաններում՝ 600-650 մմ, Սևանա լճի ափերին և Շիրակում՝ 1500-2000 մ բարձրություններում՝ 400-500 մմ, մյուս շրջաններում՝ 500-700 մմ, առավելագույնը բարձրլեռնային գոտում՝ 990-1065 մմ։ ՀՀ-ում տարվա ընթացքում նկատվում են մթնոլորտային տեղումների 2 բարձր արժեքներ, հիմնականը՝ գարնան ամիսներին, հատկապես՝ ապրիլի վերջին կամ մայիսին, իսկ 2-րդը (ավելի թույլ)՝ հոկտեմբերին։ Մթնոլորտային տեղումների 1-ին ամենացածր արժեքը նկատվում է օգոստոսին կամ սեպտեմբերի սկզբին, իսկ 2-րդը, որն արտահայտված է ոչ այնքան ցայտուն՝ ձմռան ամիսներին։ Մթնոլորտային տեղումների առավելագույն քանակը ՀՀ-ում պայմանավորված է մթնոլորտային ճակատների անցման հաճախության մեծացումով և կոնվեկտիվ հոսանքների ուժեղացումով, նվազագույնը՝ հարավից եկող տաք օդային զանգվածների մեծացմամբ։ Ըստ բարձրության՝ ավելանում է մթնոլորտային տեղումներով օրերի թիվը. Արարատյան դաշտում՝ 80, Թալինում՝ 113, Գառնահովտում՝ 130, Ապարանում և Սևանում՝ 136, Արագածում՝ 179 օր։ Ձնածածկույթի հաստությունը ցածրադիր վայրերում 10- 20 սմ է, բարձրադիրում՝ ավելի քան 2 մետր, ձնածածկույթով օրերի թիվը՝ համապատասխանաբար՝ 70 և 270 օր։ Ամռանը տեղ-տեղ պահպանվում են ձյան մշտական բծեր, Արագածի վրա՝ նաև փոքր սառցադաշտեր։ ՀՀ տարածքում բավականաչափ զգալի են մառախուղը, ձնաբուքը, ամպրոպը, կարկուտը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։