Հայաստանի տնտեսության արտաքին հատված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրի տնտեսության կարևոր ցուցանիշներից է միջազգային շուկայում նրա մասնակցության աստիճանը։ Հայաստանի տնտեսության ներկա փուլում առաջնային է դարձել պետության արտաքին տնտեսական նպատակամետ քաղաքականությունը, որի խնդիրը ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումն է, արտաքին առևտրի ծավալների խթանումը։ Անկախացումից հետո Հայաստանը համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ առևտրատնտեսական կապերի, փոխադարձ տնտեսական հարաբերությունների զարգացման, եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, փոխշահավետ տնտեսական համագործակցության խթանման նպատակով։

Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար կարևոր էր հատկապես Հայաստանի անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որի լիիրավ անդամ է 2003 թվականի փետրվարից։ ԱՀԿ անդամակցության շնորհիվ զգալիորեն աճել են օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալները, ընդունվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի օրենքը (1994), որով ՕՈՒՆ-ի նկատմամբ Հայաստանը իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն։ Հայաստանի անկախացումից հետո արտաքին ապրանքաշրջանառության ծավալի աճ գրանցվել է 1994 թվականից՝ աշխարհի ավելի քան 90 երկրների հետ հաստատած տնտեսական կապերի շնորհիվ։ Սակայն Հայաստանի և նման երկրների համար արտաքին առևտրային գործառնությունների հաշվեմնացորդը, որպես կանոն, տարիներ շարունակ բացասական է։ Հայաստանի բաժինը համաշխարհային առևտրում շատ փոքր է (0,00003 %-ը)։ Այդուհանդերձ, հանրապետության արտաքին առևտուրն ինչպես տարածաշրջանային, այնպես Էլ ապրանքային կառուցվածքով շատ խիստ կենտրոնացված է. գլխավոր 5 առևտրային գործընկերներին բաժին է ընկնում ողջ արտաքին առևտրի մոտ 80 %-ը։ Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը 2007-2010 թվականներին ներկայացված է աղյուսակում։ 2003-2005 թվականներին Հայաստանից ԵՄ արտահանման ծավալն աճել է 75,2 %-ով, ԵՄ-ից Հայաստան ներմուծման ծավալը՝ 53,7 %-ով։ 2011 թվականին Հայաստանի և ԵՄ-ի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1608,2 միլիոն դոլար, որից արտահանումը՝ 607,4 մլն, ներմուծումը՝ 1000,8 մլն։

Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության բաղկացուցիչ մաս, մասնակցում է նաև կապիտալի միջազգային միգրացիայի գործընթացներին՝ բացառապես որպես կապիտալ ներմուծող երկիր՝ հիմնականում ՕՈՒՆ-ի տեսքով, որոնք հնարավորություն են տալիս ներգրավելու լրացուցիչ միջոցներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և կառավարման առաջավոր փորձ, ստեղծվում են նոր աշխատատեղեր, զարգանում են արտաքին տնտեսական կապերը։ Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի նաև փոխատվական կապիտալի ներգրավումը։

Սեփական միջոցների սահմանափակության պայմաններում միջազգային վարկերի ներգրավումը Հայաստանի համար խիստ կարևորվում է հատկապես տնտեսական բարեփոխումների իրականացման և տնտեսության արդիականացման պայմաններում։ Կապիտալի միջազգային միգրացիայի գործընթացներին Հայաստանի մասնակցությունը գնահատվում է Հայաստանի միջազգային ներդրումային դիրքով (ՄՆԴ), որը մինչև օրս մշտապես բացասական է։ 2000 թվականի համեմատությամբ՝ Հայաստանի ՄՆԴ-ն աճել է շուրջ 3 անգամ՝ 2009 թվականի դեկտեմբերի վերջին կազմելով -4059,08 միլիոն դոլար։

Ակտիվները կազմել են 4199 միլիոն դոլար, պարտավորությունները՝ 8258,07 միլիոն դոլար։ Այդ աճը պայմանավորված է հիմնականում արտասահմանյան պարտատոմսերում և պարտամուրհակներում ՀՀ ներդրումների ավելացմամբ։ Համաշխարհային տնտեսական հանրությանը ՀՀ-ի անդամակցությամբ պայմանավորված՝ խորացել է նաև ՀՀ-ից աշխատուժի արտագաղթը, միջպետական միգրացիայի գործընթացներում ՀՀ-ն վերածվել է աշխատուժի դոնոր երկրի (2002-2007 թվականներին ՀՀ արտաքին միգրացիոն հոսքերի 94 %-ը կազմել են աշխատանքային միգրանտները, որոնց մեջ վերջին շրջանում մեծացել է գյուղաբնակների մասնաբաժինը)՝ դրանից բխող սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքներով։ Արտագաղթածների մոտ 70 %-ը ՀՀ-ն լքել է 1992-1994 թվականներին։ 1995 թվականից հանրապետությունում նկատվել է միգրացիոն գործընթացների որոշակի կայունացում։ ՀՀ-ից արտագաղթածների 3/4-ը մեկնել է ԱՊՀ երկրներ, որի 80-85%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, մնացած 1/4-ի գրեթե կեսը՝ եվրոպական երկրներ, մոտ 40 %-ը՝ ԱՄՆ և այլն։ Այդ ամենի հետևանքով ՀՀ տնտեսությունն ավելի ու ավելի զգայուն է դառնում աշխատանքային միգրանտներին ընդունող երկրների տնտեսական և քաղաքական իրադրության փոփոխությունների նկատմամբ։

Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը 2008-2010 թվականներին (%)
Արտադրանք Ներմուծում Արտահանում
2008 2009 2010 2008 2009 2010
Ընդամենը 100 100 100 100 100 100
Կենդանիներ և կենդանական ծագման 0,9 2,2 2,3 2,8 2,9 2,7
Բուսական ծագման 2,1 2,8 1,5 5,3 6,0 5,7
Յուղեր և ճարպեր 0,0 0,0 0,0 1,2 1,6 1,3
Պատրաստի սննդի 15,9 14,0 12,6 7,9 8,0 8,2
Հանքահումքային 16,3 20,5 29,5 15,0 16,3 17,8
Քիմիական արտադրություն 1,5 0,9 0,9 6,1 7,6 7,3
Պլաստմասսա, կաուչուկ, ռետին 1,8 1,4 1,5 4,2 3,9 4,0
Կաշի և կաշվե իրեր 0,3 0,3 0,2 0,2 0,2 0,2
Փայտ և փայտե իրեր 0,1 0,1 0,1 1,6 1,5 1,5
Թուղթ և թղթե իրեր 0,2 0,2 0,1 1,8 2,0 1,8
Մանածագործական 3,8 2,1 0,6 3,5 2,8 3,3
Կոշկեղեն, հովանոցներ, գլխարկ 0,1 0,1 0,1 0,7 0,7 0,9
Իրեր քարից, գիպսից, ցեմանետից 1,3 1,9 1,5 2,6 2,2 2,2
Թանկարժեք քարեր և մետաղներ 16,4 14,8 12,9 6,9 3,2 4,2
Ոչ թանկարժեք մետաղներ և իրեր 32,8 32,5 31,9 9,5 11,3 9,8
Մեքենաներ և սարքավորումներ 3,8 3,0 2,9 14,6 18,9 17,4
Տրանսպորտային միջոցներ 0,6 1,8 0,5 13,0 7,3 7,9
Սարքեր, ապարատներ 1,7 1,1 0,7 1,3 1,6 1,9
Արդյունաբերական տարբեր արտադրանքներ 0,1 0,2 0,2 1,9 1,9 1,9
Արվեստի գործեր, հնաոճ իրեր 0,1 0,1 0,1 0,0 0,0 0,0

Վճարային հաշվեկշիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում տնտեսական հոսքեր հանրապետություն և հանրապետությունից դուրս, որոնք արտահայտվում են վճարային հաշվեկշռում։ Վերջինս բաղկացած է 2 հիմնական բաժիններից՝ ընթացիկ հաշվից (ցույց է տալիս ներմուծումը, արտահանումը, տրանսֆերտները և գործոնային եկամուտները) և կապիտալի ու ֆինանսական հաշվից (կապիտալի ներհոսքը և արտահոսքը)։ Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր է ընդհանուր հաշվի պակասուրդը (դեֆիցիտ) ՀՆԱ-ի նկատմամբ։ 2000 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 14,6 %-ը, 2007 թվականին նվազել է մինչև 6,4 %-ի։ Սակայն 2008 թվականին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, կրճատվել են ՀՀ ներհոսող տրանսֆերտներն ու գործոնային եկամուտները, կրճատվել է ՀՀ ապրանքների արտաքին պահանջարկը, որի հետևանքով պակասուրդն աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով ՀՆԱ-ի 12,3 %-ը։ 2009 թվականին նույնպես արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է (26,5 %-ով), արտահանումը նվազել է 32,7 %-ով (748,9 միլիոն դոլար), ներմուծումը՝ 25 %-ով (2,830,1 միլիոն դոլար), ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 1369,49 միլիոն դոլար, որը ՀՆԱ-ի 16 %-ն է։ 2010 թվականին այդ ցուցանիշը նվազել է 69,42 միլիոն դոլարով, և պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 14%-ը։

Պետական պարտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարտքը երկրի (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին (պետական արժեթղթերի տերերին) պետության պարտքն է։ 1993 թվականին ՌԴ-ին է փոխանցվել 1991 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախկին ԽՍՀՄ արտաքին պետական պարտքում և ակտիվներում ՀՀ-ի մասնաբաժինը, որի արդյունքում անկախության ձեռքբերման պահին Հայաստանի արտաքին պետական պարտքը եղել է զրոյական։ Սակայն ՀՀ-ն ժառանգել է «Խնայբանկի» հայաստանյան ավանդատուների նկատմամբ պարտավորությունները և ճանաչել այն որպես ՀՀ ներքին պետական պարտք։ Ներքին պարտքի կառուցվածքում են նաև պետական ու խնայող, պարտատոմսերը, ներգրավված վարկերը և այլն։

Հայաստանի արտաքին պետական պարտքը ձևավորվել է 1992 թվականից։ Առաջին վարկատուն ԵՄ-ն էր, հետագայում վարկեր են ներգրավվել ՌԴ-ից, Համաշխարհային բանկից (ՀԲ) և այլն։ Ներկայումս Հայաստանի արտաքին վարկատուների քանակը գերազանցում է մեկ տասնյակը, իսկ արտաքին պետական պարտքի կառուցվածքում իրենց վարկերի մասնաբաժիններով խոշորներն են ՀԲ-ն (մոտ 43 %), ՌԴ-ն (20 %), Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ճապոնիան, Գերմանիան և այլն։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը մոտ 3,3 միլիարդ դոլար էր, որը ՀՆԱ-ի մոտ 39 %-ն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։