ՀՀ երիտասարդական կազմակերպություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորհրդային Հայաստանում երիտասարդության հիմնախնդիրները ներկայացնելու բացառիկ լիազորություններ տրվել էր կոմերիտմիությանը, որը, ի վերջո, վերածվել է երիտասարդության կոմունիստական դաստիարակության գաղափարական օժանդակ գործիքի։ Երիտասարդության հարցերին առնչվող օրենսդրական ակտերը, որոնք կիրարկման առումով հիմնականում ձևական բնույթ ունեին, ընդունվում էին ԽՄԿԿ և ՀամԼԿԵՄ ղեկավարության համատեղ որոշումներով։

Արցախյան շարժումը և Երիտասարդական կազմակերպությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժման շնորհիվ հայ երիտասարդությունը յուրօրինակ զարթոնք է ապրել։ Շատերը մասնակցել են ֆիդայական շարժմանը, ընդգրկվել ԵԿՄ շարքերը, կռվել Արցախում և Ադրբեջանին սահմանամերձ գոտում։ 1988 թ.-ից երիտասարդության քաղաքականապես ակտիվ շերտը մասնակցել է անկախացման շարժմանը և ներգրավվել տարբեր կուսակցություններում, ընդգրկվել կուսակցությունների երիտասարդական կառույցներում, ապա նաև պետական ու քաղաքական մարմիններում։

Հետագա գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թ.-ին ստեղծվել է Հայ ուսանողների խորհուրդը, որի առաջին հաջողությունը պետական կրթաթոշակների բարձրացումն էր։ Դրանից 1 տարի անց կազմավորվել են ներբուհական ինքնակառավարման մարմիններ՝ ուսխորհուրդներ, արհմիություններ և այլն։ 1995 թ.-ի գարնանը Միջազգային երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ հրավիրվել է Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների 1-ին համագումարը, որը ձևավորել է համադաշնություն և պաշտոնապես գրանցվել 1996 թ.-ի ապրիլին։ Վերջինիս գլխավոր խնդիրը երիտասարդության ընդհանուր պահանջների համակարգումն էր ու երիտասարդական պետական քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը։ 1997 թ.-ին շուրջ 30 կազմակերպությունների միավորմամբ ստեղծվել է Հայաստանի երիտասարդական ազգային խորհուրդը (ՀԵԱԽ), որին հետագայում անդամակցել են նոր կազմակերպություններ, ուսխորհուրդներ և կուսակցությունների երիտասարդական կառույցներ։ ՀՀ Կառավարությունում ստեղծվել է երիտասարդության հարցերով վարչություն։

1998 թ. ընդունվել է ՀՀ «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը»։ Այն ունի ռազմավարական նշանակություն և ՀՀ-ի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացումն ապահովելու նպատակով կոչված է ստեղծելու իրավական, տնտեսական և կազմակերպչական պայմաններ ու երաշխիքներ՝ ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվության գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար։

Կազմակերպության հաջողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը համակարգում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Կարևոր են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի 250 բնակարան» պետական նպատակային ծրագիրը (ՀՀ նախագահի հովանավորությամբ), ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, «Մշակույթների երկխոսություն» երիտասարդական միասնական փառատոների կազմակերպումը, երիտասարդների գիտատեխնիկական և ԳՀ նախագծերի ամենամյա մրցույթները, միջազգային երիտասարդական համագործակության զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ։ 1999-ի խորհրդարանական ընտրություններում ՀԵԱԽ-ի ղեկավար մարմնի 3 ներկայացուցիչ ընտրվել է ՀՀ Աժ-ի պատգամավոր։ Կազմակերպության տարբեր հանձնաժողովներ մշակել և իրականացրել են մի շարք հայանպաստ ծրագրեր՝ ռազմահայրենասիրական, սոցիալ-մշակութային, առողջապահական իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում։ ՀԵԱԽ-ն 1998 թվականից քայլեր է ձեռնարկել եվրոպական կարևորագույն կառույցների հետ կապեր հաստատելու և համագործակցելու ուղղությամբ։ 2000 թ.-ին այն դարձել է Եվրոպական երիտասարդական ֆորումի թեկնածու, 2002 թվականից՝ լիիրավ անդամ։ Մասնակցել է եվրոպական տարածաշրջանային ծրագրերի մշակման խորհրդաժողովներին, սեմինար-քննարկումներին, ներկայացրել հայոց ազգային շահերը։ Խորհուրդը 2005 թվականից անդամակցում է Արևելյան Եվրոպայի երիտասարդական համագործակցությանը։

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցել է ավելի քան 8 հազար երիտասարդ՝ ՀՀ-ից, ԼՂՀ-ից, Ջավախքից և Սփյուռքից, հիմնադրվել է «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը», որը 2010 թ.-ին ՀՀ նախագահի որոշումով վերանվանվել է «Համահայկական երիտասարդական հիմնադրամի» և շարունակել նրա ծրագրերը՝ ավելի ընդլայնելով գործառույթների շրջանակներն ու գործունեության աշխարհագրությունը։ Այդ հիմնադրամի կազմում է «Բազե» ակումբը, որի նպատակը երիտասարդների ներուժը երիտասարդության հիմնախնդիրների լուծմանն ուղղելն է, նրանց մասնագիտական աճին նպաստելը, երիտասարդների ակտիվ հանգիստը կազմակերպելը։ Ավանդույթի համաձայն՝ «Բազեի» հավաքների բացման կամ փակման արարողություններին մասնակցում են ՀՀ և Աժ-ի նախագահները, վարչապետը, պաշտոնատար այլ անձինք։

Երիտասարդական այլ կառույցները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահ՝ վարչապետ Տիգրան Սարգսյան

2009 թ.-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետին առընթեր ստեղծվել է ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ (նախագահ՝ վարչապետ Տիգրան Սարգսյան, փոխնախագահ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյան), որի կազմում ընդգրկվել են երիտասարդության խնդիրներին առնչվող պետական մարմինների և ազգային երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածի հավասար թվով ներկայացուցիչներ։ 2004-ին ՀՀ Աժ-ի գիտության, կրթության և երիտասարդական հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ ձևավորվել է Երիտասարդական խորհրդարան, որի հիմնական խնդիրը երիտասարդներին օրինաստեղծ աշխատանքներին մասնակից դարձնելն է, երիտասարդ առաջնորդների ձևավորմանն օգնելը։ Այդ կառույցը մասնակցում է երիտասարդության վերաբերյալ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկմանը ու կարող է դրանց վերաբերյալ եզրակացություն տալ Ազգային Ժողովի-իանձնաժողովին։ 2010-ին ստեղծվել է Հայաստանի երիտասարդական կառավարություն, որը նույնպես հետամտում է երիտասարդ առաջնորդներին ի հայտ բերելու, նրանց մեջ վերլուծական աշխատանքի, առաջարկների հստակ ձևակերպման և դրանց լուծման ուղիների փնտրման հմտությունների զարգացման նպատակ։ 2011-ի օգոստոսին Ծաղկաձորում հրավիրվել է ՀՀ-ի և ԱՊՀ անդամ մյուս երկրների ավելի քան 1000 երիտասարդների հավաք, որտեղ քննարկվել են երիտասարդների համագործակցության, երիտասարդ քաղաքական գործիչների և ԱՊՀ դիտորդների պատրաստման, սոցիալական ցանցերի և երիտասարդական քաղաքականության այլ հարցեր։

Երիտասարդական կառույցներն այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական կառույցներ ունեն ՀՀ բոլոր առաջատար կուսակցությունները, ձևավորված ավանդույթներ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունը և այլն։ Ներկայումս ՀՀ-ում գրանցված են շուրջ 250 երիտասարդական կազմակերպություններ, բուհերում գործում են ուսխորհուրդներ, պետական մի քանի կառույցներ զբաղվում են երիտասարդության հիմնախնդիրներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։